Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՀԵՐԹ ԱՆԳԱՄ ԱՆՁՐԵՎ ՉԻ ԳԱԼԻՍ

Մայիս 28,2011 00:00

Ամեն ինչ կիմանանք «հարսանիքից» հետո՞

ՀՀ Սահմանադրության հոդված 74.1-ում ամրագրված է. «Հանրապետության նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝
ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ,
բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում,
գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»:
Չկա ոչ մի տող այն մասին, թե ինչ ժամկետից առաջ կամ հետո հնարավոր չէ արձակել Ազգային ժողովը: Ըստ էության, վերը նշված պայմանները ցանկության դեպքում միշտ էլ կարելի է «ստեղծել», եւ իզուր են այն մտորումները, թե արդեն ժամկետները սպառված են, եւ ԱԺ-ն ցրելու հավանականություն ընդհանրապես չկա: Երկրի գլխավոր օրենքը տալիս է հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը, ըստ ամենայնի, չի օգտագործվելու, եւ դատելով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից՝ երկիրը գնում է հերթական ընտրությունների: Թեպետ ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչ կա երկրի նախագահի մտքում, մանավանդ, եթե շախմատիստ չէ:
Բնականաբար, ընդդիմադիր ուժերը պետք է հայտարարեն, որ միակ փրկությունն արտահերթ ընտրություններն են, եւ նույնքան բնական է, որ իշխանությունը պետք է պնդի, որ արտահերթի կարիք չկա: Թե ինչու են ընդդիմադիր քաղաքական ուժերը ձգտում արտահերթ ընտրությունների՝ պարզ է, այս ձգտումի մեջ կա կոնկրետ նպատակ՝ ավելի արագ եւ շտապ ճանապարհով հասնելու իշխանության: Եվ պարզ է նաեւ, թե ինչու է իշխանությունն իր հերթին շարունակ պնդում, որ արտահերթ ընտրությունների կարիք չկա, եւ ընդհանրապես՝ արտահերթությունը լավ բան չէ, խանգարում է երկրի կայուն զարգացմանը, շարունակականությանը եւ այլն: Կլինե՞ն, թե՞ չեն լինի արտահերթ ընտրություններ. սա հարց է, որն այսօր ոմանց հուզում է եւ հետաքրքրում: Այս պահին, համենայնդեպս, պարզ է, որ երկրի նախագահը մտադրություն չունի ցրել Ազգային ժողովը եւ առավել եւս՝ մտադրություն չունի հրաժարական տալ: Իսկ այս պարագայում կարո՞ղ են լինել այլ զարգացումներ: Դատելով այսօրվա զարգացումներից՝ կարող են, քանի որ իշխանությունները եւ ընդդիմությունը (նկատի ունեմ ՀԱԿ-ը), հատկապես այսօր՝ Սասունին եւ Նիկոլին ազատ արձակեուց հետո, այնպիսի ջերմ-փոխըմբռնելի հարաբերությունների մեջ են, որ անգամ եթե որեւէ արտահերթ ընտրություն լինի, կլինի ջերմ-բարեկամական մթնոլորտում: Մնում է միայն Ղարաբաղի հարցը, բայց սա էլ կարծես չի կարող արտահերթի առիթ լինել, քանի որ ոչ մեկը չի պատրաստվում «ծախել» Ղարաբաղը, եւ այդ մասին ամենից լավ գիտի հենց ընդդիմությունը: Իսկ մնացած հայտարարությունները զուտ քաղաքական են եւ թելադրված տվյալ դաշտում գտնվելու հանգամանքով, եւ ոչ ավելին:
Երեկ մենք փորձեցինք արտահերթ ընտրությունների հավանականության մասին հարց ուղղել ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկի նախագահին, վերջինս չուզեց պատասխանել կոնկրետ այդ հարցին եւ կատակեց. «Մնացածի մասին՝ հաջորդ դասին»: Մասնավոր զրույցներից պարզ դարձավ, որ անգամ ՀԱԿ անդամները չեն պատկերացնում, թե ինչպես են հնարավոր արտահերթ ընտրություններ, եւ մեզ մնում է ենթադրել, որ «մեզ մոտ նման բաների մասին իմանում են միայն հարսանիքի օրը», ինչպես կասեր «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոսը: Այսինքն՝ անգամ եթե ինչ-որ արտահերթ զարգացումներ լինեն, այդ մասին կանխավ իմացած կլինի երկու մարդ:
Արտահերթ ընտրությունների հավանականության մասին մեր հարցին պատասխանելով՝ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասաց. «Թերեւս Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը եւ ընդդիմությունը հազիվ թե կարողանան իրականացնել իրենց մաքսիմալիստական ծրագրերը: Իշխանությանը դեռեւս չի հաջողվի չեզոքացնել Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության գործոնը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իսկ ընդդիմությանը հազիվ թե հաջողվի հասնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների: Իմ գնահատմամբ՝ թերեւս բոլոր շախմատ խաղացողները եւ պրագմատիկ գործիչները գիտակցում են, որ Հայաստանը գնում է դեպի հերթական խորհրդարանական ընտրությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել