Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱՃԸ ԱԲՈՐՏԻ ԳԻՆՆ ԷԼ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ

Մարտ 31,2011 00:00

Անօրինական աբորտներ անելն այսօր ձեռնտու չէ

Մինչ ողջ քաղաքակիրթ աշխարհը հակաաբորտային պայքար է տանում եւ մի շարք օրենքներով արգելում աբորտ անելը, մեր երկրում այդ գործընթացը բնականոն հունով ընթանում է, եւ հանրապետությունում տեղի ունեցող գնաճին զուգահեռ՝ նաեւ աբորտների գինն է բարձրանում: Ընդ որում, այդ ամենն արվում է պետականորեն, եւ գումարը մուծվում է ուղիղ դրամարկղ: Մինչդեռ աբորտը հղիության ընդհատման բժշկական միջամտություն է, որի արդյունքում շատ կանանց առողջությանը հասցվում է զգալի վնաս, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանուկին՝ զրկում կյանքի իրավունքից: Մինչեւ այդ քայլին դիմելը՝ հղի կինը, որը ցանկանում է հրաժարվել իր չծնված երեխայից, պետք է լավ մտածի, քանի որ հետեւանքները կարող են անդառնալի լինել՝ խրոնիկ բորբոքումներից մինչեւ չբերություն: Այս մասին բազմիցս ահազանգում են մասնագետները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, աշխարհում մայրական մահացության 13%-ը պայմանավորված է հղիության ոչ անվտանգ ընդհատման բարդություններով, ինչի հետեւանքով ամեն տարի աշխարհում 70 հազար կին է մահանում:
Թե որո՞նք են հղիության արհեստական ընդհատման առավել անվտանգ մեթոդները եւ իրականում ի՞նչ արժե աբորտ անելը մեր երկրում, փորձեցինք ճշտել Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից: Նրա խոսքերով, հղիության ընդհատման անվտանգ մեթոդները տարեցտարի ավելանում են. «Եթե նախկինում սովորաբար այդ գործընթացը կատարում էին գործիքներով, վերջին տարիներին արդեն «մինի վակուում» են անում, երբ, իհարկե, պտուղը փոքր է լինում: Ցանկալի է, որ լինի 5-6 շաբաթական: Վերջերս տարածված է նաեւ հղիության դեղորայքային ընդհատումը, որը եւս անվտանգ է: Անվտանգ է առաջին հերթին նրանով, որ առանց որեւէ գործիք օգտագործելու՝ առաջանում է հղիության ընդհատում, իսկ գործիքների միջամտությամբ կատարված հղիության ընդհատումները լինում են հետեւանքներով, մասնավորապես՝ բորբոքումներ են առաջանում, ինչից էլ կարող է չբերություն լինել»:
«Առավոտի» տեղեկություններով, հանրապետությունում հայտնի գինեկոլոգների մոտ աբորտ անելը բավականին թանկ արժե՝ 30-40 հազար դրամ: Չնայած դրան, պարոն Աբրահամյանը վստահեցրեց, որ պետականորեն աբորտի գին է սահմանված 12500-13000 դրամը. «Խոսքը պետպատվերով իրականացվող հղիության արհեստական ընդհատումների մասին է. պտուղը մահացած է կամ կինը ունի արտասեռական հիվանդություններ եւ նրա կյանքին վտանգ չսպառնալու համար պետք է հղիությունը ընդհատել կամ կան պտղի զարգացման արատներ: Կինը հղիությունը կարող է ընդհատել նաեւ սոցիալական դրդապատճառներով՝ օրինակ, եթե բռնագաղթած է, դատապարտյալ է, ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում է, հղիության ընթացքում ամուսինը մահացել է, հղիացել է բռնաբարությունից հետո: Այս դեպքում էլ է հղիությունն ընդհատվում կնոջ ցանկությամբ, բայց արդեն պետպատվերի շրջանակներում: Միայն անցանկալի հղիության ժամանակ է հղիության արհեստական ընդհատումը վճարովի եւ այդ գինը սահմանում են բժշկական հաստատությունները»:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ հղիության արհեստական ընդհատումն արժե 35-40 հազար դրամ: Եթե պտուղը փոքր է՝ նախապատվությունը տրվում է համեմատաբար անվտանգ վակուումային տարբերակին: «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում այդ ծառայությունը 21-28 հազար դրամ է, այստեղ էլ աբորտի 2 մեթոդ է կիրառվում՝ տեղային անզգայացումով կամ նարկոզով: «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» հղիությունն ընդհատում են 25-36 հազար դրամով՝ տեղային անզգայացումով, նարկոզով կամ առանց դեղորայքի: «Նաիրի» բժշկական կենտրոնում միայն ու միայն անզգայացումով են անում եւ այն արժե 40 հազար դրամ:
Նկատենք, որ միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում նշեցին, որ հղիությունը պետք է լինի 12 շաբաթականից ոչ ավելի, որը նաեւ կանանց վերարտադրողականության մասին օրենքի պահանջն է: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ասացին, որ հղիության արհեստական ընդհատման գինը կախված է պտղի չափից, պետք է բժիշկը հետազոտի եւ նոր միայն պարզ կլինի, թե ինչ կարժենա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից էլ տեղեկացրին, որ չեն կարող հստակ գին ասել: «Նյու մեդ» ուրոլոգիայի կենտրոնում էլ աբորտի գները գաղտնի էին պահում, սակայն կարեւորում էին նախքան հղիության ընդհատմանն անցնելը՝ մանրամասն հետազոտվելը: Նրանց մասնագետը հավաստիացնում էր, որ մեծ նշանակություն ունի, թե պացիենտն ինչ առողջական վիճակում է, նաեւ՝ երեխա ունի՞, թե՝ ոչ:
«Առավոտը» Ռազմիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են բուժհաստատությունները տարբեր գներ «կրակում»:
«Դա պայմանավորված է հիմնականում նրանով, թե ինչպիսի թանկարժեք դեղանյութ են օգտագործում հղիության ընդհատման համար՝ անզգայացման ժամանակ: Չնայած բոլոր դեպքերում էլ անզգայացումը պետք է լինի: Սակայն կան նաեւ հիմնարկներ, որոնք կարող են օգտագործել շատ թանկ դեղամիջոցներ: Կարեւոր է նաեւ բժշկական հաստատության ծառայությունները, հնարավոր է, որ նրանք այնտեղ մատուցեն հիգիենայի պարագաներ, սնունդ, անհատական սենյակ եւ այլն: Դրա համար էլ կլինեն տարբերություններ: Նշեմ, որ, ըստ կանոնակարգի, հղիության արհեստական ընդհատումները կարելի է իրականացնել միայն ստացիոնարում, քանի որ հնարավոր են հետագա բարդություններ, որպեսզի հնարավորինս արագ դրանք վերացվեն: Ինչ վերաբերում է նախքան հղիության ընդհատումն իրականացվող հետազոտություններին, ապա, այո, դրանք պարտադիր են՝ ասենք պարզելու հղի կինն ունի՞ արդյոք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից որեւէ մեկը կամ որոշվում է նաեւ արյան խումբը եւ այլն»: Մեր այն դիտարկմանը, թե  աբորտի համար շատ ավելի մատչելի գին էլ են պահանջում՝ 5-10 հազար դրամ, ի՞նչ է, դրանք որեւէ տեղ չե՞ն գրանցվում, պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Նախկինում, այո, եղել են նման դեպքեր: Երեւի արել են նրա համար, որովհետեւ կինը պետք է վճարեր 12 հազար, սակայն վճարել է 5000, նրանք էլ չեն գրանցել, եւ այդ գումարը դրել են գրպանները: Բայց դա հիմա արդեն հնարավոր չէ, քանի որ ամեն գումար վճարվում է դրամարկղ, իսկ ես որպես Հանրապետական ծննդատան տնօրեն, շահագրգռված եմ, որ դրամարկղ շատ գումար մտնի, այդ գումարի մի մասը գնում է հղիությունն ընդհատողին, եթե կինը պետք է վճարի 15 հազար կամ 25 հազար դրամ, դրա 25%-ը գնում է բժշկին, իսկ դա հենց այդ 5000-ն է, եթե ոչ ավելին: Արդեն առանց գրանցման անելը դառնում է անիմաստ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել