Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորս արեւի» մասին

Մարտ 15,2011 00:00

Արտահայտություն, որը թմբկահարում է մեր ականջները

Առանց սոցիոլոգիական հարցման էլ պարզ է, թե օրական քանի անգամ է «հորս արեւ» արտահայտությունը թմբկահարում մեր ականջները. «հորս արեւ, բենզին չունեմ», «հորս արեւ, րոպե չունեմ», «հորս արեւ, փող չկա», «հորս արեւ, խաբողը շան տղա ա…»:
Հարց է ծագում. ի՞նչ է «հորս արեւը»:
Պատասխան. «հորս արեւը» ժամանակակից երդման շաբլոն է, որն օգտագործելու համար պետք է ունենալ համապատասխան կեցվածք, շարժուձեւ եւ դեմքի «ճիշտ» արտահայտություն: Իսկ ահա այն հարցին, թե ի՞նչ է երդումը եւ ի՞նչ գիտենք մենք երդման մասին, պատասխանը կարճ է՝ ոչինչ:
Այն, որ ամենաճոխ սեղանի շուրջն անգամ մենք չենք մոռանում երրորդ բաժակն անպայման դատարկել ծնողների համար, ինչ-որ առումով հասկանալի է՝ հայ ենք ու դա հատուկ է մեզ այնպես, ինչպես մեր քթի մեծությունը կամ մազառատ մաշկը: Բայց այն, որ նույն ծնողի անունը կարելի է մատի փաթաթան կամ բերանի ծամոն սարքել, մեղմ ասած, ամոթ է ու չի սազում մեզ հենց որպես հայի, ու բնավ էլ հարիր չէ մեր ազգային նկարագրին: Եվ չնայած մենք սիրում ենք տեղի-անտեղի կոկորդ պատռել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք աշխարհում, որ Նոյը հենց մե՛ր նախահայրն է եւ նման այլ մեջբերումներ (հայկական սիմպտոմ), բայց, այնուամենայնիվ, շատ քիչ բան գիտենք հենց նույն քրիստոնեության մասին՝ չհաշված գլխաբաց եկեղեցի մտնելը, թարսուշիտակ խաչակնքելը եւ եկեղեցու պատերը սիրո փորագիր հուշատետր սարքելը:
Իսկ, ընդհանրապես, երդումը խոսք է, որը ենթադրում է պայման եւ հետեւանք: «Սուտ երդում մի՛ ըներ, հապա ըրածդ երդումներդ վճարէ Տէրոջը» (Մատթէոս 5:33), հիշեցնում է Աստվածաշունչը: Երդման արմատները շատ հին են, իսկ նշանակությունը՝ մեծ: Երդման արարողությունը միշտ կատարվում է նվիրական կամ սուրբ առարկաների ուղեկցությամբ, իսկ հնում այն հաստատվել է նաեւ երդմնագիր կնիքով: Երդվելը մեղք չէ, երդմամբ ասված խոսքը մոռանալը, չկատարելն է մեղք (իսկ հոր արեւով երդվելը, չգիտեմ՝ ավելի շատ մեղք է, թե՝ ամոթ): Այդ իսկ պատճառով է Աստված զգուշացնում. «Ամենեւին երդում մի՛ ընէք, ո՛չ երկնքի վրայ՝ որ Աստուծոյ աթոռն է, եւ ո՛չ ալ երկրի վրայ՝ որ անոր ոտքերուն պատուանդանն է, ո՛չ ալ Երուսաղէմի վրայ՝ որ մեծ Թագաւորին քաղաքն է, ո՛չ ալ քու գլխուդ վրայ երդում ընես, վասն զի չես կրնար մէկ մազ ճերմակցնել կամ սեւցնել: Հապա ձեր խօսքը ըլլայ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. Ու ասկէ աւելին չարէն յառաջ կու գայ» (Մատթէոս 5:34-37):
Ես չգիտեմ՝ «հորս արեւի» համար ինչ նախապայմաններ են պետք, բայց հաստատ գիտեմ, որ երդման արժանի շատ ավելի կարեւոր պահեր կան՝ պետության ղեկն ստանձնելուց առաջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակի եւ Վեհամոր Ավետարանի առաջ երդվում է նախագահը: Այդ նույն պետության սահմանն ամուր պահելու երդում է տալիս զինվորը, նախքան սպիտակ խալաթ հագնել ու հիվանդասենյակ մտնելը Հիպոկրատի երդում են տալիս բժիշկները, եւ, վերջապես, ամենաճերմակ երդումը՝ նորահարսի երդումը Աստծո եւ եկեղեցու առաջ՝ նախքան ամուսնական առագաստ մտնելը: Ու մի բան էլ գիտեմ. «հորս արեւը» շատ գործածությունից մաշվել է, հնացել ու դրանից ոչ թե բարձրացել է նրա արժեքը, ինչպես, օրինակ, հին անտիկվարներինը, այլ ճիշտ հակառակը՝ կորցրել է իր երբեւէ չունեցած արժեքը: Ու եթե երդումը խոսք է, որն ապացուցում է ասվածի ճշմարտացիությունը, ապա երդվեք, բայց երդվեք մարդավարի, օրինակ՝ «ազնիվ խոսք»-ով, հավատացեք՝ ոչ ոք մազաչափ անգամ չի կասկածի ձեր ազնվությանը:
Մնում է միայն հուսալ (հուսով եմ՝ ոչ անտեղի լավատեսությամբ), որ «ով շատ երդվում է, շատ էլ ստում է» արաբական ասացվածքը մեզ՝ հայերիս չի վերաբերում:
ազնիվ խոսք՝ ՍՈՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել