Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի տուն՝ Արթիկում

Սեպտեմբեր 08,2010 00:00

\"\"Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մեկնել է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։ Մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ նա կենտրոնի հարակից տարածքում եղեւնի է տնկել։

Կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, դասասենյակները հնարավորություն կտան միջոցառումներն անցկացնել բարձր մակարդակով։ Դա խթան կհանդիսանա, որ Արթիկում բարձրանա նոր մշակութային ալիք։ Սա բխում է նաեւ համայնքների համաչափ զարգացման ծրագրից։ Մշակույթը Երեւանից պետք է տեղափոխվի նաեւ մարզեր»։

Արթիկի մշակույթի տան կառուցման աշխատանքներն իրականացվել են անվանի նկարիչ եւ քանդակագործ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված 550 քմ ընդհանուր մակերեսով մշակույթի տան առաջին հարկում գտնվում են հանդիսությունների սրահը, երկրորդ հարկում՝ կերպարվեստի եւ երաժշտական խմբակների դասարանները։

Ի դեպ, վարչապետի ելույթից ոչ մի խոսք չլսվեց՝ բարձրախոսի անսարքության պատճառով: Երբ շիրակցի լրագրողները նրանից փորձեցին պարզաբանումներ ստանալ մարզի բնակիչներին հուզող խնդիրների շուրջ, Տ. Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ դրա ժամանակը չէ: Այդուհանդերձ, Տիգրան Սարգսյանին չհաջողվեց Արթիկից արագ հեռանալ. բնակիչները, շրջափակելով նրան, հարցնում էին եւ գնաճից, եւ հացահատիկի ցածր բերքատվությունից, եւ փորձում դիմել անձնական խնդիրներով: Բողոք-նամակներ փոխանցողներն այնքան շատ էին, որ վարչապետի թիկնապահներից մեկը մյուսներին հանձնարարեց՝ «Տղեք, ուշադիր եղեք, էլ բան-ման չտան»:

Հ. Գ. Ըստ «Ա1+»-ի, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր մշակույթի տան բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող խմբի անդամները երեկ խոչընդոտել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկարահանող խմբի աշխատանքը, կոտրել միկրոֆոնն ու հենակալը՝ պատճառելով բարոյական ու նյութական վնաս: Այս առիթով «ԳԱԼԱ»-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, թե իրենց հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվել է ուղղորդված բացասական վերաբերմունք, սահմանափակվել է լրագրողի եւ օպերատորի տեղաշարժը: Տեղի ունեցած միջադեպից հետո «ԳԱԼԱ»-ի լրագրողից բանավոր ներողություն է խնդրել վարչապետի մամլո պատասխանատուն՝ ասելով, որ տեղի ունեցածը պատահականություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել