Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատում եմ, երբ իրար ատում են»

Նոյեմբեր 10,2011 18:16 Share
Աջակցեք aravot.am-ին

Մեր առաջին ժամադրությունը կայացավ դերասան, Շարմ Հոլդինգ» ՍՊԸ –ի տնօրեն Հրանտ Թոխատյանի հետ:  Ժամադրվեցինք «Շարմ Հոլդինգում», ժամը 14:40-ին:

-Կպատմե°ք դեպք ուսանողության տարիներից, որ մինչև այսօր հիշում եք:

– Դեպք որպես այդպիսին չեմ հիշում:  Ուսանողության տարիներին КВН-ով էի զբաղվում: Ես սովորել եմ այնպիսի տարիներին, որ յուրաքանչյուր օրն էլ հիշվում էր: Ինստիտուտի ներսում կյանքը ավելի ակտիվ էր:  Յուրաքանչյուր ուսանող զբաղվում էր իր ճաշակի և կարողությունների հետաքրքրություններով, որից կարող էր հաճույք ստանալ:

–Երբ փոքր էիք ու Ձեզ հարցնում էին, որ մեծանաս ի°նչ ես դառնալու, ի°նչ էիք պատասխանում:

– Ծաղրածու, հրշեջ և բժիշկ:

–Իսկ ինչու° չդարձաք:

– Դուք կարծում եք չե՞մ դարձել, որ մի քիչ էլ մեծանամ, կդառնամ ծաղրածու:

–Ինչպիսի՞ երիտասարդ էիք դուք՝ ձեր տարիներին, եւ ինչպիսի՞ն ենք մենք հիմա:

– Մեր երիտասարդության մի մասը մի փոքր պասիվ է: Իսկ սերունդների կռիվը միշտ կա ու կլինի: Որքան էլ լինեմ արդիական, փորձեմ ավելի ժամանակակից նայել այսօրվա իրականությանը, միևնույն է, կան հարցեր, որտեղ ես և տղաս տարբեր ենք լինում, ինչու՞, որովհետև չեմ կարող նրան ստիպել լսել այն երաժշտությունը, ինչ ես եմ նախընտրում, ես կարող եմ միայն  մատուցել: Իսկ դա շատ լավ է, անգամ անհրաժեշտ:

–Ի°նչն եք գնահատում այսօրվա երիտասարդության մեջ:

– Ինքնավստահությունը: Երբ լինում են հանդիպումներ ավագ դպրոցի աշակերտների կամ ուսանողների հետ, հասկանում  ես, որ կարողանում են իրենց հայացքներն ու մտքերն ավելի ինքնավստահ ձևակերպել: Ուրիշ բան է, թե ինչ են նրանք արտահայտում, որովհետև զգացվում է գիտելիքի, ինտելեկտի պակաս, դա էլ երևի գալիս է մեզանից, որ մենք մեր ձեռքով փչացրեցինք հեռուստաեթերը, մամուլը: Մնացել է համացանցը, բայց դժվար է ասել, թե դա ինչքանով է օբյեկտիվ և ճիշտ: Իսկ երիտասարդների համար գիրք կարդալն էլ ժամանակակից չէ:

–Երիտասարդությանը վայել խենթություններ կատարու՞մ եք:

– Իհարկե, եթե մարդ վերջացնում է խենթություններ անելը, նշանակում է` նա այլևս ասելիք չունի: Օրինակ` կարող եմ մեծ հաճույքով այգում համբուրվել:

– Ձեր կյանքում ի°նչ դեր ունի ընկերությունը:

–Ընկեր հասկացությունը ինձ համար շատ մեծ է: Ունեմ մի քանի ընկերներ: Մեր ընկերությունը 45 տարվա պատմություն ունի: Դա կյանքի մեծ փորձ է, ու այդ ընթացքում կարողացել եմ անցնել շատ փորձությունների միջով ու չեմ կորցրել իմ ընկերներին:

– Ի°նչն եք ամենաշատը ատում:

– Շատ բան կա ատելի: Ատում եմ այն  ամենը, ինչը կարող է ստիպել իմ համաքաղաքացուն, ընկերոջը, բարեկամին լքել իր երկիրը ընդմիշտ: Ատում եմ, երբ իրար ատում են:

– Եթե Ձեզ տան մեկ հնարավորություն, ի°նչը կփոխեիք կյանքում:

– Ոչինչ:

– Ձեր կարգախոսը:

– «Երիտասարդությունն անցնում է, իսկ ապաշնորությունը մնում»: Դա պետք է միշտ հիշել:

-Հիշում ե°ք  Ձեր առաջին ժամադրությունը:

– Այո, 5-րդ դասարանում էի սովորում, պայմանավորվել էինք կինո Հրազդանի մոտ, ժամը 7-ին: Աղջկա անունը Լուսինե էր,  սովորում էր 83 միջնակարգ դպրոցում: Մենք ծանոթացել էինք այդ ժամադրությունից 2 օր առաջ` Պիոներ պալատում: Պետք է գնայինք կինո ու նա չեկավ, օրը շփոթել էր ու եկել էր հաջորդ օրը: Մյուս հանդիպման ժամանակ երկուսս էլ վրդոված էինք: Իսկ հիմա շատ լավ ընկերներ ենք:

 

Մելանյա Հարությունյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: