Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը փորձեն հակադրել միմյանց»

Նոյեմբեր 28,2011 13:55

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում նոյեմբերի 28-29-ը անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որին մասնակցում են նաեւ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եւ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Հանրապետության ղեկավարը նիստում հանդես է եկել ողջույնի խոսքով, որից ներկայացնում ենք մի հատված. «Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին: Այն լուծելու համար միակ իրատեսական ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ բանակցությունների գործընթացն է: Հայաստանը հետևողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որևէ բարիք չի բերելու ո՛չ մեր հարևան ժողովրդին, և ո՛չ էլ մեզ:

Նման խճճված ու բարդ խնդրի շուրջ բանակցությունները պահանջում են համբերություն և սկզբունքայնություն: Մեր սկզբունքային մոտեցումների շարքում պետք է շեշտեմ, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ, և դրան կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերն ապակառուցողական են: Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը և մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել ևս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային և հոգևոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները:

Այս կարևորագույն լսարանի առջև Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու և, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը: Մեր այդ քաղաքականության լավագույն ապացույցն է Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնը զարդարող տասնութերորդ դարի հուշարձան հանդիսացող Կապույտ մզկիթը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել