Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՀԵԼՆԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ԵՌՈՒՄ Է

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"ՀԱԿ երիտթեւը որոշել է նպաստել երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանն ու իր հասակակիցներին ակտիվության կոչ է անում:

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւը, որ, թերեւս, ի տարբերություն տարիներ շարունակ քաղաքականությամբ զբաղվող ու գրեթե «երկաթի պես կոփված» իր ավագ ընկերների, ավելի ռոմանտիկ է ու պատրաստ հանուն իր գաղափարների ամենախելահեղ ու խիզախ քայլերի դիմել՝ չկոտրվելով նույնիսկ ինստիտուտներից վտարվելու, բանտերում կամ քրեական գործով ամբաստանվողի կարգավիճակում հայտնվելու փաստերից, հիմա էլ որոշել է իր մասնաբաժինն ունենալ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում: ՀՀ մարզեր այցելությունների նախաձեռնությունը, ըստ էության, հենց այդ ցանկությամբ բացատրեց Կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչ, բազմաթիվ շինծու քրգործերով որպես մեղադրյալ անցած Սարգիս Գեւորգյանը:

Օգոստոսի 27-ից երիտասարդ կոնգրեսականներն իրենց նախաձեռնությամբ այցելում են մարզեր՝ իրենց հասակակիցների հետ հանդիպելու, զրուցելու, վերջիններիս մայրաքաղաքում առկա շարժումներին ու տեղի ունեցող միջոցառումներին ակտիվ մասնակից դարձնելու նպատակով: «Մենք մտածեցինք, որ հիմա մարզերում Կոնգրեսի երիտասարդ համակիրների հետ հանդիպելու, զրուցելու, նրանց Երեւանում տեղի ունեցողի մասին տեղեկություններ տալու պահն է: Մարզերում երիտասարդները քիչ են տեղեկացված: Մի խոսքով, մենք՝ երիտասարդներս, որոշել ենք ինքնատիպ ակտիվություն դրսեւորել, որպեսզի մարզերում մեր համակիր երիտասարդները երկրում տեղի ունեցող պրոցեսներում՝ կլինեն դրանք հանրահավաքներ, թե այլ ակցիաներ, ներգրավված լինեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Գեւորգյանը: Նա միաժամանակ շեշտեց, թե՝ «ասել, որ մենք ունենք հստակ մշակված ծրագիր՝ ճիշտ չի լինի: Ուղղակի մենք փորձում ենք համախմբել Կոնգրեսի համակիր երիտասարդներին, որոնք մինչեւ հիմա ակտիվություն չեն դրսեւորել տարբեր՝ տեղեկատվության բացակայության կամ անբավարարության, նախաձեռնողականության պակասի եւ այլ պատճառներով»: ՀԱԿ երիտթեւը կարծում է, որ եթե իր համակիր երիտասարդներն ավելի ակտիվ լինեն, թեկուզ ընդդիմության առաջիկա հանրահավաքի իրազեկումն ու հետագայում երիտթեւի նախաձեռնած ակցիաներն էլ առավելագույնս արդյունավետ կլինեն: Երիտթեւն արդեն հասցրել է լինել Շիրակի մարզում՝ Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում: Ինչո՞ւ նախաձեռնությունը մեկնարկեց հենց այդ քաղաքներից: Ս. Գեւորգյանի ասելով՝ որովհետեւ «նախ, այնտեղ մեր համակիրները շատ են: Տեղում մեր պատասխանատուներն էլ ասացին, որ այնտեղ երիտասարդները մեզ հանդիպելու, հարցեր տալու, փորձի փոխանակման կարիք ունեն, ու մենք որոշեցինք հենց այնտեղից էլ սկսել: Բայց որոշել ենք սկզբնական շրջանում գնալ այն բնակավայրերը, որտեղ երիտասարդների մոտ իսկապես տեղեկատվության պակաս կա: Տեղերում մեր պատասխանատուներն էլ անկեղծորեն խոստովանում են, որ թեեւ ակտիվ երիտասարդների ռեսուրս կա, բայց տեղեկատվության պակասը մեծ է: Նաեւ այդ պատճառով է, որ նրանք մինչ օրս ոչ մի նախաձեռնության, ակցիայի չեն մասնակցել, բայց եթե բավարար տեղեկացված լինեն մայրաքաղաքում կատարվողի մասին՝ անպայման մեզ կմիանան»:

Մարալիկում եւ Գյումրիում տեղի ունեցած հանդիպումներից Ս. Գեւորգյանն այսպիսի տպավորություն է ստացել. «Այնտեղ սոցիալական եւ քաղաքական խնդիրներ չքննարկվեցին, որովհետեւ բոլորն էլ գիտեին, թե ինչ է կատարվում, մեր երկրի խնդիրներն ու վտանգները որոնք են: Այնտեղ քննարկվեց մեր իրավունքների համար հնարավորինս համախմբված գործելու անհրաժեշտության հարցը: Մեր համակիրները կիսում էին այն կարծիքը, որ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար պետք է Հայաստանի ողջ տարածքում մոտ ապագայում կարողանանք երիտասարդներին համախմբել»: Երիտասարդ կոնգրեսականի դիտարկմամբ, իրենց հասակակիցները ժամանակին չեն կարողանում կողմնորոշվել, թե այս կամ այն խնդիրը լուծելու ուղղությամբ ինչ քայլեր կարելի է անել, կամ տեղյակ չեն, թե դրանց առնչությամբ ինչ քայլեր են անում մայրաքաղաքի երիտասարդ ընդդիմադիրները. «Մենք նրանց խոստացանք, որ սրանից հետո իրենք անպայման տեղյակ կպահվեն դրա մասին: Բացի այդ, նրանք այնքան էլ չէին պատկերացնում, թե երիտասարդությունն ինչ նշանակություն ունի երկրում տեղի ունեցող գործընթացներում: Երբ բացատրեցինք՝ արդյունքը 100 տոկոսանոց էր. բոլորը միաձայն համագործակցության պատրաստակամություն հայտնեցին»:

Ս. Գեւորգյանն ասաց, որ թեեւ Շիրակի մարզում հանդիպումներին ՀԱԿ-ին չանդամակցող կուսակցությունների երիտասարդներ չեն մասնակցել. «Անհատներ, որոնք առաջին անգամ էին գալիս ՀԱԿ գրասենյակ կամ շփվում մեզ հետ՝ կային: Հանդիպման ավարտին մեր համակիրները պատրաստակամություն հայտնեցին թե՛ իրենց, թե՛ հարեւան բնակավայրերում արագ արձագանքել մայրաքաղաքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության ու ընդդիմության գործողություններին: Դրանով ե՛ւ ՀԱԿ-ի շրջանակներն ընդգրկուն կդառնան, ե՛ւ դրա հետ մեկտեղ՝ մայրաքաղաքի միջոցառումների առավելագույն մասնակցություն կապահովվի»:

Թե որտեղ է լինելու ՀԱԿ երիտթեւի հաջորդ այցը՝ դեռ որոշված չէ: «Մենք հիմա զբաղված ենք սեպտեմբերի 17-ի հանրահավաքի մասին իրազեկման գործերով, բայց դրանից անմիջապես հետո ոչ միայն մարզեր, այլեւ Երեւանի համայնքներ այցեր անպայման կլինեն, որովհետեւ դրանք միայն հանրահավաքներով չեն պայմանավորված: Ուղղակի մենք հասկանում ենք, որ եթե երիտասարդներս ակտիվանանք, մեր գործողություններն էլ ակտիվ ու արդյունավետ կլինեն»,- ասաց Սարգիս Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել