
Գալուստ Զաքարյանն էլ 1949 թվականից՝ ծնված օրվանից Քաջարան գյուղում է ապրում: Ընտանիքի հետ հող են մշակում, անասուն պահում: Գալուստը նաեւ Քաջարանի կոմբինատում է աշխատում, սակայն դժգոհում է վարձատրությունից: «Գյուղում անասուն ենք պահում, այգին էլ ենք մշակում, ներկա պահին իմ 3 երեխեքն էլ են հետս: Ամուսնացած են, իրենք էլ երեխաներ ունեն, ապրում ենք ու սնվում ենք գյուղի բարիքներով: Մենք պայքարում ենք, որ մեր հողը մնա, առանց մի թիզ տալու, ինչի՞ համար պիտի տանք իրենց, մի քանի կլանային խմբի համա՞ր» , – հարցնում է զրուցակիցս:
Սվետլանա Գեւորգյանը տարիներ ի վեր Կապանում է ապրում, բայց գյուղի համար ճակատագրական այս օրերին, երբ մայրաքաղաքից պաշտոնյաներ են գալիս, գյուղի ապագան է որոշվում, գյուղ է այցելում, համագյուղացիների կողքին կանգնում: «Արմատներով Քաջարանից եմ, ծնողներս ու ամուսինս այստեղից են, այսօր նրանք չկան, բայց գերեզմաններն այստեղ են: Պապս եղել է գյուղի տերտերը: Ես ճիշտ չեմ գտնում, որ գյուղը քանդեն, ինչի՞ պիտի այն քանդեն, մեր ո՞ր մեղքն է, որ գյուղում օգտակար հանածո են հայտնաբերել: Թող եղած պաշարներն օգտագործեն, մի քանի տարի հետո ինչ կլինի–կլինի: Յուրաքանչյուր մարդ իր գյուղն ունի, էս գյուղի անունով է, ի վերջո, Քաջարանի կոկմբինատն այդպես կոչվում, եթե գյուղը վերանա կոմբինատը ինչպե՞ս է կոչվելու», – ասում է Սվետլանա Գեւորգյանը:

Մեր ունեցած տեղեկություններով, գյուղում կան մարդիկ, ովքեր դեմ չեն փոխհատուցում ստանալու եւ գյուղից տեղափոխվելու տարբերակին: Բայց նախընտրում են այս մասին առանձնապես չբարձրաձայնել: Դեռեւս մեկ կամ մեկուկես տարի առաջ ոմանք նույնիսկ պլանավորել էին տները վաճառել կամ ուղղակի տեղափոխվել քաղաք, բայց երբ սկսվեց գյուղի հետ կապված այդ գործընթացը՝ որոշ բնակիչներ ոչ միայն չվաճառեցին իրենց ունեցվածքները, այլ նաեւ սեփականաշնորհեցին իրենց պատկանող գույքը, որն մինչեւ օրս չէին գրանցել իրենց անուններով:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կապանի տարածքային ստորաբաժանումից տեղեկացանք, որ ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի որոշումից հետո մինչեւ օրս՝ դեկտեմբերի 20-ը սեփականաշնորհման 16 գործարք է եղել, որից մեկը նվիրատվություն:
Ըստ կադաստրի Կապանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի, վերջին տարիների ընթացքում Քաջարան գյուղում ընդհանուր առմամբ կատարվել է անշարժ գույքի մոտ 130 գործարք: «Ինչ վերաբերում է գերակա շահ ճանաչված հողատարածքներին, ապա այն Քաջարան գյուղին չէր վերաբերում, դրանք գյուղից դուրս տարածքներ են, որտեղ չկան սեփական հաղամասեր: Գյուղը գերակա շահ չի ճանաչված», – պարզաբանում է պարոն Աղախանյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

















































