Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԵ՞Ք «ԿԱՌՇՆՎԻ» ԱՉՔԵՐ ՈՒ «ԽՈՒՃՈՒՃ» ՄԱԶԵՐ

Մարտ 15,2011 00:00

Կնկարահանվեք տեսահոլովակում կամ սերիալում

Ամեն անգամ մի քանի ժամով Երեւանի փողոցներով զբոսնելիս հաստատ տուն կվերադառնաս ձեռքիդ մի քանի այցեքարտերով, աշխատանքի տարբեր առաջարկներով, մինչեւ անգամ աղանդավորական շարժումներին հարող բրոշյուրներով: Վերջին շրջանում նմանատիպ այցեքարտերի, բրոշյուրների ցանկը համալրվել է եւս մեկով՝ բազմաթիվ անհայտ գործակալություններ առաջարկում են ֆիլմերում կամ տեսահոլովակներում նկարահանվել:
Այն, որ սերիալներում եւ տեսահոլովակներում նկարահանվելու առաջարկներով այցեքարտերը բաժանվում են Երեւանում եւ երեւանաբնակ երիտասարդների շրջանում, շատերին էր հայտնի, սակայն օրերս մեզ համար պարզ դարձավ, որ երիտասարդներին գայթակղելու այս ձեւը մոդա է նաեւ մարզերում: Օրերս  ինձ եւս «բախտ վիճակվեց» ստանալ այցեքարտ՝ սերիալում նկարահանվելու առաջարկով. կասկածելի արտաքինով աղջիկը իր այցեքարտը տվեց Էջմիածին քաղաքում Սուրբ Հռիփսիմեի եկեղեցուց դուրս գալիս:
Գաղտնիք չէ, որ փողոցներում բաժանվող այդ եւ այլ թղթիկները անլուրջ են եւ միամիտներին մոլորեցնելու միջոց:  Եվ շատերը, նշված հեռախոսահամարներով զանգելով եւ հավատալով պատասխանող ինքնավստահ անձանց խոսքերին ու հեքիաթներին, անկախ իրենց կամքից դառնում են վերջիններիս զոհը՝ ընդգրկվելով մութ պատմությունների մեջ:
Քանի որ ես էլ էի «արժանացել»  սերիալներում նկարահանվելու կասկածելի առաջարկին, զանգեցի նշված հեռախոսահամարով եւ հետաքրքրվեցի, թե ի՞նչ պայմաններով եւ ինչպե՞ս են պատահական անցորդները դառնում ֆիլմերի գլխավոր հերոսներ, որքա՞ն եւ ի՞նչ սկզբունքներով են վարձատրվում:
Նախ նշեմ, որ երկու հեռախոսահամարներով (բջջային) զանգահարելիս՝ ամեն անգամ պատասխանում են տարբեր մարդիկ:
Մեր առաջին զանգին պատասխանեց Սոս անունով մի երիտասարդ, որն էլ մանրամասն եւ համոզիչ տոնով մեզ պատմեց իրենց «լուրջ» գործունեության եւ «լուրջ» կազմակերպություն լինելու մասին: Սակայն նախքան այդ հետաքրքրվեց, թե՝ «որտե՞ղ եք մնում»: Ապա հարցը մեկնաբանեց այսկերպ. «Ասեմ ընչի համար եմ հարցնում, որ մի հատ տենանք, իրար ավելի մանրամասն խոսանք, էլի»:
Այնուհետեւ Սոսը ներկայացավ որպես արդեն լայն ճանաչում ունեցող եւ բավական երկար ժամանակ գործող «Ինդիվիդում քասթինգս» ընկերության աշխատակից, հետո էլ՝ ինքն իրեն ուղղեց՝ «սա քասթինգ խումբ է, քասթինգ ընկերություն»:
Սոսի խոսքով, «Տարբեր սերիալներում նկարահանվելու համար ենք հրավիրում աղջիկների եւ տղաների, քուրիկ ջան, չհաշված կլիպներ, գեղարվեստական ֆիլմեր… Համագործակցում ենք «Արմենիայի», «Շանթի» եւ «Հ1»-ի հետ»:
Թե որքա՞ն է վարձատրվում ընտրված դերասանուհին կամ դերասանը, Սոսի փոխանցմամբ, իրենց վճարման ձեւն ու չափը հայտնի չեն, քանի որ իրենք զուտ միջնորդի դեր են կատարում. «Մենք միայն միջնորդում ենք տարբեր հեռուստաընկերություններում եւ ճանաչված մարդկանց տեսահոլովակներում նկարահանվելու հնարավորություն տալուն: Սակայն պոտենցիալ հավակնորդներին մենք ենք ընտրում՝ ըստ իրենց լուսանկարների: Իսկ դրա համար նախ պետք է հանդիպենք: Հավանության դեպքում ձեզ ներկայացնում եմ այդ պահին նկարահանվող ֆիլմի պրոդյուսերին, որն էլ աշխատավարձով ձեզ վերցնում է աշխատանքի՝ «տոիսծ»՝ սերիալի աշխատող»:
Երբ հետաքրքրվեցինք՝ բաց տեսարաններում նկարահանվելու պարագայում վարձատրության չափի կամ ձեւի մասին, Սոսը մի պահ շփոթվեց, հետո էլ ասաց. «Ֆիլմերի, սերիալների գլխավոր դերասանները ստանում են օրական 25 000 դրամ: Սա մի սյոմկի համար է, իսկ եթե մասովկա են, բան են… մինչեւ 5000 դրամ ու բարձր»: Իսկ թե որքանո՞վ է օրինական իրենց գործունեությունը, Սոսը պարզաբանեց. «Մենք պայմանագիր չենք կնքում մեզ դիմողների հետ: Իմ գործը միայն ֆիլմերի պրոդյուսերներին դերասան տրամադրելն է: Ինձ զանգում են, մարդ են ուզում, այսինքն՝ դերասան, մեկ էլ տներ ու ավտոներ: Էսքանն ա իմ գործը: Օրինակ, հիմա մի տեսահոլովակ են նկարահանում՝ Երեւանի սիրուն աղջիկ: Նկարահանում է Մկոն՝ կարո՞ղ ա իմանաք: Իրան «Քիթ Մկո» են ասում, օպերատոր ա: «Շարմի» հետ ա աշխատել: Երգ չի լինելու: Աղջիկը պիտի քայլի, իսկ էդ արդեն ամեն ինչ ասում ա: Եթե կուզենաք մի հատ ես ձեզ տենամ… Արտաքին տեսքը շատ կարեւոր ա, պիտի «կառշնվի» աչքերով լինի: Ձեր աչքերը «կառշնվի՞» ա: Ու խուճուճ մազերով: Կկարողանա՞ք խուճուճացնել ձեր մազերը…»: Ապա Սոսը ինձ ժամադրեց Վերնիսաժի մոտ, որպեսզի ներկայացնի «Քիթ Մկոյին»:
Զանգելով այցեքարտի վրա նշված երկրորդ համարով, ինձ պատասխանեց Մաշա անունով մի աղջիկ: Ի տարբերություն Սոսի, Մաշան չասաց, թե որ կազմակերպությունն է ներկայացնում: Նա եւս նախքան  պայմաններին ծանոթացնելը՝ հետաքրքրվեց, թե որտե՞ղ եմ բնակվում: Ապա հարցրեց բարձրագույն կրթության առկայության մասին, նշելով, որ կրթություն պետք չէ: Նա եւս նշեց, որ համագործակցում են վերոնշյալ երեք հեռուստաընկերությունների հետ եւ դերասան-դերասանուհիների ընտրության հարցում տարիքային սահմանափակում չկա: Իսկ վճարման մասին էլ ասաց. «Մենք աշխատավարձերի, վճարումների հետ գործ չունենք: Դրանցով զբաղվում են սերիալներ նկարահանող հեռուստաընկերությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել