Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդներն աշխատում են մի քանի ուղղությունով

Հունիս 25,2011 00:00

\"\"Մրցաշրջան 2011-ին հայ ծանրորդները պատասխանատու մի քանի մեկնարկներ ունեն, որոնց մեջ գլխավորը նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի մեծահասակների առաջնությունն է: Հենց այդ ժամանակ է վերջնականապես պարզ դառնալու, թե 2012 թվականին Լոնդոնում Հայաստանը քանի՞ մասնակից կունենա տղամարդկանց եւ կանանց օլիմպիական մրցաշարերում: Իսկ մեր ծանրորդների առաջիկա միջազգային մեկնարկը հունիսի 30-ին Մալայզիայում մեկնարկող աշխարհի մինչեւ 23 տարեկան տղաների՝ 37-րդ եւ աղջիկների՝ 17-րդ առաջնություններն են: Պենանգի «Penang International Sport Arena» մարզապալատում Հայաստանից մրցահարթակ մտնելու են մեկական տղա եւ աղջիկ՝ 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը (հուլիսի 2-ին) եւ +105 կգ քաշային Գոռ Մինասյանը (հուլիսի 7-ին):
Առաջին հայացքից տարօրինակ է, որ այդ տարիքային խմբում ունենալով բավականին ուժեղ մարզիկներ, մեր ֆեդերացիան մրցավայր գործուղում է ընդամենը երկու հոգու: Իսկ թե ինչո՞ւ է այդպես որոշվել, «Առավոտին» պարզաբանեց ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: «Այո, երիտասարդ ծանրորդներ քիչ չունենք, սակայն մրցաշրջանի հագեցվածությունը հաշվի առնելով ենք այդպես նպատակահարմար գտել: Մեր ծանրորդներն առջեւում, բացի Մալայզիայից, եւս երեք կարեւոր առաջնություններ ունեն եւ պատրաստվում են նաեւ դրանց: Օգոստոսի 12-22-ին Չինաստանում կայանալու է 26-րդ Համաշխարհային ուսանողական խաղերը, որի ծրագրում առաջին անգամ շախմատի հետ միասին ընդգրկվել է նաեւ ծանրամարտը: Նախատեսվում է վեց ծանրորդի մասնակցություն: Դրանից մեկ ամիս հետո՝ սեպտեմբերի 10-18-ին, Լեհաստանն ընդունելու է Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնության մասնակիցներին: Դե, իսկ տարվա գլխավոր ստուգատեսը աշխարհի մեծահասակների առաջնությունն է Փարիզում (նոյեմբերի 5-13-ը), որտեղ օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար մեր թե տղաների, թե աղջիկների առջեւ լուրջ խնդիրներ են դրվելու: Հիմա մեր ծանրորդները նախապատրաստվում են այդ մեկնարկներին: Իսկ թե ով՝ որտեղ հանդես կգա, ֆեդերացիան եւ մարզչական խորհուրդը դեռ պետք է որոշեն: Սրանք են պատճառները, որ Մալայզիա մեկնում ենք ընդամենը երկու հոգով», – ասաց ֆեդերացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ անցած տարի Բուլղարիայում անցկացված մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 392 կիլոգրամով նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ 69 կգ քաշային Զորիկ Պողոսյանը բավարարվել էր 4-րդ տեղով՝ երկամարտում ցույց տալով 301 կգ: Հայաստանցի ծանրորդները նաեւ այս տարիքային խմբի աշխարհի ռեկորդների հեղինակներ են: Մասնավորապես, Մելինե Դալուզյանին է պատկանում 63 կգ քաշային կարգում հրում վարժության ռեկորդը՝ 135 կգ, որ նա սահմանել է 2007 թվականին՝ Ստրասբուրգում: Անգերազանցելի են մնացել նաեւ աշխարհի մեծահասակների ներկայիս չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանի՝ 2008 թվականին Լիգնանոյում պոկում վարժությունում բարձրացրած 158 կգ-ն եւ երկամարտի 346 կգ բարձրագույն նվաճումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել