Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Նոյեմբեր 11,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Խոսքը նոյեմբերի 9-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում, «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի մոտ անցկացված ոչ զանգվածային հրապարակային միջոցառման ժամանակ ՀԱԿ ակտիվիստների վրա ոստիկանների հարձակման, նրանց ձեռքին եղած պաստառները խլելու եւ կոտրելու, երիտասարդներին ապօրինաբար ոստիկանության բաժին բերման ու բաժնում ծեծի ենթարկելու մասին է: Կոնգրեսը Գլխավոր դատախազից պահանջել է, որպեսզի մեղավոր ոստիկանները հայտնաբերվեն ու ենթարկվեն պատասխանատվության: «Դատախազությունը պարտավոր է հաղորդումը ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի 181, 185 հոդվածների կարգով: Քննության առնել եւ դիմումատուին պատասխանել»,- երեկ, «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀԱԿ իրավական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Նրա մատուցմամբ, այս պահին դատախազին դեռ որեւէ ապացույց չի ներկայացվել, բայց երբ Հատուկ քննչական ծառայությունը, որին ընդդատյա է այս գործը, սկսի քննությունը, համապատասխան ապացույցներ՝ լուսանկարներ, տեսանյութեր, բացատրություններ, կներկայացվեն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստ՝ Արեգ եւ Սարգիս Գեւորգյան եղբայրներ, Վահագն Գեւորգյան եւ Սարգիս Խաչատրյան: Նրանք ոստիկանության բաժնում պահվել էին շուրջ 9 ժամ, նրանց հետ որեւէ քննչական գործողություն չէր կատարվել, տրվել էր դատաբժշկի ուղեգիր, որի արդյունքում հաստատվել է տղաների մարմնի վրա վնասվածքներ լինելու հանգամանքը: Այդուհանդերձ, նրանց դեմ քրգործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Նրանց մեղադրանք դեռեւս առաջադրված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել