Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ երեխաների նկարների ցուցահանդես՝ Երեւանում

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW

Այսօր Երեւանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում բացվեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» մրցույթին ներկայացված նկարների ցուցահանդեսը: Նկարների հեղինակները սփյուռքում ապրող 6-15 տարեկան երեխաներ են, որ երբեք Հայաստանում չեն եղել, Հայաստանի մասին գիտեն ֆիլմերից, գրքերից, ծնողների ու ուսուցիչների պատմածով: Նախարարությունը մրցույթի մասին իրազեկող ավելի քան 1000 նամակ է գրել: Ներկայացվել է 107 նկար՝ 16 երկրից:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահ է, որ ցուցահանդեսում ներկայացված երեխաներից ոմանք դառնալու են հայտնի նկարիչներ: Սփյուռքում ապրող երեխաների 90 տոկոսը Հայաստանը չի տեսել ու հենց այս պատճառով մրցույթի համար ընտրվել է «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» խորագիրը, որ Հայաստանում տեսնեն Հայաստանը չտեսած երեխայի մտքերն ու պատկերացումները: «Ես այս երեխաներին կանչում եմ հայրենիք,  որ Հայաստանը ավելի լավ նկարեն, հայրենիքը ավելի պայծառ ու գեղեցիկ տեսնեն»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ինչպես եւ կարելի էր ենթադրել, սփյուռքահայ երեխաներին իրենց պապերի ու հայրերի հայրենիքը ներկայանում է առավելապես Արարատ լեռան տեսքով՝ նկարների մեծ մասում հենց Սիսն ու Մասիսն էին՝ տարբեր գույներով, տարվա տարբեր եղանակներին: Ռուսաստանի բնակիչ երեխաները շատ էին նկարել եկեղեցի: Ոմանց համար հայրենիքը հայկական նուռն էր կամ ՀՀ դրոշի գյուներով արեւը: Ուշագրավ էր, որ Ռումինիայի եւ Վրաստանի բնակիչ երեխաները Սիս, Մասիս սարերի կողքին եւս մեկ փոքր սար էին նկարել: Մեկի համար հայրենիքը Ղարաբաղի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն էր, մի շարք նկարներում Հայոց մեծ եղեռնի հուշարձանն էր կամ հայերեն տառերը: Միայն ռուսաստանցի Անահիտ Գեւորգյանն էր, որ հայրենիքը կոնկրետ անձերով էր ներկայացրել: Նրա նկարներում  էին Առնո Բաբաջանյանը, Շարլ Ազնավուրը, Ջիվան Գասպարյանը ու այս մեծերի կողքին՝ հայկական ծիրան, խաղող: Ավստրալիայից Նարեկը հաջողել էր մեկ նկարում «համատեղել» Գառնին, Սարդարապատը, Խոր Վիրապը, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, Արագածի լանջի տառ-հուշարձանները:
Հայաստանը չտեսած երեխաների նկարներում հայկական գույներ կային: Բոլոր մասնակիցները ստացան ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր ու պատվոգրեր, իսկ լավագույնները՝ նվերներ Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ կենտրոնական բանկից, «Բիլայն» բջջային կապի օպերատորից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել