Լրահոս
Օրվա լրահոսը

Սգո ժամկետը վերնախավի համար 10 տարի՞ է

Նոյեմբեր 01,2011 00:00

\"\"

Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ ծաղիկներ առաքելով՝ մեր պաշտոնյաներն իրենց հարգանքի տուրքը մատուցված են համարել:

Ամեն տարի հոկտեմբերի 27-ին Եռաբլուրի պանթեոնը մարդաշատ ու «ջիպաշատ» է լինում: Փակվում են Եռաբլուրին հարակից Շահումյան 6-րդ, 5-րդ փողոցները, Շահումյան 4-րդ նրբանցքը: Այս տարի այդ առումով բացառիկ տարի էր: Քաղաքական վերնախավը որոշել էր հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրքը մատուցել միայն աշխատանքային օրը 1 րոպե լռությամբ սկսելով կամ լավագույն դեպքում՝ վարորդի հետ ծաղկեպսակ ուղարկելով:
Լուսանկարում պատկերված է սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանը: Ծաղկեպսակներից մեկն իր աշխատակցի հետ ուղարկել է ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, մյուսը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից է, բայց այն նույնպես պարոն Աբրահամյանը չի բերել, այլ առաքել է, երրորդն էլ ՀՀԿ-ի կողմից է: Միայն ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն է ժամանակ գտել, որ այդ օրը Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգի ոչ միայն ծաղկեպսակով, այլ՝ ներկայությամբ:
Նախորդ տարիներին նախարարները, պատգամավորները, վարչապետը՝ բոլորը մի մարդու նման, առավոտյան ժամը 11-ին Եռաբլուր էին այցելում, ծաղկեպսակներով, մեխակներով, գլուխ խոնարհելով խոսում, թե որքան մեծ է մեր կորուստը: Նախանցյալ տարի զոհվածների շիրիմին ծաղիկներ դնելու համար Եռաբլուր էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջ շքախմբով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հասկանալի է՝ ողբերգության «կլոր» տարելից էր եւ ավելի մեծ ուշադրություն են դարձրել, բայց ստացվում է, որ 10 տարին լրանալուց հետո սուգը էլ սուգ չի, կորուստն էլ այլեւս կորուստ չի:
Մենք փորձեցինք ճշտել, թե հոկտեմբերի 27-ին ինչպիսի ծանր գրաֆիկ են ունեցել մեր պաշտոնյաները, որ չեն հասցրել Եռաբլուր այցելել: Կառավարության լրատվականից պարզաբանեցին, որ, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստ է ունեցել, որի սկզբում 1 րոպե լռությամբ հարգել է զոհվածների հիշատակը, հիշել նրանց անուն առ անուն եւ ասել՝ «12 տարի առաջ՝ հենց այս օրը, տեղի ունեցավ մեր նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: Տեղի ունեցած ստոր ոճրագործության հետեւանքով մենք կորցրեցինք մեր պետականաշինության երախտավորներին»: Այսպիսով, վարչապետն իր հարգանքի տուրքը համարել է ավարտված: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այդ օրը երկօրյա այցով Արցախ է գնացել, հանդիպել է Բակո Սահակյանի հետ ու ինչ-որ համագործակցության հարցեր քննարկել՝ մարզպետների հետ: Բնականաբար, այդ խառը գործերի մեջ Եռաբլուր այցելելու ժամանակ ու պլաններ չի ունեցել:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այդ օրը կառավարության նիստի է եղել, եւ, ամենայն հավանականությամբ, այդ պատճառով չի գնացել Եռաբլուր, բացի այդ, նա վարչապետի հայտարարած 1 րոպե լռությամբ արդեն իսկ հարգել է զոհվածների հիշատակը:
Հովիկ Աբրահամյանը որոշել է շատ հեռու չգնալ ու հարգանքի տուրքը մատուցել ԱԺ-ի այգում տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Իսկ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես մեզ փոխանցեցին նախարարության լրատվականից, մինչեւ հոկտեմբերի 26-ը արձակուրդում է եղել, արձակուրդից վերադարձել է հենց հոկտեմբերի 27-ին եւ չի կարողացել Եռաբլուր այցելել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել