Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵ՜Ն ԵՐԳԵՆՔ

Մարտ 16,2011 00:00

Երգն օրենքների չի ենթարկվում

\"\"Այսօր հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ նույնիսկ բեմահարթակներից հաճախ կարելի է լսել այնպիսի երգեր, որոնք հնչում են լեզվական բազում թերություններով:

Իրար կցմցված բառեր, անորոշ ոճի, խառնուրդային երաժշտություն, թեմայի սյուժեից հեռու տեսահոլովակ, բայց երգը ունի բոլոր հնարավորությունները գոնե մի քանի շաբաթ լինել «հիթային»: Սակայն դրանցում երբեմն չկան ոչ միայն հանգ պարունակող տներ, կոնկրետ ոճի պատկանող երաժշտություն, այլեւ չկա կայուն շեշտադրություն:

Ըստ հայերենի հնչյունաբանության՝ շեշտը դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա: Սակայն բազմաթիվ երգերում այս կանոնը գրեթե անտեսվում է: Այսօր եթերում հնչող ամեն երկրորդ երգը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ սխալ շեշտադրությամբ է մատուցվում: Եվ այդ ամենը մոտավորապես այսպես է արվում՝ հայ զինվորները «քա՜յլերը շիտակ» են դնում, «Խա՜չիկը, Վա՜չիկը, Հրա՜չիկը, Քա՜ջիկը» պարում են «Սի՜լոյի պարը», իսկ սիրահարները «հա՜վատում են ՝ դեռ կգա մի օր…»:

Ցավալի է եւս մեկ փաստ. այժմ երաժշտություն թերեւս գրում են ոչ թե երգահան-կոմպոզիտորները, այլ հաճախ նրանք, ովքեր քթի տակ ինչ-որ մեղեդի փսփսալով՝ որոշում են դա երաժշտություն դարձնել:

Երգչուհի Լեյլա Սարիբեկյանն ասում է, որ այսօր երգերը որեւէ հստակ օրենքների չեն ենթարկվում, եւ իր հրավիրած ասուլիսներն անգամ որեւէ հետեւանք չեն թողնում: Իսկ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը նշում է. «Չեմ կարծում, որ երգը նույնպես կարելի է ենթարկել որոշակի օրենքների: Ավելի լավ է՝ այն լինի որակյալ երաժշտությամբ. հոգ չէ, եթե փոքր-ինչ շեղվի լեզվի կանոններից»:

Բանաստեղծ Լեւոն Բլբուլյանն էլ ասում է, որ ինքը մշտապես հետեւում է իր այն բանաստեղծությունների ճակատագրին, որոնք պետք է երգեր դառնան: Նրա երգերը լեզվական անհարթություններ չեն ունենում, որովհետեւ համագործակցում է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են իր քույրը՝ Ժաննա Բլբուլյանը, Կոնստանդին Օրբելյանը եւ այլք: Ի դեպ, բանաստեղծը նկատում է նաեւ, որ ինքը բավականին նմանություններ ունի կոմպոզիտոր Օրբելյանի հետ. երկուսն էլ բծախնդիր են երգ գրելու հարցում:

Վերը բերված օրինակների շարքը անընդհատ կարելի է շարունակել… Իսկ տեսնես այս խնդրի էությունը գոնե մի քիչ մտահոգո՞ւմ է հայ երգիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել