Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 05,2011 00:00

Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման միջգերատեսչական հանձնախմբի նիստը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ավարտին են մոտեցել հանձնախմբի կողմից կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի մշակման տեւական աշխատանքները: Ծրագիրն այնուհետեւ ներկայացվելու է ԱԱԽ քննարկմանը եւ հավանության արժանանալու դեպքում կվավերացվի ՀՀ նախագահի կողմից՝ համապատասխան իրավական ակտով:
Արթուր Բաղդասարյանը նշել է, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարը Հայաստանի համար ոչ միայն հանրային գերակայություն է եւ ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ, այլեւ ներառված է ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակում: ԱԱԽ տարեկան պլանի համաձայն՝ մինչեւ տարեվերջ պետք է քննարկման դրվի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որը հնարավորություն կտա հանցավոր խմբերի դեմ առավել համակարգված եւ արդյունավետ պայքարի ճիշտ գործիքներ կիրառել: 
«Վերջին շրջանում հանրապետությունում նույնպես նկատվեց կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության աճ: Մեր իրավապահ մարմինների, հատկապես ոստիկանության ջանքերի շնորհիվ վերջերս վնասազերծվեց ավազակային հանցավոր խմբավորում, որը Երեւան քաղաքում լայնածավալ գործողություններ էր իրականացնում: Կազմակերպված հանցավորությունը աճի միտում ունի ընդհանրապես ամբողջ աշխարհում: Հայաստանն անմասն չէ, եւ այս փաստաթղթի ընդունումը կարեւոր նշանակություն ունի, որին պետք է հաջորդեն, եթե անհրաժեշտ կլինի, համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտեր, ֆինանսական միջոցների հատկացում, որպեսզի այս չարիքի դեմ պայքարը մեր երկրի կողմից իրոք կրի համակարգված բնույթ»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ծրագրի հիմնական ուղղությունները ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը: Պարոն Օսիկյանի հաղորդմամբ՝ փաստաթուղթը մշակվել է այն բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունների մասնակցությամբ, որոնք թե ուղղակիորեն, թե անուղղակի կերպով առնչվում են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հետ, այդ թվում՝ ՀՀ ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, արդարադատության եւ ֆինանսների նախարարություններ: Ծրագրում տեղ են գտել ՀՀ նախագահի աշխատակազմի, ԱԱԽ աշխատակազմի, ինչպես նաեւ աշխատանքներում լայնորեն ներգրավված ԵՄ փորձագետների դիտարկումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել