Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետը 2012-ին առաջադրվելու է

Հոկտեմբեր 05,2011 00:00

 Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը հայտարարեց, որ «Կապանյան օրեր» երկօրյա տոնական միջոցառումների վրա ծախսվել են տասնյակ միլիոններ,մի մասը՝ հովանավորների (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «Դինո Գոլդ մայնինգ քամփնի») օգնությունն է. մարզադաշտում կայացած համերգային ծրագիր՝ 15 միլիոն դրամ, Շահումյան փողոցում Խաղաղության պուրակ-հրապարակ՝ 54 միլիոն եւ այլն:
Գլենդելահայ բարերար Անահիտ Զաքարյանի համաֆինանսավորմամբ՝ Կապանի մանկապարտեզներից մեկի խոհանոցն է նորոգվել:
«Կցանկանայի, որ Կապանի տոնը քաղաքում անցկացվող տոներից ամենաշքեղն ու ամենալավը լինի եւ լինի ավանդույթ: Այդ օրը մեր համաքաղաքացիներն իրար շնորհավորում էին, բոլորիս տոնն է դարձել, սա շատ ուրախալի փաստ է: Ես ամեն ինչ անելու եմ, որ քաղաքի տոնն ավելի ընդգծված ու շքեղ լինի տարեցտարի»,- նշեց Արտուր Աթայանը:
Տոնն ու տոնական միջոցառումները, սակայն, չեն վերացնում առկա խնդիրները: Ըստ քաղաքապետի, այսօր առավել հրատապ է մարզկենտրոնի նախադպրոցական  հաստատություններում նոր խմբասենյակներ բացելու խնդիրը: Ուրախալի է, որ Կապանում շատ են նախադպրոցական տարիքի երեխաները, բայց ցավալի է, որ մանկապարտեզները աշխատում են գերհագեցած խմբերով, 20-25 հոգանոց խմբեր ունելու փոխարեն` գործում են 30 եւ ավելի հոգանոց  խմբեր ու նախադպրոցական տարիքի երեխաներ կան, որ խմբասենյակների բացակայության պատճառով մանկապարտեզ չեն հաճախում: Քաղաքի չորս մանկապարտեզներում կան ազատ, բայց չնորոգված խմբասենայկներ, նորոգված լինելու դեպքում եւս 120 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կունենա: Այս չորս սենյակի նորոգման եւ կահավորման համար մոտ 50 միլիոն դրամ է պետք: Քաղաքապետը դիմել է ՀՀ վարչապետին, Կապանի քույր քաղաք Գլենդելին, այլոց:
Կապանցիները դժգոհում են, թե քաղաքում աղբահանության աշխատանքներում թերություններ կան, քաղաքի տարբեր հատվածներում թափված աղբ կա: Արտուր Աթայանը խոստացավ, որ աղբահանությունն ավելի հետեւողական կիրականացվի, սակայն այստեղ մեծ է նաեւ բնակչության դերը: «3 օր առաջ բացեցինք Շահումյան փողոցի Խաղաղության պուրակը, այնտեղ տեղադրված է 16 աղբաման, բայց հաջորդ օրն այնտեղով անցնելիս ամբողջ բակը շատ կեղտոտ ու խայտառակ վիճակում  էր, նույնիսկ  նստարաններն են արդեն ջարդված, ինչքան էլ կոմունալը լավ աշխատի,  մինչեւ բնակիչները սրտացավ չլինեն ու չօգնեն, հակառակ պատկերը կերեւա» – ասաց քաղաքապետը:
Հաջորդ կարեւորագույն խնդիրը Կապանի օդանավակայանի գործարկումն է: Ըստ պարոն Աթայանի, ներդրողներ կան: Քաջարանի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունն ու վերջերս Կապան ժամանած «Դանդի փրեշըս մեթըլս» կանադական ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանը  պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել, սակայն այստեղ խնդիր կա: «Քաղաքական խնդիր կա, ինքնաթիռը բարձրանալու ժամանակ ազատագրված տարածքով է անցնում, դրա համար էլ դեռ խնդիրը մնում է չլուծված: Կա նաեւ 2-րդ օդանավակայան կառուցելու տարբերակը, դա եւս քննարկվում է, բայց այն բավականին մեծ գումարների հետ է կապված, եւ այսօր ես դա իրատեսական չեմ համարում: Առաջնայինը ներկայիս օդանավակայանի վերագործարկման հարցն է, որի համար նաեւ մի շարք կապանցիներ  են պատրաստակամ միջոցներ հատկացնել», -հավելեց նա:
Հոկտեմբերին լրանում է Արտուր Աթայանի պաշտոնավարման 3-րդ տարին, այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է եկող տարի կրկին մասնակցել քաղաքապետի ընտրությանը, Արտուր Աթայանը պատասխանեց, որ թեեւ դրա մասին խոսելը դեռ վաղ է, բայց, միեւնույն է, արդեն որոշում կայացված է՝ ինքն իհարկե կառաջադրի իր թեկնածությունը, դեռ անելիքներ ունի քաղաքի համար:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել