Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 19-ԻՆ՝ ԳԵՐԼՈՒՍԻՆ

Մարտ 11,2011 00:00

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը «Առավոտի» էլեկտրոնային հասցեին ուղարկել է հետեւյալ գրությունը. «Մարտի 19-ին Լուսինը կգտնվի Երկրից 356 577 կմ հեռավորության վրա, որն ամենամոտն է 1992թ. այս կողմ: Արդեն մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ այդ երեւույթը Երկրի վրա առաջ կբերի բնական աղետներ ու ավերածություններ, մասնավորապես՝ երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, փոթորիկներ եւ ընդհանրապես եղանակի ծայրահեղ դրսեւորումներ: Հիշեցնենք, որ Լուսինը Երկրի շուրջ պտտվում է ձվածիր (էլիպսաձեւ) ուղեծրով եւ նրա հեռավորությունը Երկրից որոշ տատանումներով փոփոխվում է մոտ 363100–405700 կմ սահմաններում՝ միջինում լինելով 384400 կմ: Ամենամոտ կետը կոչվում է պերիգեոս (կամ երկրամերձ կետ), իսկ ամենահեռուն՝ ապոգեոս (կամ երկրահեռ կետ): Այդ օրը Լուսինը կլինի լիալուսնի փուլում եւ մեզ կերեւա անսովոր մեծ չափով, ինչն էլ առիթ է տալիս այն կոչել «Գերլուսին»: Այս երեւույթը չարաշահումների առիթ է հատկապես աստղագուշակների համար: Ինչպես հայտնի է, Երկրի օվկիանոսների եւ ծովերի մակընթացությունները եւ տեղատվություններն առաջանում են Լուսնի ձգողական ուժի ազդեցության տակ, եւ մարտի 19-ին ջրի մակարդակի տատանումների ամպլիտուդը հատկապես մեծ կլինի, այսինքն՝ կդիտվեն չափազանց բարձր մակընթացություններ եւ չափազանց ցածր տեղատվություններ: Աստղագետները համարում են, որ Լուսնի հեռավորությունը կապ չունի Երկրի վրա տեղի ունեցող տարերային աղետների հետ, եւ եթե հատուկ ջանքեր գործադրենք, միշտ էլ կարելի է ցանկացած տարերային աղետի հետ կապված գտնել որեւէ երկնային երեւույթ: Մասնավորապես, վերհիշելով անցած տարերային աղետները, ոմանք փորձում են դրանք կապել Լուսնի մերձեցման հետ: Լուսնի երկրամերձ կետերում են տեղի ունեցել 1938թ. փոթորիկը Նոր Անգլիայում, 1955թ. ջրհեղեղն ավստրալական Որսորդների հարթավայրում, 1974թ. Թրեյսի ցիկլոնը, 2005թ. Կատրինա փոթորիկը եւ Ինդոնեզիայի ցունամին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել