Լրահոս
Օրվա լրահոսը

Այսահարություն՝ իջնող ձյան տակ

Փետրվար 10,2012 18:07

Մտքումս մի այլ գրելիք էր, բայց անվերջ իջնող ձյունը ինձ տարավ-հասցրեց առաջին մարդու ծնունդին:

Այո, այդպես ծնվեց առաջին մարդը՝ կրակե ծաղիկը ձեռքին, որի սրտի մեջ, ինչպես կարմիր վարդի սրտում, շողշողում էր կինը՝ որպես նարնջագույն արցունքի շփոթված կաթիլ: Եվ այդ կինը Մեծ Մայրն էր, որի քնքուշ կոնքերի խորախորհուրդ խորհրդում լույս աշխարհ դուրս գալու անհագ ցանկությունից կարկամ սպասում էին նրա զավակների արդեն կենդանի հունտերը:

Հետո արդեն տեսնելով կրակե ծաղկից դուրս ելնող առաջին կնոջը՝ սկիզբ առավ կրակի ու ջրի հավերժական կռիվը: Ծովը շարունակում էր ծանր շնչել, բարձրանում էր ու իջնում, հորձանք տալիս երկրի վրայով եւ չկարողանալով հաղթել կրակին՝ իր խանդափրփուր խորքերից ծնունդ տվեց երկրորդ կնոջը, ով, սակայն, Մեծ Մայրը չէր:

Ծովը ծնունդ տվեց իր նման անսահման, փրփուրի պես թեթեւ եւ ծովահարսի նման հմայող իր ստեղծած կնոջը: Եվ մի օր, բարձրացնելով իր ալիքների կատարին, ցույց տվեց առաջին տղամարդուն: Ծովը խանդում էր կրակին, ծովը վրեժխնդիր էր, եւ որպեսզի նրան հաղթեր, կրակից ծնված կնոջ դիմաց կանգնեցրեց իր ստեղծած փրփրածին կնոջը, եւ առաջին տղամարդը շփոթվեց, թեեւ ծնվել էր կրակե ծաղիկը ձեռքին: Եվ նկատելով երկու կանանց միջեւ կանգնած առաջին տղամարդու թափառ, մոլորված հայացքը՝ ծովը խորը շունչ քաշեց եւ իր հետ տանելով իր ստեղծած փրփուր աղջկան՝ հասկացավ, որ հաղթել է կրակին: Քանի որ նա գիտեր արդեն, որ առաջին տղամարդը այլեւս հանգիստ չի ունենալու, քանզի հողի վրա՝ կրակի կողքին, շարունակ կարոտելու է ծովին, իսկ ծովում կարոտելու է հողին ու կրակին: Այո, դա այդպես եղավ: Ծովն ու կրակը կռվեցին ու հաշտվեցին, նրանք խաղաղվեցին ու դարձյալ կռվեցին: Այդպես նրանք խաղում էին շարունակ: Դա նրանց սիրելի սովորույթն էր, նրանք այդպես էին ուրախանում: Նրանք ուրախանում էին, իսկ տղամարդն ու երկու կանայք այդ օրվանից դատապարտվեցին հավերժ տառապանքի, քանզի ոչ մի տեղ չկար նրանց փնտրած կատարյալ երջանկությունը՝ ո՛չ ծովի վրա, ո՛չ էլ կրակի կողքին: Այո, այդպես եղավ աշխարհստեղծման արշալույսին: Եղավ ու շարունակվեց եւ դեռ շարունակվելու է այնքան, քանի դեռ կա ծովը, կան հողն ու կրակը ու նրանց արանքում՝ տղամարդն ու կինը՝ հավերժական մենակ:

Եվ որպեսզի այնուհետեւ չափից ավելի հաճախ չնայի ծովի կողմը, չտարվի ծովի շարունակ կանչող հմայքով՝ տղամարդը սկսեց հողը զարդարել Մեծ Մոր արձաններով: Ու ցանկանալով փակվել, ներանձնանալ իր մեջ եւ ընդմիշտ մնալ իր տաքուկ կրակի կողքին՝ սկսեց մեծարել, խնկարկել նրան, անուշահոտ բուրմունք արձակող տարաբնույթ ծաղիկներով զարդարել նրա ոտքերը եւ ծնկի իջնել պտղաբեր զավակատան առջեւ: Իսկ կինը, օ՛, հեռատես կին, իր տղամարդուն նույնպես իր տան կրակի կողքը պահելու համար նրան եւ նրա այրական սկիզբը փառաբանելու համառ ցանկությամբ նրա առնանդամի հինգ մետրանոց հուշարձաններ կանգնեցրեց: Եվ ամեն առավոտ ու իրիկուն նույնպես խնկարկում էր այդ ահեղ ցցունքները, միայն թե իր տղամարդու հայացքը հեռու պահի ծովից: Բայց նորաստեղծ աշխարհում մարդն արդեն ուրիշ հուն էր ընտրել իր հեռավոր ճանապարհի համար, եւ այդ ճանապարհը նրան տրվել էր, երբ դեռեւս նա չգիտեր, որ կան նաեւ ուրիշ ուղիներ: Թեեւ նրա համար անհնարին էր դառնում անընդհատ վախի մեջ ապրելը: Բայց վախենալով՝ ժամանակը չես կանգնեցնի: Օրերն անցնում էին, եւ անչափագիր ծովի ձայնը, միեւնույն է, շարունակ կանչում էր տղամարդուն: Ու նա հաճախ ծովի փրփուրներից ծնված աղջկան տեսնում էր փակ աչքերով եւ այսահարվում:

Իսկ ձյունը շարունակում էր տեղալ՝ հիշեցնելով, որ սերը ջրի ու կրակի արանքում է:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829