Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանս, Երեւանս էս ի՞նչ օրի հասար

Հունվար 31,2012 14:49

Կարծում եմ ամեն մարդ պարբերաբար ցանկություն է ունենում զբոսնելու իր քաղաքում: Այսպիսի մի ցանկություն էլ առաջացավ ամուսնուս եւ ինձ մոտ բարենպաստ եղանակի թելադրանքով: Երկար ժամանակ Երեւանից բացակայելուց հետո փորձեցինք պարզել՝ ինչ-որ մի բան փոխվե՞լ է մեր սիրելի քաղաքում: Զբոսանքը սկսեցինք Ալավերդյան /այժմ՝ Հանրապետության/ փողոցից: Մութ, ամբողջ փողոցով տարածված աղբ, հոգնած եւ անորոշ դեմքեր: Հասանք Թումանյան փողոց: Աչք գրավեց նրբերշիկի շատ աղմուկ հանած մի կրպակ՝ կիսաքնած աշխատակցով, մի քանի քայլ այն կողմ տպիչով տպված մի հայտարարություն.«Խաշ, Խորոված եւ Բիզնես լանչ 1500 AMD»:

Ես կարծում եմ, որ խաշն այն ճաշատեսակն է, որը պետք է վայելել քաղաքից գոնե քիչ հեռու, ավելի բնությանը մոտ վայրերում: Հնարավոր է, ես մի քիչ կտրուկ եմ, բայց ՝ խաշի մասին հայտարարությունը իմ սիրելի Թումանյան փողոցում, մեջս տխրություն ծնեց: Ինչեւէ, շարունակեցինք քայլել, մի քանի խանութ նկատեցինք, հետաքրքրություն առաջացրին, գուցե ներսում ամեն ինչ շատ ավելի լա՞վ է:  Մտնելուն պես ես համոզվեցի, որ լավ սպասարկում ասվածը մեզ երբեք չի սպառնա: Անհամատեղելի են հայը եւ սպասարկումը: Պատկերացրեք՝ մի փոքրիկ տարածության մեջ կանգնած է 3 աշխատող, մենք մտանք եւ, ինչպես նորմալ ենք համարում, բարեւեցինք: Երեքից ոչ մեկը հարկ չհամարեց նայել մեր կողմը: Սովորական երեւույթ հայի համար: Մի քիչ մնացինք ներսում, այս ու այն ապրանքն էինք նայում, մեկ էլ՝ մի ահավոր ձայն, որը մեզ հանկարծակի բերեց, ինչ-որ մեկը խանութի վերեւի հարկից բղավեց «Արտաաաա՜կ»: Այդ «Արտակը» համարյա մեր կողքից անմիջապես, եւ ավելի հզոր ձայնով բղավեց.«Արա, դե ի՞նչ ա էղել, ասեցի հեսա կգամ»: Մենք ապշած նայեցինք իրար: Իրենք շարունակում էին նույն բղավոցով շփվել՝ չնկատելով մեզ: Խանութի երկրորդ հարկում մի ուրիշ տեսարան բացվեց մեր առջեւ, վաճառողուհին հագել էր տղամարդու շորեր, ծամածռվում էր տղամարդու պես եւ մնացած աշխատակիցները հերթով նկարվում էին այդ «տղամարդու» հետ: Մոտ 2 րոպե հետո մտավ մի ուրիշ վաճառողուհի, որն, ինչպես հասկացանք իրենց բարձր խոսակցությունից, այդ օրը հանգստանում էր եւ ամբողջ անձնակազմը բարձրաձայն, աղմկելով սկսեց քննարկել, թե ով ում ուր պիտի հրավիրի աշխատանքից հետո: Այնքան այդ ամենը անհեթեթ թվաց, որ նույնիսկ չցանկացանք որեւէ նկատողություն անել: Այդպես էլ դուրս եկանք եւ շարունակեցինք մեր զբոսանքը:

Ապա ընտրեցինք Աբովյան փողոցը՝ ցանկանալով շրջանցել օպերայի հատվածը: Մեծ ցավ առաջացրեց այդ փողոցի հատուկենտ հաճելի սրճարաններից մեկի բացակայությունը եւ մեծ զզվանք՝ կեղտոտ ձեռքերով մի երիտասարդ, որը ֆրեշ էր վաճառում: Միրգը վերցնում եւ ապարատի մեջ էր գցում՝ առանց ձեռնոցների: Փրեշին սպասող զույգին այդ կեղտոտ ձեռքրեը չէին հուզում եւ չէին ասում.«Ախր, այ երիտասարդ, մեկանգամյա ձեռնոցն ի՞նչ է, որ չունես»: Ամեն ինչ չի, որ կարելի է գրելով ներկայացնել: Էլի ու էլի փաստեր կան, որ կուզենայի փոխանցել թղթին, բայց ավելի լավ է լռեմ, քանզի իմ խոսելով կամ գրելով, ցավոք, ոչինչ չի փոխվի:

Ինչ եմ ուզում ասել. 15 րոպեն բավական էր, որ ես, լինելով իրական երեւանցի, սրտի ցավով եմ ասում՝ մեծ հիասթափություն ապրեցի իմ սիրելի քաղաքից:

 

 

Ժաննա Հ. ԻԳԻԹՅԱՆ

 

 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031