Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԾԽՈՂՆԵՐԻ ՈՒ ԾԽԱԽՈՏ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ

Մայիս 18,2011 00:00

\"\"2050 թվականին զարգացած երկրներում ծխողներ չեն մնա

Ծխելու վնասակարության մասին հաճախ ենք խոսում, լսում: Թերեւս ավելի հաճախ այդ զգուշացումը կարդում են ծխող անձինք, ովքեր տուփի միջից ծխախոտի յուրաքանչյուր հատիկ հանելիս, ամեն անգամ տեսնում են ակնառու արտահայտությունը՝ «Ծխելը վտանգավոր է առողջության համար»: Տեսնում են, բայց, միեւնույն է, շարունակում են ծխել:
Հետաքրքությունս դրդեց ինձ  փոքրիկ հարցում կազմակերպել՝ իմանալու համար, թե ինչու են մարդիկ սկսում ծխել: Պարզվեց, որ հարցվածները ծխել սկսել են մոտավորապես 13-23 տարեկանում: Այն հարցին, թե ի՞նչը ծխելու պատճառ դարձավ, պատասխանները տարբեր էին՝ հաճույքը, հետաքրքրությունը, շրջապատը, բանակը, հոգեկան ու նյարդային վիճակը, մեծերին նմանվելու կամ մոդայիկ ու ժամանակակից երեւալու ցանկությունը: Իսկ թե ինչն է ստիպում շարունակել ծխելը, մեծամասնությունը պատասխանեց՝ սովորությունը, կախվածությունը:
Հարցումս նաեւ ցույց տվեց, որ ծխախոտ գնելու համար մարդկանց հիմնական մասի ծախսած գումարը ամսական տատանվում է 8500- 30000 դրամի միջեւ (նայած՝ թե օրական քանի տուփ ու քանի դրամանոց են ծխում):
Ծխախոտը (Nicotiana), ծխատունկը կամ ծխենին մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ է: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Սերմերը Եվրոպա են բերվել 16-րդ դարասկզբին, 17-րդ դարում՝ Ռուսաստան, նույն դարավերջին՝ Կովկաս: Հայաստանում ծխախոտ սկսել են մշակել 19-րդ դարի վերջերից: Նրա չոր տերեւները պարունակում են 70 տեսակի քիմիական միացություններ՝ նիկոտին, սպիտակուցներ, ածխաջրեր, եթերայուղեր, խեժանյութեր, հանքային նյութեր եւ այլն:
Բժիշկները հաստատում են, որ թոքի քաղցկեղով հիվանների քանակի զգալի աճը պայմանավորված է ծխելով: Որքան երկարատեւ եւ ինտենսիվ է ծխում մարդը, այնքան ավելի մեծ հավանականություն ունի թոքի քաղցկեղով հիվանդանալու: Ամերիկյան հակաքաղցկեղային ընկերության տվյալներով՝ ովքեր օրական ծխում են երկու տուփից ավելի, 20 անգամ ավելի են հակված թոքի քաղցկեղով հիվանդանալու, քան չծխողները: Հայտնի է, որ բնակչության այն խմբերը, որոնց կրոնն արգելում է ծխելը, թոքի քաղցկեղով գրեթե չեն հիվանդանում: Բացի գլանակների թվից, նշանակություն ունի նաեւ ծխելու աստիճանը: Պարզվել է, որ մինչեւ վերջ ծխելը վտանգավոր է, քանի որ ծխախոտի վերջին 1/3-ի մեջ քաղցկեղածին նյութերի քանակը 3 անգամ ավելի է: Ծխամորճով ծխելը պակաս վտանգավոր չէ: Ծխամորճով ծխելիս այրման արգասիքների հիմնական զանգվածը կուտակվում է վերին շնչական ուղիներում՝ առաջացնելով քաղցկեղ:
«Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հ/կ-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ ներկայումս մատչելի են ծխելու նվազեցմանը նպաստող տարբեր բուժումները: Տվյալները վկայում են, որ ավելի քան մեկ միլիոն մարդ, սկսելով կիրառել նիկոտինային մաստակ եւ վերմաշկային սպեղանի, հաջողությամբ ձերբազատվել են նիկոտինային կախվածությունից: Սակայն կախվածության բուժումը միայն դեղամիջոցներով ավելի արդյունավետ է, քան դրա զուգակցումը վարքագծային բուժման հետ: Նիկոտինին փոխարինող բուժումը չի նախատեսում երկարատեւ կիրառություն եւ գերադասելի է միայն բուժման սկզբում:
Ծխախոտի դեմ պայքար է գնում նաեւ համացանցում: Միջազգային որոնողական համակարգերը, սոցիալական ցանցերը, հայտնի վիդեո հոսթինգ «YuoTube»-ը, ինտերնետ-աճուրդ «eBay»-ը արդեն հրաժարվել են իրենց կայքերում տեղադրել ծխախոտի գովազդներ: «Citigroup»-ի փորձագետներն էլ տարբեր երկրներում ծխողների թվի մասին վիճակագրական տվյալների հիման վրա հետազոտություն կատարելու արդյունքում հանգել են եզրակացության, որ վերջին տասնամյակի ընթացքում աշխարհում ծխողների թիվը նվազել է 9,4%-ով: Նրանք համոզված են, որ եթե այսպես շարունակվի, ապա 2050 թվականին զարգացած երկրներում ծխողներ չեն մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել