Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքին ու ադրբեջանցուն հաղթել է

Սեպտեմբեր 24,2011 00:00

\"\"8-ամյա Նարեկը եզրափակիչ դուրս չի եկել, բայց Օդեսայից «բաց ճակատով» է եկել

Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի հավաքականը վերջերս մեկնել էր Օդեսա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: 4 առաջին, 4 երկրորդ եւ 5 երրորդ մրցանակային տեղ զբաղեցրած մեր մարզիկները լուրջ տպավորություն են թողել մյուս մասնակից երկրների վրա, բայց մեզ՝ հայերիս համար ամենից ավելի նշանակալի էր միջին տարիքային խմբի երկու մենամարտ: Եզրափակիչում մեր մարզիկները հաղթանակ էին տարել ադրբեջանցի 2 մարզիկների նկատմամբ: «Առավոտի» հետ զրույցում Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը պատմեց. «Մեր թիմի առավելությունը կայանում էր նրանում, որ մենք Օդեսայում կարատեի դպրոցներ ունենք ու 3 մասնագիտացված մարզադահլիճներ, որտեղ հայերը մինչ մրցումները մի քանի օր տարբեր ազգի երեխաների հետ մարզվեցին: Մենք հուսով ենք, որ արդեն 1 տարի հետո կունենանք հենց Ուկրաինայում պատրաստված մարզիկներ, որոնք կմասնակցեն միջազգային խոշոր մրցումների»:
Մեր հավաքականի հետ Օդեսա էր մեկնել նաեւ 8-ամյա Նարեկ Գաբրիելյանը, որը հիշարժան երկու մենամարտ ունեցավ: Նարեկի խոսքերով՝ «Ես մի հատ թուրքի կրեցի, մի հատ էլ ադրբեջանցու, երկուսն էլ ինձնից մեծ էին՝ 11 տարեկան»: Միայն հայ մարզիկի հետ մենամարտում Նարեկը պարտություն կրեց ու եզրափակիչ դուրս չեկավ, թեեւ մարզիչներն ասում էին, որ ամենակարեւորը իրենց թիմի պատիվը բարձր պահեց:
Նարեկը երկկողմանի ծնողազուրկ է, սոցիալապես անապահով ընտանիքից: Ֆեդերացիայի փոխնախագահը հիշեց, թե ինչպես է տարիներ առաջ երեխայի խնամակալը՝ երկրորդ կարգի հաշմանդամ պապիկը խնդրել, որ իր թոռանն ընդգրկեն կարատեի խմբում ու նրա հետ պարապեն. «Նարեկն իրոք մեծ ձգտում ունի: Չնայած փոքր տարիքին, շատ աշխատասեր է ու, ի տարբերություն մյուսների, պարապմունքների գալիս է ամեն օր»: Նարեկի ընտանիքը «Զանգակատուն» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներից է: Բնականաբար, մարզիկի կարիերա անելու համար լուրջ գումարներ են պետք, որովհետեւ սկսած պարապմունքների ամսավճարից մինչեւ տարբեր մարզերում անցկացվող ուսումնամարզական հավաքները՝ ծախսեր են: Սակայն Նարեկի մեջ հեռանկարներ տեսնելով՝ ֆեդերացիան պարապմունքների համար ամսավճար չի վերցնում, իսկ ամեն հավաքի, մրցումների համար «Զանգակատան» միջնորդությամբ առանձին հովանավորներ են գտնում: Նարեկն արդեն 7 գոտի ունի: Ինչպես ինքն է բացատրում՝ «Հիմա շագանակագույն գոտի ունեմ, մնաց երկու գոտի, որ հասնեմ սեւ գոտու: Հայաստանի առաջնությունում գրավել եմ առաջին տեղը, 3 հատ առաջին մրցանակ ունեմ, Սեւանի մրցաշարից 1 հատ գավաթ ունեմ, 1 հատ երկրորդ մրցանակ ունեմ ու 5 հատ՝ երրորդ մրցանակ, որոնք ստացել եմ տարբեր առաջնություններում»: Նարեկը երազում է, որ շուտ մեծանա ու մարզիչ աշխատի. «Պիտի մեր ֆեդերացիայի նախագահի՝ Գոռ Վարդանյանի պես ուժեղ լինեմ»: Մեր հարցին՝ իսկ չե՞ս ուզում Գոռ Վարդանյանի ֆիլմերում նկարահանվել, նա պատասխանեց. «Հա, բայց պիտի մեծանամ, որ ինձ էլ տանի, ինքը մեծերին է տանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել