«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ուղղել հարցում՝ փորձելով պարզել, թե Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում արդյոք քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ հնարավոր խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերը։
Հարցման հիմքում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի՝ սեպտեմբերի 4-ի մամուլի ասուլիսում հրապարակած տեղեկություններն էին։ Սահակյանը, մասնավորապես, հայտնել էր գերիների նկատմամբ ֆիզիկական բռնության, կոտրվածքների, խաչի տեսքով դաջվածքներն այրելու, Ղուրան կարդալ հարկադրելու և Աստվածաշունչ փոխանցելն արգելելու դեպքերի մասին։
«Ժողովուրդ»-ը վարչապետից հետաքրքրվել էր՝ արդյոք այս կոնկրետ տեղեկությունները բարձրաձայնվել են Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ի՞նչ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահը, ինչո՞ւ մինչ օրս չեն վերադարձվում հայ գերիները, և արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է պահանջել միջազգային անկախ կառույցների ու բժիշկների անարգել մուտքը նրանց մոտ։
Սակայն վարչապետին հասցեագրված հարցմանը պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ըստ էության չանդրադառնալով բարձրացված յոթ հարցերից յուրաքանչյուրին առանձին։
Կարդացեք նաև
ԱԳՆ պատասխանում նշվում է.
«Բաքվում պահվող հայ գերիների խնդիրների հանգուցալուծման ուղղությամբ աշխատանքները շարունակական են»։
Միաժամանակ նախարարությունը հղում է անում վարչապետի՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությանը՝ մեջբերելով. «Թեման օրակարգում է, մանրամասներ չի կարող հայտնել, որովհետև տվյալ թեմայով հրապարակայնությունը որևէ կերպ չի կարող օգուտ տալ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում


















































