Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի միակ սրբանկարչության դպրոցը

Սեպտեմբեր 17,2010 00:00

Ցուցահանդեսը՝ Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանում

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցասեր երիտասարդաց միության կրթադաստիարակչական կենտրոնում շուրջ 3 ամիս է՝ գործում է սրբանկարչության դպրոց: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը, սրբանկարչության այդ դպրոցն այժմ միակն է մայրաքաղաքում, մինչ այդ գործել է «Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը, որն այժմ լուծարված է: Կենտրոն այցելողները սրբանկարչության հմտություններ ստանալուց բացի, ծանոթանում են նաեւ հայ եկեղեցու դավանանքին ու վարդապետությանը, ուսումնասիրում քրիստոնեական սրբերի վարքը, գիտելիքներ ստանում եկեղեցու տոների, սրբարար խորհուրդների, կրոնական սովորությունների մասին: «Հայաստանյայց առաքելական եկեղեցին իր գործունեությունն առավել ակտիվ կերպով պետք է ծավալի, եւ սա այդ քայլերից մեկն է»,- վստահ է կենտրոնի տնօրենը: Օրերս Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանում բացվեց սրբանկարչության դպրոցի սաների առաջին ցուցահանդեսը: 46 աշխատանքների շարքում ներկայացված էին «Տիրամայրը մանկան հետ», «Հիսուս Քրիստոսը» եւ այլ սրբապատկերներ: Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն, առաջին սրբապատկերներն են Աստվածամոր պատկերը եւ Հիսուսի Դաստառակը, եւ հենց այս երկու պատկերներն են հայերիս համար խորհրդանշական, որովհետեւ դրանք ժամանակին պատկանել են հայ եկեղեցուն: Մեր եկեղեցում այսօր սրբապատկերներն առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք զարդարում են Սուրբ սեղանը, տաճարի, գավթի որմերն ու սյուները: Այդ պատկերների առջեւ հավատացյալները մոմ են վառում, աղոթում: Քրիստոնեական ընկալումներից մեր եկեղեցին որոշ տարբերություններ ունի: Մենք սրբապատկերն օգտագործում ենք ավանդաբար, առանց դավանաբանական բանաձեւման: Հիսուս Քրիստոսի, Խաչի, Աստվածամոր պատկերները երկրպագելի են, իսկ սրբերինը՝ միայն պատվելի կամ մեծարելի: Ըստ Բարսեղ Կեսարացու, սրբապատկերն ունի այն հատկությունը, որ պատկերավոր կերպով օգնում է քարոզչին՝ լրացնելու իր խոսքը եւ այն դարձնելու ավելի արտահայտիչ ու տպավորիչ: Որոշ սրբեր էլ եզրակացրել են, որ պատկերները քրիստոնյային հոգեւոր մխիթարություն են պարգեւում: Իսկ, օրինակ, Սուրբ Գրիգոր Նյուսացին չէր կարողանում առանց արցունքների դիտել Իսահակի զոհաբերության պատկերը: Կարեւոր է շեշտել նաեւ սրբապատկերի խրատական դերը՝ զգաստությունն ու ապաշխարությունը, խրատող ու հորդորող նշանակությունը: Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Կան պատկերապաշտ եկեղեցիներ եւ եկեղեցիներ, որ մերժում են սրբապատկերները: Իսկ մենք սրբապատկերը չենք պաշտում եւ չենք մերժում, մենք այն հարգում ենք: Մեզ մոտ ավելի շատ զարգացած է մանրանկարչությունը, որովհետեւ մեր հայրերը երկյուղով են մոտեցել սրբապատկերներին, ընդհանրապես՝ տիրոջ դեմքին, շատ քիչ վայրերում կարող ենք հանդիպել սրբապատկերի կամ տիրոջ դեմքի, որովհետեւ այն հիմնականում սիմվոլիկա է: Ի տարբերություն ռուսական, հունական իկոնոգրաֆիայի, հայկականն առանձնանում է իր գունային գամմայով»: Ըստ քահանայի, ինչպես մոմ վառելը, այնպես էլ սրբապատկերները օգնում են ճշմարիտ աղոթքին:

25-ամյա Արեւիկ Կիսեբլյանը ցուցահանդեսում ներկայացրել էր Սուրբ Թադեւոս առաքյալին եւ եւս 2 սրբանկար: Մինչ սրբապատկերներ ստեղծելը, նա ճեպանկարներ է ստեղծել ու աշխատել ջրաներկով: Մեզ հետ զրույցում Արեւիկը խոստովանում է, որ այժմ իր համար առաջնահերթ գործ է սրբանկարչությունը: Սրբապատկեր ստեղծելու ժամանակ ունեցած զգացողությունների մասին նա ասաց. «Այդ պահի տրամադրությունը նկարին անպայման փոխանցվում է` դեմքի արտահայտությամբ, գույների, լույսի, ստվերի տեսքով: Սրբապատկերի վրա աշխատելը քաղցր զգացողություն է: Ի տարբերություն գեղանկարչության, այստեղ լուսավորի հետ գործ ունենք, ծավալները, ի տարբերություն գեղանկարչության, որտեղ ստանում ենք ստվերներով, այստեղ լույսի միջոցով ենք ունենում: Դրա համար նկարելուց առաջ նախ աղոթում ենք»:

Սաներն իրենց աշխատանքները պատկերում են ըստ սրբերի նկարների, որովհետեւ, Արեւիկի խոսքով. «Իրավունք չունենք սրբին պատկերացնել ու նոր նկարել»: Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ սրբանկարչություն ուսումնասիրելիս պետք է նաեւ հոգեւոր պատրաստություն անցնել, կարդալ սուրբ գրքեր եւ ամեն սրբի պատկերելիս ծանոթանալ նրա բարքերին: Նշենք, որ սրբապատկերների ցուցահանդեսը կտեւի 2 շաբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930