Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՍՏԱԼԻՆՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Սեպտեմբեր 13,2011 00:00

Ժամանակավոր գերեզմաններից մինչեւ առանց կրթության բիզնեսմեն հյուպատոս

\"\"
Աբգար վարդապետը դեմ է «դանոսներին»:

\"\"
Եղիազար Ուզունյանը ազգասիրության սեփական
պատկերացումն ունի:

\"\"
Պատվո հյուպատոսի հետ տարաձայնության պատճառով հայերը հնագույն սուրբ Գեւորգ եկեղեցի չեն այցելում:

Տեր Աբգար վարդապետ Հովակիմյանը Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել 3 ամիս առաջ: Դրանից առաջ թեմը ղեկավարում էր տեր Տիրայր արքեպիսկոպոս Մարտիկյանը: Աբգար վարդապետը ասում է՝ դեռ ուսումնասիրությունների փուլում է եւ Բուլղարիային նայում է զբոսաշրջիկի աչքերով: Նրա խոսքով, խորհրդային տարիներին Բուլղարիան եւ Ռումինիան ունեցել են մեկ առաջնորդ, ում նստավայրը Ռումինիայում էր: Հայր սուրբը փաստում է, որ Բուլղարիայի հայոց եկեղեցին միակն է, որ դեռեւս ստալինյան կանոնադրությամբ է աշխատում, ու ինքը համապատասխան փաստաթուղթ է ուղակել Մայր աթոռ, որ հաստատվի, որպեսզի հնարավոր լինի կանոնակարգել ամեն բան: «Ամեն մեկը իր տեղը, դիրքը պետք է իմանա առաջնորդարանում, եկեղեցական վարչություններում, թեմական խորհուրդներում»,- ասում է առաջնորդական տեղապահը: Բուլղարիայում հայկական բոլոր կառույցները գործում են եկեղեցապատկան համայնքներում, սակայն միշտ չէ, որ եկեղեցու ու ազգային կառույցների ջրերը «նույն առվով են հոսում»: Օրինակ՝ Պլովդիվի «Վահան» թերթը վտարվել է եկեղեցապատկան շենքից, մյուս կազմակերպությունները եւս դուրս են եկել: Ավելին, եկեղեցական վարչությունը դատի է տվել «Վահանին»: Հայր Աբգարը այս խնդրի վերաբերյալ ասաց, թե դեպքերը կատարվել են իր՝ Բուլղարիա գալուց առաջ, եւ գործը պետք է ուսումնասիրել: Հետո էլ հավելեց. «Իրենք նախ գնացել էին դատարան եւ ոչ թե առաջնորդարան»: Ըստ հայր սուրբի, շենքը վթարային է եղել, դրա համար են բոլոր կազմակերպությունները դուրս հրավիրվել, իրականում շենքի մի մասը եկեղեցական վարչությունը վարձով է տվել: Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում Պլովդիվի պատվո հյուպատոս եւ եկեղեցական վարչության ատենապետ Եղիազար Ուզունյանը չթաքցրեց, որ «Վահանից» վրեժ է լուծել, քանի որ իրեն անհաճո նյութեր են տպագրել:
Աբգար վարդապետն էլ նշեց, որ բոլոր եկեղեցական վարչություններից պահանջել է հաշվետվություններ ու եկեղեցապատկան կալվածքների հետ կապված պայմանագրերը: «Կալվածքներ ունենք, որ չգիտենք, թե դրանց հետ տարիներով ինչպես են վարվել: Եկեղեցական վարչությունները գույքը տնօրինել են՝ ինչպես ցանկացել են: Շատ տարածքներ վարձով տրվել են գիշերային ակումբների»,- ասում է հայր սուրբը ու հավելում, որ մինչ իր նշանակումը առաջնորդարանի տակ գեյ-ակումբ է գործել: Ու երբ հարցրել է, թե ինչու են նման «կառույցի» տվել եկեղեցու տարածքը, ստացել է հետեւյալ պատասխանը. «Աղվոր դրամ կբերե»: «Ես ասացի՝ վայել չէ, որ գեյ-ակումբ լինի մեր եկեղեցական տարածքում, իրենք պնդում են՝ աղվոր դրամ կբերե: Ես իրենց բացատրում եմ՝ սիրելիներ, աղվոր դրամ կբերե նաեւ նարկոբիզնեսը, զենքի բիզնեսը, բայց ախր մենք եկեղեցի ենք, ինձ ասում են՝ ոչ»: Աբգար վարդապետը զարմացած է. «Բուլղարիայում մի տեսակ սովետական էլեմենտները շատ են, 20 տարի անցել է, բայց մարդիկ դեռ մեկը մյուսի վրա «դանոս» է գրում, իրար դատի տալիս»: Վարդապետն ուզում է բուլղարահայերի մեջ փոխել, իր խոսքով, սովետական մենտալիտետը, մտադրություն ունի զանազան ծրագրեր իրականացնել: Առաջիկայում կտպագրվի մի քանի գիրք՝ «Բուլղարիայի հայոց գանձերը», Պատարագը՝ հայերեն-բուլղարերեն, օրացույցներ, Շնորհալու «Հավատով խոստովանիմը» եւ այլն: «Այսքան տարիներ հայ եկեղեցին ընդամենը պահպանել է իր գոյությունը, մինչդեռ այսօր մարտահրավերներն այլ են, պետք չէ պասիվ լինել: Պաշտոնական հանդիպումների ժամանակ համայնքը ներկայացնող ոչ մի գիրք չկա… Այստեղ ամեն ինչ անձնականացված է, իրար մեջ սկսել են մարդը չնկատել, միմյանց մեջ կազմակերպություններ ենք տեսնում: Օրինակ, վերջերս Պլովդիվի դպրոցի հանդիսությանն էի մասնակցում ու շատ հավանեցի մի երեխայի ասմունք: Անունը հարցրի, ասացին՝ եկեղեցական վարչության անդամի թոռն է: Եղբայր, ես չասացի պատմությունը ներկայացրեք, ընդամենը երեխայի անունը հարցրի: Այստեղ բոլորն իրար բարեկամ եմ, եւ բոլորն՝ իրար դեմ»: Երբ հայր սուրբին փոխանցեցինք մեր տեղեկությունները, թե հայերը գերադասում են բուլղար քահանայի մոտ պսակվել կամ մկրտվել, քան այցելել հայկական եկեղեցի, նա չհամաձայնեց: Ինչ վերաբերում է եկեղեցական վարչություններին, նրա խոսքով, դրանք դեռեւս եկեղեցի չեն, քանի որ ընտրովի են: «Առավոտի» հետ զրույցում որոշ բուլղարահայեր պնդում են, որ այդ ընտրությունները կեղծված են եղել, որովհետեւ մասնակցել են նաեւ բուլղարներ, ավետարանչականներ: Աբգար վարդապետը կարծում է, որ բուլղարահայերը հաճախ ազգը դարձնում են մասնագիտություն եւ դրա վրա դրամ աշխատում:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Պլովդիվի եկեղեցական վարչության ատենապետ Եղիազար Ուզունյանին, ով փորձում էր արգելել ապրիլքսանչորսյան երթը, ասելով, թե Եղեռնի տարելիցը կլոր թիվ չէ եւ այս անգամ չարժե նշել: Ընդհանրապես՝ պլովդիվահայերը դժգոհում էին, թե նա հրաժարվում է մասնակցել հայկական միջոցառումներին, գերադասելով թուրքականը, քանի որ բիզնես-հարաբերությունների մեջ է թուրքերի հետ ու չարաշահում է պատվո հյուպատոսի իր դիրքը: Աբգար վարդապետի ասելով, ոչ մի հայկական կառույց էլ «նվեր չէ», նա ավելի տպավորված է Վառնայի հայկական համայնքով, որտեղ բոլորը մեկ ընտանիքի նման են, ու այդ քաղաքի պատվո հյուպատոս Սարգիս Սարգիզովից դժգոհություններ չկան:
Պլովդիվում պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանի հետ զրուցեցինք ոչ միայն հայկական գերեզմանների պղծումից, այլեւ համայնքի հետ լեզու չգտնելուց: Նա շուրջ 15 տարի եկեղեցական վարչության ատենապետն է, ասում է՝ հայկական սուրբ Գեւորգ եկեղեցին Պլովդիվի հնագույն կառույցներից է, իսկ համայնքը ամենամեծը՝ ողջ Բուլղարիայում: Իր կարծիքով՝ ինքը բարերար է, որովհետեւ Եղեռնի 90-ամյակի առիթով խաչքար է տեղադրել տեղի սուրբ Գեւորգ եկեղեցու բակում, պլովդիվահայերը, սակայն, կարծում են, որ այն պետք է լիներ քաղաքի կենտրոնական հատվածներում: Ե. Ուզունյանը ասում է, որ շատերը ոչ մի կոպեկ չեն տվել խաչքարի համար եւ նույնիսկ փորձում են քայքայել համայնքը: Մեր այն դիտարկմանը, որ ինքը որպես պատվո հյուպատոս հաճախ ներկայանում է թուրքական շրջանակներում՝ իր բիզնեսի շահերից ելնելով, օրինակ՝ մայիսի 28-ին մասնակցել է Թալեաթի ծննդավայր Կրջըլի համայնքում կայացած միջոցառմանը, մերժելով պլովդիվահայերի նույն օրը կայանալիք միջոցառման հրավերը, պարոն Ուզունյանը բերեց ազգասիրության իր փաստարկները. Պոլսո պատրիարքը իր խաթեր է 2 անգամ այցելել Պլովդիվի սուրբ Գեւորգ եկեղեցի եւ կնքել իր թոռանը, Պոլսից Պլովդիվի եկեղեցի է բերել Սվորովսկի քարերով ջահեր, հայկական դպրոցի նախկին տնօրենի օրոք, որն իր բարեկամն էր, ավտոբուս է տրամադրել երեխաներին: Նա ասում է, որ թուրք գործարարների ու գործիչների հետ հանդիպումներին իբրեւ գործարար է ներկայանում եւ ամեն քայլ համաձայնեցնում ՀՀ արտգործնախարարի ու Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանի հետ:
Մեր հարցին, ո՞րն է պատվո հյուպատոս դառնալու չափանիշը եւ ի՞նչ կրթություն ունի, պարոն Ուզունյանը պատասխանեց, թե որեւէ կրթություն չունի, ընդամենը էլեկտրատեխնիկական ապրանքների գծով բիզնեսմեն է, 100 աշխատող ունի եւ 30 տարվա կառավարման փորձ, ինչը, իր խորին համոզմամբ, լրիվ բավարար է:
Իսկ «Վահան» թերթը վռնդել է, որովհետեւ. «Ի՞նչպես պիտի վարվիս, երբ «Վահանին» եւ բուլգար լրագիրներին մեջը կգրեն, որ դուն գող ես, ավազակ ես եւ այլն… Ախր կարեւոր չէ՝ Ուզունյանը ով է, կարեւորը, որ հայ է եւ հայ համայնքի անունը խայտառակեցին, գրած էին, որ պատվո հյուպատոսը Հայաստանի եկեղեցիին փողը գողացել է, անկե ետքը այս համայնքը ի՞նչ կուզեք, որ ընե… պրոկուրատուրները գացած եմ քանի անգամ»: Խնդրեցինք մեկնաբանել՝ ի՞նչ ասել է «ժամանակավոր գերեզման», որովհետեւ բուլղարահայերը նեղսրտում էին, թե եկեղեցական վարչության ենթակայությամբ գործող գերեզմանատանը տարածքները ընդամենը 7-8 տարով են դրվում, դրանից հետո տապանաքարերը կամ դրանց վրայի մակագրությունները փոխվում են եւ նույն գերեզմանում ուրիշ հանգուցյալ թաղվում: Պլովդիվի պատվո հյուպատոսը չզարմացավ: Նա ասաց, որ այդպես են պահանջում բուլղարական օրենքները, իսկ իրենք ընդամենը գերեզմանատան վերահսկողությունն են իրականացնում. «Բուլղարիա անանկ է, եթե 1000-1200 հոգու գերեզման ունինք, 6000 հոգու ինչպե՞ս պետք է բավարարե: Ասած են, որ գերեզմանին քարերը գողցած ենք, ծախած ենք, մինչեւ Վեհափառ գրած են…»:
Նա ասում է, որ հասարակական հիմունքներով է աշխատում, իսկ պարոն Մանասարյանը մեկ տարի խնդրել է, որ ինքը համաձայնի լինել պատվո հյուպատոս: Ե. Ուզունյանը, ում որոշ պլովդիվահայեր մեղադրում են ապազգային գործելաոճի մեջ, կարծում է, որ ցեղասպանության ճանաչումը բավարար է, եւ բնավ պահանջատիրության հարց չկա. ասում է՝ ի՞նչ պիտի անենք այդքան հողերը, երբ վերադարձվեն: Նրա համոզմամբ, ցեղասպանությունը նախաձեռնել են ոչ թե թուրքերը, այլ չերքեզները, մասոնները եւ արեւմտյան պետությունները, իսկ շատ թուրքեր նույնիսկ փրկել են հայերին:
Պլովդիվի մոտակայքում ապրող Գեւորգ Գեւորգյանը, ով 18 տարի է Բուլղարիայում է, խնդրեց իր անունով հրապարակել սեփական դժգոհությունները Եղիազար Ուզունյանից: «Ուզունյանը թուրքաբնակ Կրջըլի համայնքի ղեկավար Հասան ազիզի հետ սուրճ է խմում եւ բիզնես է անում, նա եկեղեցական վարչության փողերն է շրջանառության մեջ դնում ու դրանից շահ ստանում: Նա երբեք չի մասնակցում ոչ մի ապրիլքսանչորսյան երթի: Ինչ վերաբերում է գերեզմանների պատմությանը, ապա նույնիսկ Նովի Զոգորա քաղաքի «Տելեգրաֆ» թերթը գրեց, որ հայկական գերեզմանները պղծվել են, ու եկեղեցական վարչությունից ոչ ոք պաշտոնապես չպատասխանեց դրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել