Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ՈՐՈՇԵԼ ՄԵՂՐԻ ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 08,2010 00:00

Տնային պայմաններում մեղրի համեմատաբար մաքուր լինելը կարելի է ստուգել մի քանի տարբերակով:

1. Եթե մեղրի մեջ գցած չոր լավաշի կտորը մի քանի ժամ հետո ավելի չորանա, այն մաքուր է: Եթե լավաշի կտորը փափկեց, ուրեմն մեղրը անարատ չէ, այլ պատրաստված է շաքարաջրից:

2. Թղթի վրա բարակ շերտով քսում են մեղր եւ թուղթը այրում ծայրից:

Եթե կրակը հասնում է մեղրի շերտին, մի փոքր այրվում եւ հանգչում, ուրեմն մեղրը մաքուր է:

Եթե կրակը չի հանգչում, ուրեմն մեղրը անարատ չէ:

3. Մեղրով լցված գդալը պահում են կրակի վրա: Եթե այն այրվեց կապույտ բոցով, ապա մաքուր չէ: Ածխանալու եւ չայրվելու դեպքում մեղրը մաքուր է:

4. Մեղրը լուծում են անանուխի թունդ լուծույթի մեջ: Եթե լուծույթի գույնը անմիջապես պղտորվեց, ապա մեղրը մաքուր է:

5. Ծորացող մեղրի մեջ ընկղմեք շաքարի կտոր: Եթե այն որոշակի ժամանակից հետո լուծվեց, քայքայվեց, ապա այն մաքուր չէ:

Անարատ մեղրի մեջ շաքարի կտորը մնում է անփոփոխ:

6. Եթե բյուրեղացած մեղրը մատներով տրորելիս յուղի բյուրեղների նման շուտ հալչում է, ապա այն մաքուր է:

7. Մեղրը կաթեցրեք բութ մատի եղունգին: Եթե կաթիլը կլոր գնդիկի նման մնաց եղունգի վրա, ապա այն անարատ է:

Եթե կաթիլը տափակեց, փռվեց ու թափվեց, ապա այն անարատ չէ:

8. Ասեղը մտցնում են ծորացող մեղրի մեջ ու հանում: Եթե ասեղից ծորացող մեղրը կտրվի որոշակի հեռավորությունից եւ ձգվի վերեւ, ապա այն մաքուր է: Իսկ եթե ընկնի առանց վեր ձգվելու՝ մաքուր չէ:

Այս բոլորը, իհարկե, բազմակի անգամ փորձված եւ ստուգված են գործնականում: Ընտրեք եւ օգտագործեք միայն բնական մեղր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել