Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԻԱԼՆԵՐԻՑ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ

Մարտ 25,2011 00:00

60-70 տարեկան շատ կանայք սկսել են գրանցվել ամուսնական գործակալություններում

«Նա պետք է լինի բարոյական, մաքրասեր, համեստ, կանացի». սա ծանոթության եւ ամուսնական գործակալություններում գրանցված տղամարդկանց հիմնական պահանջն է՝ իր ապագա երկրորդ կեսից: Իհարկե, բոլոր ժամանակներում տղամարդկանց նաեւ խիստ հետաքրքրում են կանանց արտաքին տվյալները, մասնավորապես՝ բարեմասնությունները, աչքերն ու ոտքերը: Ինչպես պարզեցինք մի քանի նման գործակալությունների հետ զրույցում՝ կանայք հիմնականում պահանջում են այսպիսի տղամարդկանց՝ «խելքը գլխին լինի, բարեկիրթ ու բարեհամբույր, ֆինանսապես ապահովված»:

Վերջին տարիներին հոլիվուդյան ֆիլմերն ու բրազիլական սերիալներն իրենց ազդեցությունը թողել են հայ մեծահասակ կանանց վրա: Եթե առաջ ամուսինը կորցրած 50-60 տարեկան կինը կբավարարվեր միայն տան գործերով, թոռներ պահելով՝ հիմա եվրոպացի տատիկների պես ուզում են իրենց բախտը նորից փորձել. լուսանկարները գցում են ինտերնետ, տվյալները թողնում են ծանոթությունների գործակալությունում ու սպասում բախտին: Մեզ հետ զրույցում «Հանդիպում» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը պատմեց, որ վերջերս իրենց մոտ գրանցված մի 69-ամյա կնոջ ծանոթացրել են 70 տարեկան մի շատ ժիր պապիկի հետ. «Մի քանի անգամ հանդիպել են, իրար հավանել են ու շատ գոհ են: Այդ պապիկը պոլիտեխնիկում դասախոս է, կինը մահացել է, ամեն ինչ ունի՝ շքեղ պայմաններ, մեծ եռանդ, միայն իրեն միայնակ էր զգում: Մի՛ զարմացեք, սերիալների ազդեցությունն իսկապես կա, մարդիկ չեն ուզում նույնիսկ 1 օր մենակ մնալ»:

Պարզվում է՝ ամուսնական գործակալություններին դիմում են ոչ միայն նրանք, որոնք, այսպես ասած՝ «քիչ շանս» ունեն ամուսնանալու, այլեւ՝ անթերի գեղեցկուհիներ. «Մեզ մոտ 20 տարեկան մի չքնաղ գեղեցկուհի է գրանցվել, նրան մայրն է բերել, ասում է՝ նման գեղեցիկ աղջիկ ունենալը հոգս է, ուզում է շուտ ամուսնացնի, որ պրծնի, որովհետեւ ամեն օր տանում են դասի, բերում են, անընդհատ փողոցում ազդանշաններ, ռեպլիկներ: Մայրը վախենում է: Կա դեպք, երբ հայրն է բերել աղջկան ու գրանցել, իր աղջկա համար հարմար ամուսին է փնտրում»: Ն Մարտոյանը գտնում է, որ ամենաբարդը մանկավարժներին ամուսնացնելն է, նրանք ողջ կյանքի ընթացքում ուզում են դաս տալ բոլորին. «Որպես կանոն, մանկավարժ կանանց թվում է, թե իրենց ամուսինն իրենց աշակերտն է ու ոնց ուզեն՝ կկրթեն, իսկ տղամարդիկ չեն հանդուրժում նման բաներ»: Մի ուշագրավ տվյալ եւս հաղորդեց կենտրոնի տնօրենը. քիչ պահանջարկ ունեն 30-ից բարձր օրիորդները. «Տղամարդիկ, եթե փնտրում են 40-50 տարեկան կին՝ ամուսնանալու նպատակով, ապա նախընտրում են, որ նա չլինի օրիորդ, որովհետեւ այդ տարիքի օրիորդները ծանր բնավորություն են ունենում: Օրերս մի 45 տարեկան տղամարդ, որը երբեք չէր ամուսնացել, ցանկություն հայտնեց ամուսնանալ 2 երեխա ունեցող կնոջ հետ»: Քիչ պահանջարկ ունեն նաեւ չափազանց համեստ աղջիկներն ու տղաները. «Որովհետեւ մինչեւ նրանք անում են մե՜կ, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս՝ ուրիշներն արդեն պարում են 14»:

Մեր հարցին՝ կանայք շա՞տ մեծ ուշադրություն են դարձնում տղամարդու ֆինանսական կարգավիճակին՝ Ն. Մարտոյանը պատասխանեց, որ այո. «Դա շատ նորմալ է, որովհետեւ կնոջը բարեկեցիկ կյանք է պետք: Մի քանի օր առաջ 46 տարեկան հարուստ կին գրանցվեց՝ սալոնի տնօրեն էր: Նա փնտրում էր իր կարգավիճակի տղամարդու, ոչ թե անբանի: Ասում էր, որ եթե ես «Ջիպ» ունեմ՝ նա չպիտի «զապ» ունենա: Այդ կարգի կնոջը չի կարելի ծանոթացնել խեղճուկրակ մեկի հետ»:

«Երջանկության գաղտնիք» ծանոթության եւ ամուսնական կենտրոնում մինչեւ 28 տարեկան տղաներին չեն գրանցում, որովհետեւ գտնում են, որ այդ տարիքում նրանք, ի տարբերություն աղջիկների, լուրջ չեն: Չեն գրանցում նաեւ 20-30 տարեկան աղջիկների փնտրող 70-ամյա պապիկների: «Նրանց այդ տարիքում ավելի շուտ դայակ է պետք»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Իլոնա Բաղիշյանի ամուսինը՝ Արթուր Թումանյանը: Նրա խոսքերով՝ «Այստեղ ծանոթությունների «կլուբ» չի, odnoklassnik-ը չի, facebook-ը չի՝ մենք լուրջ գործ ենք անում եւ մեզ դիմում են կայացած մարդիկ: Շատ է պատահում, որ դիմում են՝ ուզում են պարզապես ժամանակ անցկացնել՝ մենք չենք գրանցում: Եղել է, որ ամուսնացած տղամարդ է դիմել ու խաբել է մեզ՝ մենք շատ արագ նրա տվյալները հավաքել ենք ու պարզել: Մենք նույնիսկ չենք գրանցում այն մարդկանց, որոնք նոր-նոր են ամուսնալուծվել, որովհետեւ նրանք տաքացած են լինում, խորհուրդ ենք տալիս, որ ժամանակ անցնի»: «Երջանկության գաղտնիքում» գրանցվելու համար պահանջում են 14900 դրամ, որից 5000-ը պետք է տան տվյալները թողնելիս, իսկ մնացածը՝ առաջին հանդիպման ժամանակ պայմանագիրը լրացնելիս: Արթուրը վստահեցնում է, որ շատ դժվար գործ է՝ եկամտի համեմատ. «Բզիկներով մարդիկ կան, որոնք շատ քմահաճ են, կառչում են ամեն ինչից ու նրանց դժվար է ամուսնացնել: Կան, որ նշում են, թե ինչ անուն պիտի չունենա փնտրվող տղամարդը, ասենք՝ Վազգեն չլինի, որովհետեւ այդ անունով ում ճանաչում է՝ վատ մարդիկ են: Մենք միայն չենք ծանոթացնում, հոգ ենք տանում, որ մարդիկ իրար ճիշտ մոտենան, շատերը չգիտեն՝ առաջին հանդիպմանն իրենց ոնց պահեն: 50 տարեկան տղամարդ կար, որին ստիպված էինք քաղաքավարի հուշել, որ կնոջ հետ հանդիպման գնալուց առաջ սափրվի ու մի փունջ ծաղիկ վերցնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել