Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿ ՌԵՅՏԻՆԳՆԵՐ

Մարտ 16,2011 00:00

\"\"Ըստ «Ուրարտու» համալսարանի ռեկտորի՝ մասնավոր բուհերի հանդեպ երկակի ստանդարտներ չպետք է կիրառել

Հայաստանում մի տեսակ արշավ է սկսվել ոչ պետական բուհերի դեմ, մինչդեռ «դրսում» էականը ոչ թե սեփականատերն է, այլ կրթության որակն ու բուհի տված «արտադրանքը»: Ի դեպ, ըստ QI ռեյտինգի (ինտելեկտուալ կապիտալի ընդհանրացված ինդեքս), հայաստանյան բուհերի եւ քոլեջների լավագույն տասնյակում է նաեւ մի քանի ոչ պետական բուհ: Դրանցից մեկն էլ Գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն է: Վերջինիս ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը թեեւ համաձայն չէ արշավ ձեւակերպման հետ, բայց գտնում է, որ այն վաղուց պետք է սկսվեր. «90-ականներից, երբ ստեղծում էին մասնավոր բուհերը, շատ քչերը պահեցին լիցենզիայի պայմանները: Եվ եթե այն ժամանակ համապատասխան խստապահանջություն ցուցաբերվեր, այսօր առկա վիճակը չէր լինի. նախ 106 ոչ պետական բուհ չէր ստեղծվի, եւ ապա այդ թիվն էլ չէր կրճատվի 35-40, ինչը նույնպես բնականոն պրոցես է»: Ս. Սեդրակյանը նեղսրտում է, որ մասնավոր բուհերն ընկալվում են իբրեւ երկրորդ տեսակի կրթօջախներ, ինչը օբյեկտիվ պատճառներ էլ ունի. «Հասկանում եմ՝ շատ տեղերում եղել են չարաշահումներ, օրինակ՝ չի պահվել պրոֆեսորադասախոսական համապատասխան կազմի պայմանը եւ այլն: Բայց գաղտնիք չէ, որ վերջին տարիներին դարձյալ տրվել են լիցենզիաներ, որոնց մասին չի բարձրաձայնվել, բուհերի թիվն էլի աճել է, թացն ու չորն իրար խառնվել… Սրա արդյունքում մարդ երբեմն ամաչում է ասի, թե մասնավոր բուհի ռեկտոր է: Հայաստանում եղան ժուլիկները, որ զարտուղի ճանապարհով ինչ-որ բաների հասան, նունիսկ շենքեր ձեռք բերեցին, գուցե պապենական ժառանգությո՞ւն ունեին… Եղան բուհեր էլ, որ հազիվ ծայրը ծայրին հասցնելով՝ իրենց տարածքներն են պահում»:

Ըստ մեր զրուցակցի, մասնավոր բուհերի վարկանիշին «խփում» են նաեւ պետական բուհերը՝ «խլում» են մինչեւ վերջին ուսանողը, տեղավորում հեռակա բաժիններում: Ասում է՝ գիտի դեպք, երբ երեխան տապալվել է մեկ քննությունից, բայց ավարտական վկայականի գնահատականով «նստացրել» են նույն բուհի հեռակա համակարգ, որտեղից հունվարին տեղափոխվել է ստացիոնար: Սեդրակյանը փաստում է, որ «դրսում» պետությունը մասնավոր բուհերին աջակցում է, կայանալու հնարավորություն տալիս, նույնիսկ Ղազախստանում 6-7 բուհի շենք է տրամադրել, դարձել փայատեր: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, շենքը բուհ ունենալու կարեւոր պայման է, բայց շենքը դեռ համալսարան չէ. «Համալսարանը համալսարան է իր ծրագրերով, պրոֆեսորադասախոսական կազմով, ավանդույթներով: Պարզ է, որ մենք չենք կարող Օքսֆորդի, Քեմբրիջի կամ Հարվարդի մասնավոր համալսարանների հետ չափվել, բայց էլի ճանապարհ ենք անցել, արդեն 20 տարի է՝ «Ուրարտուն» գործում է»:

Մեր այն դիտարկմանը, թե ՎՊ վերջին ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, իրենց բուհում պահպանված չի եղել մեկ ուսանողին բաժին ընկող 8,2 քմ տարածքի նորմը, պարոն Սեդրակյանը պատասխանեց, որ իրենց ընդամենը 20 քմ չի բավարարել, այն էլ այն դեպքում, որ այդ ուսանողներն արդեն ավարտել-գնացել են. «Ավելի ուշ ես ԿԳ նախարարությունից տեղեկացա, որ մագիստրատուրան թերբեռնված է, ուստի այնտեղ մեկ ուսանողին ոչ թե 8, 2 քմ է հասնում, այլ 4,1: Իրենք (ստուգողները- Գ. Հ), փաստորեն, մագիստրատուրան էլ էին նույնկերպ հաշվել: Ի դեպ, հանրապետությունում սակավաթիվ բուհեր կան, որոնց մագիստրատուրան հավատարմագրված է, մեկը մեր համալսարանն է, չհաշված, որ պետական համակարգը դեռ չի հավատարմագրվել, նոր պիտի թարմացնեն: Նկատենք, որ մեզանից պահանջում են մեկ ուսանողի համար պարտադիր 8,2 քմ տարածք, բայց ես տվյալներ ունեմ, որ պետական բուհերում մեկ ուսանողին 60 սանտիմետր էլ չի հասնում, նույնիսկ զուգարանները լսարաններ են դարձրել, 2-3 հերթով են սովորում, առկա-հեռակայով էլ չի բավարարում տարածքը: Եթե իսկապես ուզում ենք կրթական որակ ապահովել, պիտի միասնական լինենք նաեւ բուհերի հանդեպ վերաբերմունքի առումով, ոչ թե՝ եթե պետական է, ասենք մերն է, իսկ մասնավորի համար այլ պահանջներ դրվեն: Քանի որ հավատարմագրման մասին խոսք գնաց, ասեմ, որ Հայաստանում միակ բուհն ենք, որ դիմել է Ամերիկյան լիբերալ կրթության ակադեմիային՝ ամերիկյան հավատարմագիր ստանալու համար: Սա եւս ռեյտինգի հետ կապված չափանիշ է»:

Ս. Սեդրակյանը փաստում է, որ հայաստանյան բուհերը խայտառակ ցածր ռեյտինգ ունեն, նույնիսկ ծիծաղելի է դրանք համեմատել Օքսֆորդի, Հարվարդի, Քեմբրիջի եւ այլ հեղինակավոր համալսարանների հետ: Վերջինները չնայած մասնավոր բուհեր են, բայց վաստակել են առաջինները լինելու իրավունքը՝ շնորհիվ իրենց ուսանողների գիտելիքների: «Ուրարտուի» ռեկտորը տեղեկացրեց, որ հենց իրենց բուհի «պատճառով» է ՀՀ կրթահամակարգը ԵԽ զեկույցներից մեկում ճանաչվել ամենադեմոկրատականը: Բանն այն է, որ տարիներ առաջ իրենց էր դիմել ցմահ դատապարտված Արսեն Արծրունին, ով ավարտել էր Հայկազյան վարժարանը, ուներ բակալավրի դիպլոմ եւ ուզում էր կրթությունը շարունակել մագիստրատուրայում. նա 9 տարի դիմել էր տարբեր բուհերի, որեւէ մեկը չէր ցանկացել ընդառաջել: «Բայց չէ՞ որ դա Արսեն Արծրունու սովորելու սահմանադրական իրավունքն էր: Ցանկացած մեկը իրավունք ունի սովորել, անկախ նրանից՝ որտեղ է գտնվում: Նա գրել էր եւ բանավոր խոսքում էլ նշել՝ որպեսզի չկորցնեմ իմ հոգեկան ամբողջականությունը, ինձ պե՛տք են հոգեբանական գիտելիքներ՝ պաշտպանական մեխանիզմներս զարգացնելու համար: 9 տարի մարդը պարապել էր, հարցը, որ տալիս էինք, ասում էր՝ այս հարցին այսինչ գրքով եմ պատրաստվել, տվեց Դեյվիդ Մեյերսոնի անունը, որից այսօրվա դասախոսներից շատերը տեղյակ էլ չեն: Նա կարմիր դիպլոմով է ավարտել մեր բուհի մագիստրատուրան եւ այժմ հայցորդ է ձեւակերպված: Նրա դիպլոմայինի թեման՝ «Ցմահ դատապարտյալի հոգեվիճակը», ես ղեկավարելու եմ իբրեւ դիսերտացիոն աշխատանք, որովհետեւ հետաքրքիր դեպք է՝ ամբողջը պրակտիկ կյանքից»: Ա. Արծրունին այսպես էր հիմնավորել կրթությունը շարունակելու իր ցանկությունը. «Հարգարժան պրոֆեսոր Սեդրակյան: 1994թ. դեկտեմբեր ամսից գտնվելով բանտային կալանքում, ապրել եմ ֆիզիկական հյուծվածություն եւ հոգեկան խիստ տանջանքի պահեր, հոգեբանության լեզվով՝ ենթարկվել եմ սուր տրավմաների, հոգեբանությանը՝ որպես գիտական ճյուղի, առաջին անգամ դիմել եմ, երբ իմ խցում գտնվող դատապարտյալի ու ինձ համար շատ սիրելի ընկերոջս մոտ սկսեցին դրսեւորվել զարմանալի սիմպտոմներ. նա սկսել էր տառապել շիզոֆրենիայով… Փորձելով նրան օգնել, ստիպված այդ հիվանդության վերաբերյալ գրքեր էի ուսումնասիրում եւ դրանք ըմբռնելու համար՝ ուրիշ գրքեր, մինչեւ հասկացա, որ ինքս էլ եմ այս պայմաններում խոցելի, հակամետ՝ հոգեկան հիվանդություն զարգացնելու… Ինձ անհրաժեշտ է ուղղություն ցույց տվող, որ սովորեմ գիտական մոտեցում ցուցաբերել, ինչը ինձ հնարավորություն կտա երկարաժամկետ բանտային կալանքը, նրա արդյունքներն ու հետեւանքները ավելի խորապես պեղելու ներսից, ունակ կլինեմ մասնագիտական լեզվով եւ փաստարկված ձեւով ներկայացնել բանտային կալանքում գտնվող անհատի ներքին իսկական տանջանքը: Հավատում եմ, որ մագիստրատուրայում սովորելը եւ հետագայում դրա հիման վրա գրած աշխատությունս շատ-շատերին զերծ կպահի գիտակցված կամ ակամա հանցագործությունից: Հասարակության կողմից դատապարտյալին տվող ուսումը եւ այս վերջինի ուսանելու միտումը նրանց միջեւ հաշտության նշան է»: «Ուրարտուում» այժմ մեկ այլ ցմահ դատապարտյալ է սովորում՝ բակալավրիատի ուսանող է:

Կրկին անդրադառնալով բուհերի ռեյտինգներին, Ս. Սեդրակյանն ասաց, որ դրանք ձեւավորվում են նաեւ կատարված ծրագրերի բազմազանությամբ. «Ամբողջ աշխարհում չկա մասնավոր կրթություն հասկացություն, դա քաղաքականություն է, որ իրականացվում է ողջ երկրի ու պետության համար: Մեծ հաշվով պետական բուհերն էլ են մասնավոր: Եթե, օրինակ, 100 հոգի պետք է սովորեն, նրանցից 2-3-ն են պետպատվերով»: Ինչ վերաբերում է բոլոնյան համակարգի ներդրմանը, մասնավոր բուհի ռեկտորի խոսքով. «Եթե չմտնեինք այդ դաշտը, մեր բոլոր բուհերի դիպլոմներն անցնելու էին միայն Մեղրիից մինչեւ Բագրատաշեն, այսինքն՝ ՀՀ տարածքում: Իհարկե, եղել են որոշ սխալներ եւս, պետք էր հաշվի առնել ազգային առանձնահատկությունները, քննարկումներ անել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել