Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» բոյկոտում է այս քառօրյան

Մարտ 01,2011 00:00

Իսկ հետագա գործողությունները կորոշի մարտի 6-ին

\"\"

Երեկ ԱԺ քառօրյայի սկզբում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «ԱԺ օրակարգը՝ թե՛ մեծը, թե՛ քառօրյան, պետք է արտացոլեն ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին ու ներքին պահանջներն արտացոլող օրինավոր օրակարգ: Ցավոք, դա այդպես չէ. եւ այսօր խոսք չի գնում Հայաստան-Թուրքիա ահավոր հակապետական արձանագրությունների առկայության մասին՝ մեծ օրակարգում, կամ որեւէ այլ օրինագծի մասին: Վերջերս գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ՝ ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների, սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը Հայաստանի հասարակությանը, որ «Պետությունը ես եմ» եւ «իմ դեմ խաղ չկա»: Նիստը վարողը՝ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն առարկեց. «Ձեր մտորումները հուշագրի վերաբերյալ ճիշտ չեն: Դուք ճիշտ չեք ընկալել ուղղակի»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նկատեց. «Դուք նաեւ պետք է տեղյակ լինեք, որ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված արձանագրությունները ՀՀ նախագահի կողմից սառեցված են, ԱԺ-ն նման լիազորություն չունի, որ այդ հարցը քննարկի: Կարելի է ասել, որ մենք այդպիսի հարց չունենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելով հայտարարությունը՝ ասաց. «Անգամ այս խորհրդարանի առարկայական պատկերն արտացոլանք է հերթական, խեղված ու կեղծված ընտրությունների: Բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը՝ մեծամասնության եւ ընդդիմության, չի բավականացնում կուսակցապետերի ախորժակը, եւ իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ այս ընդդիմադիր աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը: Ինչպես սուրբ պատարագն է ասում՝ սիրով, ճշմարտությամբ եւ ոչ երբեք հեգնանքով. «Առե՛ք, կերե՛ք… Սա է ժառանգությունը ձեր»: Եվ «Ժառանգություն» խմբակցությունը դուրս եկավ ԱԺ նիստերի դահլիճից:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ նշելով. «Խորհրդարանն առնվազն պետք է հետաքրքրված լինի իր խմբակցություններից մեկի գործունեությամբ ու ճակատագրով»: Վահան Հովհաննիսյանն եւ Արմեն Ռուստամյանը հանդիպեցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հետ: Եվ հանդիպումից հետո Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ նրանց վերլուծությունը քաղաքական իրավիճակի, որոշ քաղաքական ուժերի չհիմնավորված ախորժակների աճի վերաբերյալ ճիշտ է: Բայց լուծումը, որ նրանք առաջարկում են՝ մարտավարական բնույթի է, եւ նրանց որոշելիքն է, իհարկե; Բայց չեմ կարծում, որ վերջնական է, նրանք դեռ պետք է քննարկեն դրա վերջնական ձեւը»: Հարցին, թե ՀՅԴ-ն կմիանա՞ իրենց գործընկերների բոյկոտին՝ պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե մենք այդպիսի բան որոշենք՝ մենք պետք է սեփական վերլուծության ու քննարկումների արդյունքում դա անենք: Մենք նման վերլուծության եւ քննարկումների կարիքը չենք տեսել, քանի որ համարում ենք, որ ԱԺ-ն այն բեմն է, որտեղ հենց պետք է կռիվ տաս: Հարցը միայն փողոցներում չի լուծվում»:
Ավելի ուշ «Ժառանգության» հրավիրված վարչության եւ խմբակցության համատեղ նիստում որոշվել է մարտի 6-ին հրավիրել «Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստ: Ըստ կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ այդ նիստի «քննարկմանը կներկայացվեն կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության հետագա ռազմավարության եւ մարտավարության առաջարկվող տարբերակները եւ կկայացվի համապատասխան որոշում»:
Իսկ մինչ այդ, մեր ունեցած տեղեկություններով՝ «Ժառանգության» պատգամավորները չեն մասնակցելու այս քառօրյայի աշխատանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031