Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ իրար մրցանակ տալուն»

Հոկտեմբեր 05,2011 00:00

«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց մրցանակից

Բոլորն ուրախ էին, երջանիկ եւ գոհ, իրար պատվոգրեր էին հանձնում եւ շնորհավորում, բայց բեմ ելավ «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ «փչացրեց» բոլորի տրամադրությունը: Դեպքը պատահեց երեկ՝  ԱՊՀ երկրների միջազգային եւ հանրապետական «Գրքարվեստ» մրցույթների դիպլոմների հանձնման արարողությանը: Հանրապետական չորրորդ մրցույթն այս տարի անցկացվել էր գարնանը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթին մասնակցել են Հայաստանում պետական պատվերով ու աջակցությամբ, նաեւ՝ հրատարակիչների նախաձեռնությամբ ու միջոցներով հրատարակված գրքեր: Մրցանակի արժանացած գրքերը ներկայացվել են Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին տարբեր անվանակարգերում արժանացել է 4 գիրք: Մոսկվայի ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» միջազգային 8-րդ մրցույթին «Մշակութային ժառանգություն, գիտություն եւ կրթություն» անվանակարգում առաջին դափնեկիր է ճանաչվել «Տիգրան Մեծ» տպագրատանը լույս տեսած Լուսիկ Ագուլեցու «Անցյալի մասունքներ» գիրքը, որը հանրապետական մրցույթին արժանացավ գլխավոր մրցանակին:
«Դահլիճում քանի՞սն են, որ մրցույթի մասնակիցներ չեն: Մի տասը հոգի… ունենք տասը ընթերցասեր: Իսկ ինչո՞ւ պիտի մենք մերոնցով նստենք ու իրար մրցանակներ տանք»,- իր խոսքը միանգամից սկսեց «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նրա հրատարակչությունը այս մրցույթի  
 «Գրքի ձեւավորման համար» անվանակարգում 3-րդ մրցանակին էր  արժանացել: Նա դահլիճում նստածներին դիմեց. «Ինչո՞ւ պիտի մեր սպառողին չհարցնենք՝ ի՞նչ է ուզում, ո՞ր գիրքը իրեն դուր եկավ»: Պարոն Մարտիրոսյանը մտածում է՝ գիրքը մրցույթներում պետք է հաղթի ոչ թե ծանոթի,  բարեկամի, մեջքի, կաշառքի  միջոցով, այլ օբյեկտիվ գնահատականի. «Հիմնական գրքի գումարը պետք է վճարի ընթերցողը: Պետությունը պետք է ստեղծի մրցակցության պայմաններ, գրքի գները էժանան, պահանջարկը   բարձրանա, ընթերցանության մակարդակը՝ նույնպես: Մրցույթին պետք է ընթերցողը կարողանա ինտերնետի միջոցով մասնակցել եւ  գնահատել: Թող լինի երկու գնահատական, ինչպես «Եվրատեսիլում»՝ հանրությանը եւ ժյուրիինը»: Նա հեռացավ՝ պատվոգիրն ու  ծաղիկները թողնելով բեմում մրցանակը հանձնող «Էդիթ Պրինտ»  հրատարակչության տնօրեն  եւ Հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի ձեռքում: Պարոն Կարապետյանն էլ «չդիմացավ» եւ իր հերթին ասաց. «Էսպիսի վատատեսությունը պետք չէր  էս դահլիճում: Եթե, օրինակ, վրացիները երեք անգամ են տարեկան նույն գիքը վերահրատարակում, ես էլ գրքեր ունեմ, որ հինգ անգամ եմ հրատարակել: Պետք չէ այսպես խոսել այս գեղեցիկ օրը»: 
«Առավոտի» հետ զրույցում «Անտարես» հոլդինգի տնօրենը բացատրեց իր արարքի պատճառները. «Սա բողոքի ձեւ էր, հույս ունեմ՝ դրանից հետո ինչ-որ բան կփոխվի: Ես դեմ եմ տասը հոգով հավաքվելուն, իրար մրցանակ բաժանելուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել