Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վարպետները՝ օտար ափերում

Նոյեմբեր 03,2010 00:00

Գորգ-մասունքներից մինչեւ զարդարվեստ

\"\"\"\"

Զարդարվեստի պատմության մեջ անուրանալի է հայ վարպետների դերն ու ավանդը: Այդ են վկայում աշխարհի նշանավոր հավաքածուներում ու թանգարաններում տեղ գտած հայանուն վարպետների եզակի գլուխգործոցները: Ցավոք, ոչ լիարժեք ուսումնասիրություններն ու անտարբեր վերաբերմունքը ժամանակին հնարավորություն չեն տվել ունենալու ոսկեձեռիկ հայ վարպետների աշխարհացրիվ աշխատանքների ամբողջական պատկերն ու աշխարհագրությունը:

Բարեբախտաբար հազարամյա այս երթը այսօր էլ չի ընդհատվել՝ Քոսայան գերդաստանի շնորհիվ, որը 1915թ. Ցեղասպանության արհավիրքները տեսած, Արեւմտյան Հայաստանի Մուշ գավառից գալիս ու ապաստանում է Արագածի փեշերին ծվարած Շիրակ գյուղում: Գալիս են ամբողջ տոհմից ու գերդաստանից փրկված ընդամենը երկու վիրավոր հոգիներ՝ Խանդութն ու Հակոբը:

Հիմա, երբ 2010 թվականի աշունն է, ու արդեն պատրաստ է զարդարվեստի վարպետ Կառլեն Քոսայանի աշխատանքները հանրագումարի բերող ալբոմը: 1986 թվականին Նորքի գեղատեսիլ բարձունքներում շենացել է 1915թ. Ցեղասպանությունից հրաշքով փրկված Խանդութի ու Հակոբի թոռան նոր օջախը: Կառլենը իր տուն եկած հյուրերին առաջինը ցույց է տալիս գորգ-մասունքը: Նայում ես մահվան ու նախճիրի ճամփեքով անցած «Վիշապագորգին» ու մտածում. ով գիտե, երեւի սա է հենց հեքիաթների կախարդական թռչող այն գորգը, որն իր մեջքին է առել մեծ գերդաստանից հրաշքով փրկված մի փոքրիկ բեկոր ու հասցրել այստեղ…

Կառլենը իր գորգագործ նախնիների գունավոր բրդյա թելերը չընտրեց հոգու խոսքն ասելու համար: Նրանը մազի նրբությամբ արծաթե թելերն են, որ թվում է՝ հնարավոր չէ հյուսել, ձեռքերիդ մեջ փշուր-փշուր կլինեն: Բայց դրանք Կառլենի մատների տակ հյուսկեն զարդերի են վերածվել:

Անկեղծ ասած՝ հնարավոր չէ թվել այն թանգարանների ու մասնավոր հավաքածուների ամբողջական ցանկը, ուր տեղ են գտել շնորհաշատ վարպետների ինքնատիպ աշխատանքները: Թվենք մի քանիսը միայն. Էջմիածին, Ժողովրդական արվեստի թանգարան, Սարդարապատի ազգագրական թանգարան, Մոսկվայի Արեւելքի թանգարան, Ռիգայի պատմության պետական թանգարան…

Արցախյան շարժման տարիներին աշխատանքներից մի քանիսը վաճառեց ու գումարը տրամադրեց պայքարի ելած հայրենակիցներին: Այդ տարիներին «Արցախ» անունով թռիչք խորհրդանշող Արծվակերտ մի գործ ստեղծեց, որը մինչեւ հիմա էլ նրա ցուցանմուշների զարդն է, բայց հատուկ մակագրությամբ՝ «Չի վաճառվում»:

Հետո, ինչպես հեքիաթներում է, կախարդական գորգը իր մեջքին առավ Խանդութի ու Հակոբի ոսկեձեռիկ Կառլեն թոռան վերածնված գերդաստանն ու տարավ հեռու՝ Ֆրեզնո:

Շնորհաշատ հայի առաջ իր դռները մեծահոգաբար բացեց մի հանճարեղ հայի՝ Վիլյամ Սարոյանի անունը կրող տուն-թանգարանը: Սակավախոս, տաղանդավոր վարպետի աշխատանքները նախատեսված երկու ամսվա փոխարեն մեկ տարի մնացին թանգարանի սրահներում: Ասում են, այդ մեկ տարվա մեջ ով չէր ճանաչում Կառլեն Քոսայանին, Վիլյամ Սարոյանը ճանաչել տվեց, ով քիչ գիտեր Սարոյանին, Կառլեն Քոսայանի օգնությամբ ավելի լավ ճանաչեց…

Կառլենի աշխատանքները էլ ավելի են հարստանում ջնարակման նրբին արվեստով: Գույների ներդաշնակ ընտրության կարողությունը, որ նույնպես ժառանգել է գորգագործ նախնիներից, փոխանցվել է որդուն՝ գեղանկարիչ Վարդան Քոսայանին:

Օտարության մեջ էլ Կառլենը շարունակում էր 1915թ. ընդհատված տոհմի զրույցը՝ աշխատանքներն օծելով Վան, Զանգեզուր, Վասպուրական, Անի, Տիգրանակերտ, Արցախ, Երեւան…

Անվանումները պատահական ընտրություն չեն զարդերի համար, դրանք կրում են նշված վայրերի ազգագրական այս կամ այն առանձնահատուկ կնիքը: Այս ամենը, սակայն, հավաքական մեկ անուն ունի՝ Հայաստան:

Ֆրեզնոյի իր տան անկյունում Խանդութին ու Հակոբին փրկած հեքիաթ- գորգը դեռ կա… Վերջերս մեջքին առած՝ Խանդութի ու Հակոբի վերընձյուղված տաղանդավոր տոհմը տուն բերեց, ու հեքիաթը շարունակվում է հենց այստեղ՝ Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել