«Վերջին երեք ամսվա ընթացքում ես նամակներ էի ուղարկում Քննչական կոմիտե, և իմ նամակներին պատասխանում էր ոմն Ժամկոչյանը։ Ես կարծում եմ, որ էթիկապես ճիշտ չէ, երբ պատգամավորն ուժային կառույցի ղեկավարին նամակ է գրում և նամակին պատասխանում է վարչության պետ, պետի տեղակալ։ Պարոն Պողոսյան, երկրագունդը կլոր է, և հիմա այդ հարցերը ես ձեզ ուղիղ տալու հնարավորություն ունեմ։ Երեք ամիս շարունակ ձեզ մի պարզ հարց եմ տվել․ մի քանի տասնյակ ընկերություններ կապարակնքվել են, ձեզանից խնդրել եմ իրավական հիմք ներկայացնել կապարակնքումների վերաբերյալ։ Այս կապարակնքումները երբ են վերացվելու»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Ի պատասխան Արթուր Պողոսյանն ասաց, որ առանձին դեպքերի չի ուզում անդրադառնալ, ընթացակարգերի մասին է խոսում։
«Երբ քննիչն անհետաձգելի քննչական գործողություններ է կատարում, հետագայում խուզարկություններ է կատարում, հատկապես եթե խոսքը վերաբերում է տնտեսական բնույթի հանցագործություններին։ Դրա արդյունքում անհրաժեշտություն է առաջանում որոշակի կազմակերպություններում գույքագրման աշխատանքներ իրականացնելու։ Եթե դա քննիչը ճանաչում է իրեղեն ապացույց, Քրեադատավարական օրենքում հստակ դրույթ կա, անհրաժեշտության դեպքում նաև կնիքվում է։ Երբ գույքագրման աշխատանքներն ավարտվում են, դրանից հետո մենք վերացնում ենք այդ ժամանակավոր սահմանափակումները»,- ասաց Արթուր Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































