Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է

Դեկտեմբեր 10,2011 15:09

Հատված այսօր «Մարդու իրավունքների EXPO 2011»-ում  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ելույթից.

«Այսօր, նշելով մարդու իրավունքների միջազգային օրը, մենք կազմակերպել ենք Մարդու իրավունքների EXPO, որը տարբերվում է այլ EXPO-ներից հատկապես նրանով, որ այստեղ մենք ցուցադրում ենք ոչ թե հաջողություններն ու ձեռքբերումները, այլ ներկայացնում ենք մեր հասարակության դժվարությունները, ձախողումները, ցավերն ու սուր խնդիրները:

 Այս պահին ես չեմ խոսի մուրացիկ երեխաների, ծայրահեղ աղքատության մեջ հայտնված մարդկանց, ծեծված կանանց, անմարդկային վերաբերմունքի ենթարկվող կալանավորի կամ զինծառայողի, խտրական վերաբերմունքի արժանացած փոքրամասնության ներկայացուցչի, անտուն ու անապահով փախստականի, տնային բանտարկության մատնված հաշմանդամություն ունեցողի մասին: Այս ամենի մասին առավել գունեղ և տպավորիչ կպատմեն մեր տաղավարներում ներկայացված պաստառները, տեսանյութերն ու հրատարակությունները:

 2011 թվականը ամփոփելով՝ ցանկանում ենք ներկայացնել որոշ բացասական և դրական զարգացումներ Մարդու իրավունքների պաշտպանի փորձառությունից:

 Շատերին է հայտնի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու իմ հրապարակային նախաձեռնությունը: Երեկ Արդարադատության նախարարն իր համերաշխությունը հայտնեց դատական իշխանության համապատասխան մարմնի հետ և ես ստացա վերջնական մերժում բոլոր երեք գործերով: Սա 2011 թվականի իմ ամենամեծ հիասթափությունն է:

 Հայաստանի անկախությունից ի վեր, ու նաև այս տարվա, մարդու իրավունքների պաշտպանության ամենասուր և ամենահամակարգային խնդիրը արդար դատաքննության պակասն է: Ակնհայտ է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ ժողովրդավարական երկրում առաջին հերթին դատական իշխանության խնդիրն է: Սպառելով այս ոլորտում օրենքով սահմանված իմ բոլոր լիազորությունները և դրանցից բխող ներկայիս հնարավորությունները` խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին առաջիկա ընտրությունների շրջանում ծավալվող հանրային քննարկումներում ոչ միայն ներկայացնել դատական իշխանության ներկայիս վիճակը (այդ մասին բոլորը գիտեն և բոլորն են խոսում), այլ ընտրողներիս մատուցել արդար դատարան ունենալու գործուն և իրատեսական ծրագրեր:

 

 

Շարունակելով տարվա ամփոփումները հայտնեմ, որ մեզ ուղղված հիմնավոր բողոքներն ամենից շատը վերաբերել են անձանց ընտանեկան նպաստի իրավունքից զրկելուն և կենսաթոշակները սխալ հաշվարկելուն:

 

 Մեզ ուղղված բողոքներով ամենից շատ դրական լուծումները ստացվել են Պաշտպանության նախարարությունից:

 

Մեր օրենսդրական առաջարկություններն ամենից շատն ընդունել են Առողջապահության նախարարությունը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը:

 

 Մեր կողմից արված հրապարակային քննադատության համար ամենաանհարիր և անընդունելի արձագանքը ստացել ենք Կրթության և գիտության նախարարությունից: Այնուամենայնիվ դրական ենք գնահատում, որ նախարարությունը նույնիսկ նման արձագանքից հետո ձեռնամուխ եղավ դասագրքերի գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորումը կանոնակարգելուն»:

 

 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031