Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՄԷ-ՈՒՄ ՍՏՈՐԱՑՐԵԼ ԵՆ

Նոյեմբեր 09,2010 00:00

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Իրաքում իր այցելությունն ավարտելուց հետո մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք, որտեղ թուրքական պատվիրակությունը սկանդալի մեջ է հայտնվել: News.am-ը, վկայակոչելով թուրքական Hurriyet-ը, փոխանցում է, որ ԱՄԷ-ի մայրաքաղաքի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ստիպել են, որ թուրքական պատվիրակության անդամների ճամպրուկները X-ray սկաների միջով անցկացնեն:  Դավութօղլուի թիկնապահների ճամպրուկներում հայտնաբերվել են զենքեր եւ անլար կապի միջոցներ: Թուրքական կողմը պնդել է, թե դրանց համար իրենք համապատասխան փաստաթղթեր ներկայացրել են, սակայն Աբու Դաբիի ոստիկանության աշխատակիցներին դա չի համոզել:
Թուրքիայի ԱԳՆ-ի աշխատակիցները ժամերով անօգուտ բանակցություններից հետո փորձել են հեռանալ Սաուդյան Արաբիա՝ իրենց ինքնաթիռը նախապատրաստելով թռիչքի: Մոտ երկու ժամ տեւած բանակցություններից հետո ԱՄԷ-ի արտգործնախարար շեյխ Աբդուլլա Բին Զայիդը Էլ Նահյանը տեղեկացել է իրավիճակի մասին, որից հետո զանգել եւ ներողություն է խնդրել Դավութօղլուից:
Այնուհետեւ Դավութօղլուն օդանավակայանից մեկնել է հյուրանոց, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով իրենց նկատմամբ նման վարվելակերպը: «Հատկապես Թուրքիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ նման սխալ վերաբերմունքը ափսոսանք է հարուցում»,- ասել է Դավութօղլուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել