Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում տեղային պատերազմի սպառնալիքը մեծացել է»

Սեպտեմբեր 08,2010 00:00

Կարծում է Արմեն Աղայանը

\"\"«Ո՛չ ռուսական ռազմակայանի գործունեության ժամկետի երկարաձգումը, ո՛չ էլ Հայաստանի անվտանգությունը ապահովելու ՌԴ՝ այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունը չի ավելացնում Հայաստանի, առավել եւս՝ Արցախի անվտանգությունը»,- «Առավոտի»՝ Հայաստանում ռուսական ռազմաբազաների երկարաձգումը իշխանությունները համարում են Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական նկրտումները զսպելու գրավական, սակայն վերջին օրերին էլ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է դիվերսիան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում. ինչի՞ կբերի այս ամենը հարցին ի պատասխան՝ ասաց «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը: Ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանի համար Արցախը, գոնե ձեւականորեն, ՀՀ տարածքը չէ, եւ հետեւաբար՝ ինչ պարտավորություն էլ որ Ռուսաստանը ստանձնի Հայաստանի վերաբերյալ, Արցախին չի վերաբերելու: Ապա՝ Ռուսաստանը, որպես միջնորդ, որպես տարածաշրջանային հովանավորի դերին հավակնող պետություն, հայ-ադրբեջանական հարաբերություններում կողմնապահություն չի կարող դրսեւորել եւ չի դրսեւորելու: «Փաստորեն, այսօր Ռուսաստանը տարբեր գործողություններով փորձում է բացառել հայ-ադրբեջանական մեծ պատերազմը, Բաքվի եւ Երեւանի ռմբակոծությունը: Սակայն Արցախում տեղային պատերազմի սպառնալիքը ոչ միայն չի պակասել, այլեւ վերջին շրջանում կտրուկ ավելացել է: Նման պատերազմի կանխարգելմանն ուղղված հատուկ քայլեր Ռուսաստանը, կարծես, չի կատարում, եթե, իհարկե, այդպիսի քայլ չհամարենք սովորական զենքի եւ ռազմամթերքի պլանային մատակարարումները՝ պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն, երբեմն էլ անբավարար ծավալներով: Ի դեպ, որոշ համատեքստում այդ մատակարարումների ծավալի աճը կարող է մեկնաբանվել որպես Ռուսաստանի կողմից հայ-ադրբեջանական պատերազմի նախապատրաստություն, այլ ոչ թե կանխարգելում»,- եզրակացնում է քաղաքագետը:

Արմեն Աղայանի կարծիքով՝ ռուսական ռազմական ներկայությունը որոշ դրական նշանակություն ունի Թուրքիայի միջամտությունը զսպելու հարցում, սակայն այն չպետք է գերագնահատել. «Հայաստանում առկա ռուսական զինուժը չի կարող դիմակայել մեր սահմանի երկայնքով տեղակայված թուրքական դաշտային բանակին, որն ունի ավելի քան 600 ժամանակակից տանկ եւ շուրջ 700 այլ զրահատեխնիկա՝ գումարած շուրջ 500 միավոր օդուժը: Միաժամանակ, Ցեղասպանության մեջ մեղադրվող Թուրքիային (Հայաստանի վրա հարձակվելու համար) անչափ լուրջ առիթ է անհրաժեշտ, որը նրան «բարոյական իրավունք» կտա այդ ծայրահեղ քայլին դիմելու: Քանի դեռ նման առիթ չկա, նա չի կարող գործել, իսկ երբ այն հայտնվի, Ռուսաստանը մեզ ոչ միայն չի կարողանա, այլեւ չի ուզի պաշտպանել»: Բայց որքան էլ մենք ռուսներին չհավատալու եւ դժգոհելու առիթ ունենանք, մեր զրուցակիցը գտնում է, որ մեր հարցերի լուծումը մեզանում պետք է փնտրենք: Իսկ իրավիճակը սրող գլխավոր հանգամանքն, ըստ նրա, Ռուսաստանը չէ, այլ տեւական բանակցային փակուղին, որը Բաքվին կանգնեցրել է երկընտրանքի առջեւ. «Բանակցությունների ընթացքում պաշտոնական Երեւանը կարծես պատրաստ էր զիջելու, սակայն ադրբեջանական սպասելիքները չեզոքացվեցին պարտվողական քայլերի դեմ Հայաստանում առկա ներքին, բավականին հզոր դիմադրությամբ: Որերորդ անգամ ստորագրման փուլին խիստ մոտեցած բանակցությունները նորից սառեցվում են: Միջազգային հանրությունը ոչինչ չի պատրաստվում պարտադրել Հայաստանին: Ադրբեջանին մնում է մտածել ռազմական՝ խոշոր հաշվով խիստ անկանխատեսելի տարբերակի մասին: Առայժմ Բաքուն պատրաստ չէ պատերազմին, առաջին հերթին՝ հոգեբանորեն, սակայն շատ մոտ է դրան, իսկ մինչ այդ փորձում է օգտագործել պատերազմի սպառնալիքը առանց պատերազմի իր հարցերը լուծելու համար: Հայաստանում իշխող վարչախումբն էլ վախենում է եւ ամեն կերպ փորձում է խուսափել պատերազմից կամ գոնե հետաձգել այն: Ցավոք, անվտանգությունը ամրացնելու փոխարեն, նա փորձում է շարունակել զիջումների շուրջ բանակցությունները եւ պատերազմի սպառնալիքը փորձում է օգտագործել ներքին քարոզչությունում՝ ստիպելու համար ժողովրդին համակերպվել որոշ միակողմանի տարածքային զիջումների հետ, ինչն էլ դառնում է պատերազմի հավանականությունը մեծացնող գլխավոր գործոնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել