Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկապնակը՝ Սյունիքում

Մայիս 17,2011 00:00

Սյունիքում ավարտվեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական ներկապնակ» նկարչական փառատոնը։ Կազմակերպիչները, մինչեւ Սյունիք հասնելը, պլեներային` բացօթյա նկարչության փառատոն էին կազմակերպել Լոռու եւ Վայոց ձորի մարզերում, Արցախում։ Սյունիքի ընտրությունը եւս պատահական չէր, քանի որ այն ընդգրկուն է եւ նկարիչների համար շատ ցանկալի են Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջանների գույները։ 25 նկարիչ եղավ այդ տարածաշրջանի բնության գողտրիկ անկյուններում, պատմաճարտարապետական հուշարձաններում, հեռու-մոտիկ բնակավայրերում։ «Սյունիքն ինձ համար միշտ ստեղծագործական որոնումների անսպառ աղբյուր է եղել,- ասաց փառատոնի մասնակից, նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը,- այս անգամ Մեղրիում էի ու փորձում էի հասկանալ բնության այս գողտրիկ եւ շռայլ անկյունը։ Ցավոք, մեկ շաբաթը քիչ էր»։ Նման փառատոները նաեւ արդեն որոշակի ավանդույթներ են ձեւավորում։ Նախ տեղերում նրանց են միանում տարածաշրջաններում ապրող եւ ստեղծագործող նկարիչները։ Այս անգամ եւս բացառություն չեղավ։ Իսկապես, հետաքրքիր են տեղի եւ երեւանցի նկարիչների ստեղծագործական շփումները։
«Հաջողությամբ ավարտվեց եւս մեկ նկարչական փառատոն,- ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- նկարիչները ոգեւորությամբ, մեծ քանակի եւ որակի ստեղծագործություններով են վերադարձել Սյունիքից։
«Հայկական ներկապնակ» խորագիրը կրող նկարչական փառատոնին իրենց աջակցությունը բերեցին Սյունիքի մարզպետարանը, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրու, Ագարակի քաղաքապետարանները։ Ամենակարեւորն այն է, որ փառատոնը ճանաչում եւ հեղինակություն է ձեռք բերում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել