Լրահոս
Օրվա լրահոսը

Հիասթափված գյումրեցիներ. «Օմբուդսմենը եկավ, քամի արեց ու գնաց»

Նոյեմբեր 22,2011 17:57

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր Գյումրի էր եկել՝ հանդիպելու տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բնակիչների բողոքներն արձանագրելու, եւ որ ամենակարեւորն է՝ օմբուդսմենի մարզային գրասենյակի համար տարածք ու իրավաբաններ փնտրելու համար: Նշենք, որ հանդիպումը տեղի ունեցավ Գյումրու սոցիալ-կրթական կենտրոնում, որտեղ ասեղ գցելու տեղ չկար: Բնակիչների մեծ մասը օմբուդսմենին դիմում էին նեղ անձնական խնդիրներով, օրինակ` փաստաթղթային կեղծիքներով տները ձեռքներից խլելու, սպառնալու, ծեծելու, պատերի տակ թողնելու եւ այլ թեմաներով: Մասնավորապես, այդպիսի բողոք ներկայացրին երկու քաղաքացիներ` Ֆուրմանով փողոցի 1-ին նրբանցքի 30 տան բնակչուհի Ռիմա Գրիգորյանը եւ Ֆրունզե -137 տան բնակիչ Սամվել Խաչատրյանը: Սակայն նրանց մեծ մասը հեռանում էր մարդու իրավունքների պաշտպանից հիասթափված: Նրանց ձեւակերպմամբ՝ «Օմբուդսմենը եկավ, քամի արեց, գնաց»:

Որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով էլ, ի տարբերություն Լարիսա Ալավերդյանի, որը խնդիրը լսելուն պես՝ զանգահարում էր շիրակցի բարձրաստիճան պաշտոնյաներին ու տեղում լուծում, Կարեն Անդրեասյանը բավարարվում է արձանագրելով: Ինչո՞ւ են քաղաքացիները մարդու իրավունքների պաշտպանից եւս հիասթափված՝ Կարեն Անդրեասյանը սա բացատրեց երկրում պետական տարբեր մարմինների նկատմամբ վստահության պակասով. «Ինստիտուտը ինքնին ունի վստահության պրոբլեմներ, որովհետեւ երիտասարդ է, որովհետեւ տարբեր են եղել ընկալումները, որովհետեւ քաղաքացիական հասարակությունն ինքնին համագործակցության դեֆիցիտ է ունեցել գրասենյակի հետ: Իսկ քանի դեռ օմբուդսմենը չի աշխատում քաղաքացիական հասարակության հետ՝ չի կարող ձեւավորվել վստահություն հենց մարդկանց, քաղաքացիների մոտ: Այդ խնդիրները շատ են, բայց ստացվում է, որ մենք քննադատում ենք, անվերջ կրկնում ենք` խորացնելով այդ անվստահությունը»:

Նրա տեղեկացմամբ, Գյումրիից իրենց կառույցին հղված բողոքների գերակշռող մասը կապված է բնակարանային խնդրի հետ: Ըստ օմբուդսմենի, կան դեպքեր, երբ տնակներում` խեղճ ու կրակ պայմաններում ապրող մարդկանց ապօրինաբար ճնշում են ու դուրս վռնդում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930