Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽՔԱՆ ՀՐԱՄԱՅԵԼԸ՝ ՄՏԱԾԵՔ

Մարտ 24,2011 00:00

\"\"Մի հեգնեք, մի արհամարհեք եւ մի կոպտեք…

Հրամայել սիրում են բոլորը, իսկ առավել շատ նրանք, ովքեր համապատասխան դիրք են զբաղեցնում կյանքում: Սակայն անկախ սեռից, տարիքից, զբաղեցրած դիրքից՝ ակամայից բոլորն էլ հրամայողներ են: Բայց միշտ չէ, որ մեր հրամանները կատարվում են, ու ոչ միշտ է, որ մենք գոհ ենք մնում թեկուզ կարգադրությունը տեղ հասնելուց: Անգամ կարգադրելիս՝ պետք է շատ զգույշ լինել, եթե նույնիսկ դուք «շեֆ» եք: Ինչո՞ւ հրամանները չեն կատարվում. այս հարցը կհետաքրքրի երեւի թե շատ ղեկավարների: Պարզվում է՝ գոյություն ունի կարգադրությունները չկատարելու կամ սխալ կատարելու մի քանի պատճառ: Մեկը՝ հրամանի թյուրըմբռնումն է: Չէ՞ որ կարող է միայն թվալ, թե մենք բոլորս խոսում ենք մեկ լեզվով: Իրականում միեւնույն բառերը տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ ընկալել: Գոյություն ունեն մի շարք պայմաններ, որոնցից կախված է այն, թե ինչպես ենթակաները կհասկանան կարգադրության էությունը:
Օրինակ, թյուրըմբռնման պատճառ կարող են հանդիսանալ ոչ կոնկրետ հրամանները:  Հաճախ ղեկավարներն իրենց հրամաններն ու հրահանգները խառնում են: Երբեմն էլ միջանձնային համակրանք-հակակրանք է  առաջանում ղեկավար-աշխատող փոխհարաբերություններում:
Այստեղից հետեւում է հրամանները չկատարելու մյուս պատճառը. ենթակայի կողմից ղեկավարի պահանջի չընդունումը: Չէ՞ որ հասկանալ՝ դեռ չի նշանակում ընդունել: Բանը սովորաբար ոչ թե ըմբռնման բացակայության մեջ է, այլ ղեկավարի դիրքերից ենթակայի հետ համաձայնության ձեռքբերումը: Չընդունումը կարող է տարբեր ձեւեր ընդունել. ստացված հրամանի հանրայնորեն վիճարկումից մինչեւ թաքուն սաբոտաժը: Այստեղ ղեկավարները մեծ սխալ են գործում՝ ասելով. «գիտես, ես քեզ հիմա կապացուցեմ, որ դու…» եւ սկսում են ենթակայի վրա փաստարկների հեղեղ թափել:
Ղեկավարի եւ ենթակայի միջեւ կոնֆլիկտը հաճախ ծագում է հենց հրամանների արձակման ժամանակ: Չէ՞ որ հենց կառավարչական շփման այդ փուլում է ղեկավարն ամենից շատ ներխուժում այլ մարդու ներաշխարհ, այսինքն՝ ակտիվորեն հարկադրում է ինչ-որ գործողություններ կատարելու, որոնք կարող են արմատապես հակասել նրա հայացքներին, համոզմունքներին, կենսական արժեքներին:
Հոգեբանների ձեւակերպմամբ՝ հրամանը չպետք է պարունակի հեգնանք, երկիմաստություն, այլ պետք է լինի կոնկրետ, բացառի երկակի մեկնաբանությունը: Միշտ պետք է հիշել ինտոնացիաների մասին: Բոլորի հետ էլ պատահած կլինի, որ  ղեկավարը ճիշտ դիտարկումներ անի, սակայն՝ ագրեսիվ, կոպիտ տոնով, ինչը սխալ է: Ոչ մի դեպքում «շեֆը» չպետք է իր աշխատողի հասցեին կոպիտ կատակներ անի,  չպետք է հեգնանքով խոսի, ծաղրական ժպտա, հրամանները արհամարհական տոնով հնչեցնի:
Հոգեբանները նշում են, որ հրամանը չպետք է սկսվի բացասական խոսքերով եւ դրա ձեւակերպման ժամանակ չպետք է քննադատական տոնով ասել՝ «անցյալ անգամվա պես չանես, չսխալվես, թե չէ…»: Ի վերջո, հրամայելն ամենից առաջ արվեստ է, եւ պատասխանատու գործի անցնելու հետ մեկտեղ հարկավոր է տիրապետել դրան, եթե ուզում եք խուսափել մի շարք  խնդիրներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել