Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից զոհվել է Վյաչեսլավ Մալաֆեեւի կինը

Մարտ 18,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հիմնական դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեեւի կինը՝ Մարինա Մալաֆեեւան, երեկ վաղ առավոտյան անձնական օգտագործման «Bentley» մակնիշի ավտոմեքենայով Պրիմորսկոյե խճուղում մեծ արագությամբ բախվել է գովազդային վահանակներից մեկին եւ տեղում մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների, մեքենայի մեջ եղել է նաեւ մի երիտասարդ տղամարդ, որի անձն իրավապահ մարմինները երեկ պարզում էին: Վերջինս չափազանց ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը դարպասապահին հրավիրել էր ուսումնամարզական հավաքի՝ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ընտրանիների հանդիպմանը, իսկ դրանից հետո Դոհայում Քաթարի հավաքականի հետ ընտրական խաղին նախապատրաստվելու:

Հասկանալի է, որ Մալաֆեեւը, ամենայն հավանականությամբ, երեւանյան խաղին չի մասնակցի: Ավելին, նրա ակումբը՝ «Զենիթը», երեկ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հանդիպելու էր «Տվենտեի» հետ ու դարպասին, ամենայն հավանականությամբ, կանգնելու էր Մալաֆեեւի փոխարինողը՝ Յուրի Ժեվնովը:

Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ցավակցություն է հայտնել Մալաֆեեւին, իսկ «Սովետսկի սպորտի» թղթակցին ասել է. «Ի՞նչ կարելի է ասել: Դա սարսափելի է: Այս պահին չեմ էլ ցանկանում քննարկել հավաքական՝ ուրիշ դարպասապահ հրավիրելու խնդիրը: Շաբաթ օրը կլինեմ Ռուսաստանում, կհանդիպեմ մարզչական շտաբին, որից հետո միայն ինչ-որ որոշում կկայացնեմ»:

«Առավոտը» եւ հայ ֆուտբոլասերները նույնպես ցավակցում են Վյաչեսլավ Մալաֆեեւին եւ ափսոսանք հայտնում, որ մարտի 26-ին Հանրապետական ստադիոնում, հնարավոր է, չտեսնեն նրա բարձրակարգ խաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել