Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտկորի ճանապարհը դեռ վտանգավոր է

Նոյեմբեր 04,2011 00:00

Յոթ գյուղերի ճանապարհը մի կողմից կառուցապատվում է, մի կողմից՝ քանդվում

\"\"

2010 թվականի մարտի 5-ին «Վախդ չափի, նոր ճամփա ընկի. յոթ համայնքի մեկ ճանապարհով անցնելու համար պետք է կամ սուր զգացողությունների սիրահար լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ» հրապարակմամբ տեղեկացրել ենք Լոռու մարզի Մոտկորի շրջանի 7 գյուղերն իրար կապող ճամապարհի անանցանելի վիճակի մասին: Անանցանելի ճանապարհի պատճառով 4 գյուղերի (Մարց, Շամուտ, Աթան, Ահնիձոր) բնակիչները կղզիացած վիճակում էին գտնվում: Ձմռանն էլ ոչ թե ավտոբուսն էր մարդկանց գյուղ հասցնում, այլ ուղեւորներն էին ավտոբուսը հրելով տեղ հասցնում (https://www.aravot.am/ am/articles/regions/75967/view):
Այս տարի ՀՀ տարածքային կառավարման նախարարության պատվերով պետբյուջեից հատկացված 214,408 միլիոն դրամով ամռանը սկսվեց Մոտկորի ճանապարհի վերանորոգումը: Ծրագրված էր աշխատել երեք ուղղությամբ՝ Քարինջ-Մարց-Աթան՝ 180,582 միլիոն դրամ, Մարց-Աթան ճանապարհից դեպի Ահնիձոր՝ 21,187 միլիոն դրամ եւ Մարց-Լորուտ-Աթան՝ 12,839 միլիոն դրամ:
Ըստ ծրագրի, կվերանորոգվեն մինչեւ գյուղերի մուտքեր տանող ճանապարհները, ներգյուղական ճանապարհների համար գումար նախատեսված չէ: «Կատարվում է խճապատում, ժամանակակից տեխնիկայով, որը կտրում է հին գրունտը, անհրաժեշտության դեպքում ավելացվում է խիճ, բոլորը միասին հարթվում է եւ կատարվում ջրահեռացում: Բարձր որակի գրունտային ճանապարհ է լինելու»,- ասում է Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի վարիչ Վարդան Գեւորգյանը:
Քանի դեռ եղանակը չոր էր, ճանապարհը հարթ էր եւ մատչելի: Այժմ աշնանային մի քանի օր տեւած անձրեւի պատճառով ճանապարհը գրեթե նախկին անմխիթար վիճակին է հասել: Սյս մասին կրկին ահազանգում են թե գյուղացիները, թե գյուղապետերը, թե վարորդները. «Թաց եղանակին ճանապարհը սահում է, դեռ լավ է, որ նախկին գրունտային մասից եզրերին կա, թե չէ վթարները շատ կլինեն»:
Գյուղապետերի կարծիքով, ճանապարհը վերանորոգելուն խանգարում են ծանրաքարշ մեքենաները: Քիչ չեն դեպքերը, երբ անտառից ցախ տեղափոխող բեռնատարների վարորդները՝ չգոհանալով բարձած փայտի քանակով, մի մեծ գերան էլ կապում են մեքենայի հետեւից եւ քարշ տալով տանում: Իսկ ծանր ու երկար գերանը վնասում է հարթ ճանապարհը: Հոկտեմբերի 31-ին տաքսի ծառայության մեքենան, որում եղել է մեկ ուղեւոր, սահել եւ ձորն է ընկել: Բարեբախտաբար՝ զոհեր չկան:
Ճանապարհի նորոգման նախագիծը մշակվել է մայրաքաղաքում: Նախատեսված է ճանապարհը ոչ միայն հարթեցնել, այլ նաեւ վտանգ ներկայացնող ժայռաբեկորները կտրել, ճանապարհը լայնացնել: «Նույն կարգի ճանապարհներ են, քայքայված, եթե բարդության տեսակետից նայենք, Լորուտ տանող ճանապարհն է ավելի աշխատատար»,- ասում են Լոռու մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի աշխատակիցները:
Շինարարական աշխատանքների պատասխանատու «Ուկրշին» ընկերությունից, ի պատասխան բողոքների, թե նոր հարթեցված ճանապարհը անձրեւներից հետո սահում է եւ դառնում վտանգավոր, պարզաբանեցին, թե ճանապարհը վերջնականապես շահագործման հանձնելուց հետո նման խնդիրներ չեն առաջանա, իսկ այժմ Ահնիձոր, Քարինջ, Լորուտ տանող ճանապարհներին սահող տեղեր կան, որոնք վերացնելը ժամանակի եւ տեխնիկայի հարց է: «Այդ շրջանում գրունտը կավային է եւ թրջվելով՝ սահում է, որպեսզի ամուր ճանապարհ լինի՝ տեղի քարը վերցնում աղում ենք, հետո հարթեցնում, որից հետո խիճ ենք փռում եւ նորից հարթեցնում»,- «Առավոտին» տեղեկացրին «Ուկրշին» ընկերությունից:
Շինարար ընկերությունից ասացին նաեւ, որ այս ճանապարհների վրա սահելու խնդիրը միշտ էլ եղել է, ուղղակի դուրս եկած քարեր են եղել, պահել են, դրա համար էլ չի զգացվել: Այժմ ճանապարհը հարթ է, սահելու հավանականությունը՝ շատ, բայց նոյեմբերի վերջին այդ խնդիրն էլ չի լինի: Այժմ ճանապարհը լայնացվում է, որից հետո կխճապատվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել