Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ՝ ՇՈՒՏՈՎ

Մարտ 01,2011 00:00

Հոլանդացի շինարար Յոհան Հեյբերսը շուտով կավարտի այն նախագիծը, որն իրականացնում է արդեն բազում տարիներ: Նա Դորդրեխ քաղաքում կառուցում է Նոյան տապանի կրկնօրինակը՝ Աստվածաշնչում նկարագրվածին համապատասխան:
Ըստ Ծննդոց 6:15 համարի՝ Աստված Նոյին հայտնել էր ճշգրիտ չափերը նավի, որով Նոյը պետք է ջրհեղեղից փրկեր իր ընտանիքն ու կենդանիներին: Տապանը պետք է ունենար 300 կանգուն երկարություն, 50 կանգուն լայնություն եւ 30 կանգուն բարձրություն: Թեեւ հստակ հայտնի չէ, թե որքան էր 1 կանգունն աստվածաշնչյան ժամանակներում, այսօր երկարության այդ միավորը հավասար է 50 սմ-ի:
Նոյան տապանի կառուցման գաղափարը Հեյբերսը հղացավ այն բանից հետո, երբ նա երազում տեսավ սաստիկ ջրհեղեղ: «Ես տեսա, թե ինչպես է Նիդեռլանդներն անհետանում ջրի տակ, դա նման էր Հարավարեւելյան Ասիայի ցունամիներին»,- վերհիշում է հոլանդացին: Հաջորդ օրն իսկ Հեյբերսը Նոյան տապանի մասին գիրք գնեց եւ նպատակ դրեց կառուցել այն:
Նիդեռլանդներն այնպիսի երկիր է, որտեղ ջրհեղեղները հազվադեպ երեւույթ չեն: Երկրի տարածքի մեկ չորրորդն այժմ ծովի մակարդակից ցածր է: Ամենացածր դիրք ունեցող շրջաններից մեկը Հյուսիսային Հոլանդիան է, որտեղ էլ բնակվում է Հեյբերսը: Սկզբում հոլանդացին որոշեց կրկնօրինակը ստեղծել կես չափերով: Նա աշխատանքը սկսեց 2005թ.՝ օգտագործելով ժամանակակից գործիքներ եւ մենակ աշխատելով շաբաթական 6 օր:
Հեյբերսի առաջին խնդիրը նյութի ընտրությունն էր: Ծննդոց գրքում տապանը պետք է կառուցվեր քառակուսի փայտից (գոֆերից), սակայն ժամանակակից գիտնականները չգիտեն, թե գոֆերն ինչ ծառ է: Ենթադրվում է, որ այդ ծառը կիպարիսի (նոճու) կամ մայրու տարատեսակ է եղել, սակայն հետագայում վերացել է: Արդյունքում Հեյբերսը որոշեց օգտագործել ամերիկյան մայրու եւ նորվեգական սոճու փայտը: Ավարտելով տապանի՝ փոքր չափերով կառուցման աշխատանքը, Հեյբերսը շրջագայության մեկնեց Նիդեռլանդիայի գետերով եւ ջրանցքներով: Տապանի նավակողերին փակցված էին արարչագործության մասին պատմող պլակատներ: (Լինելով ավետարանական, Հեյբերսը բառացիորեն է ընկալում աշխարհի ստեղծման՝ Աստվածաշնչում նկարագրված մանրամասները): Տապանի ներսում կային զանազան կենդանիների մոմե քանդակներ, իսկ փոքրիկ կինոթատրոնը ցանկացողներին ցուցադրում էր Ուոլթ Դիսնեյի «Երեւակայություն» ֆիլմը, որը մուլտիպլիկացիայի ձեւով պատմում է Նոյան տապանի պատմությունը: Երկու տարվա ընթացքում 400 հազարից ավելի մարդ այցելեց տապան:
2008թ. հոլանդացին ձեռնամուխ եղավ նոր տապանի շինարարությանը, որն այս անգամ պետք է լիովին համապատասխանի Աստվածաշնչում նշված չափերին: Տապանի ներքին տարածքը պետք է 10 անգամ գերազանցի առաջին տապանի ներքին տարածքը: Հեյբերսը նախատեսում է տապանում տեղադրել 2 կինոթատրոն, տախտակամածերից մեկի վրա՝ կենդանաբանական փոքրիկ այգի, որտեղ կլինեն իսկական կենդանիներ: Մյուս տախտակամածի վրա կերթեւեկի փոքրիկ գնացք, որով այցելուները կկարողանան կատարել «էքսկուրսիա» դեպի աստվածաշնչային պատմություն:
Ըստ qahana.am-ի՝ Հեյբերսն իր նախագիծը ֆինանսավորում է առաջին տապանի վաճառքից ստացված միջոցներով: Առաջին տապանը գնող Աադ Պետրեն նախատեսում է տապանը դարձնել ապագա աստվածաշնչային ժամանցային զբոսայգու մասը:
Նոր տապանն արդեն իջեցվել է ջուրը, իսկ սույն թվականի մայիսին այն պետք է ընդունի այցելուներին: Նավը կմնա Դորդրեխում մինչեւ 2012թ. կեսը, երբ Հեյբերսը մտադիր է համաշխարհային ծովային ճամփորդության ուղեւորվել: Առաջին կայանը կլինի Լոնդոնը, որտեղ տապանը կլինի Օլիմպիական խաղերի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031