Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Վարչապետի ելույթն եք ակնարկո՞ւմ՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ․ իմ կարծիքով՝ այդտեղ որևէ բան չկա»․ ՔԿ նախագահ

Նոյեմբեր 03,2026 16:29 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գագիկ Ծառուկյանի կալանավորումից հետո նրա ընտանիքի անդամներից մեկի վերաբերյալ Քննչական կոմիտեն մի հայտարարություն էր տարածել։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ հայտարարությունը, որ կարդացել եք, ձեր մասնագիտական և տղամարդկային արժանապատվությունը նվաստացած չեք համարո՞ւմ։ Ո՞նց եք թույլ տվել, որ Քննչական կոմիտեի անունից նման հաղորդագրություն ընդհանրապես տարածվի։ Դուք պետք է իսկապես պատասխան տաք՝ մարդու անձնական կյանքի մեջ մտնելու, տարածելու համար, հատկապես, որ տվյալ դրվագն ընդհանրապես ապացուցված էլ չէ»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նաև հարցրեց ՔԿ նախագահին․ «Եթե ՀՀ մի քաղաքացի մյուս քաղաքացուն ասում է՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ, դա քրեական հանցակազմ իր մեջ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ»։

Արթուր Պողոսյանն ի պատասխան ասաց․ «Եթե այս երկրում կգտնվի մի իրավաբան, որը ձեր՝ սատկացնելու եմ, կզացնելու եմ հարցից հետո կասի, որ այստեղ հանցակազմ կա կամ չկա, ուրեմն ինքն իրավաբան չէ։ Երբ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, մենք քննարկում ենք տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը։ Սրանք վճռորոշ հատկանիշներ են, օրինակ, ծնողը նույն բառերը կարող է իր երեխայի հասցեին ասել։ Ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ակնարկում, իմ կարծիքով՝ այդտեղ որևէ բան չկա։ Վարչապետի ելույթն եք ակնարկում, չէ՞, ինչ կա այդտեղ։ Իմ կարծիքով չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Գրիգորյանն ասաց, որ քաղաքացիներից մեկն էլ Ֆեյսբուքում նման գրառում էր արել․ «Նիկոլ, քեզ ու ուսապարկերիդ սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»։ «Բայց պարզվեց՝ իր բախտը չբերեց՝ Քննչական կոմիտեն այս դեպքում հանցակազմ գտել է։ Ինչպե՞ս է ստացվում, որ դուք այստեղ հանցակազմ տեսնում եք, բայց մյուս դեպքում չեք տեսնում»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։

«Ես օրինակ բերեցի՝ մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները։ Ըստ այդմ` գնահատում ենք՝ այդ արտահայտությունն այդ իրավիճակում ու պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքում ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»,- արձագանքեց Արթուր Պողոսյանը։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամի վերաբերյալ հաղորդագրությանը՝ ՔԿ նախագահն ասաց․ «Դուք ասում եք՝ ո՞նց եք թույլ տվել, որ այդպիսի հաղորդագրություն տարածվի։ Ցանկացած գործով շարժառիթը պարտադիր հատկանիշ է, ապացուցման առարկաներից ամենակարևորն է։ Այսինքն՝ մենք պարտավոր ենք շարժառիթը ներկայացնել հանրությանը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել