Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Միլիարդների վնաս են տվել, բա ո՞ւմ մեղադրեմ» (Տեսանյութ)

Փետրվար 20,2012 14:59

Այսօր Մարդու իրավունքների գրասենյակում կազմակերպված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարաններով ապահովելու» թեմայով քննարկումը, որին ներկա էին «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը եւ այլք՝ բավականին թեժ անցավ: Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը ստիպված էր մերթընդմերթ կողմերին հանդարտեցնել՝ կոչ անելով մեղադրանքներ չհնչեցնել միմյանց հասցեին:

Տիկին Բախշյանն իշխանության ներկայացուցչից՝ պարոն Բերիկյանից պահանջում էր պատասխան տալ մանկատան շրջանավարտներին հատկացված գումարների փոշիացման համար: Փոխնախարարն էլ մեղադրեց ՄԻՊ-ի պատասխանատուներին՝ քննարկման ձեւաչափը ասուլիսի վերածելու համար. «Չարժե այդ ամենին քաղաքական աստառ տալ»,-ասաց փոխնախարարը:

Տիկին Բախշյանի տվյալներով, մոտ 300 մանկատան շրջանավարտ այսօր կարիք ունի բնակարանի: Քննարկմանը ներկա Հայկը, Արտակն ու Կարենը, որոնք մանկատան շրջանավարտ են եւ անտուն, առաջարկեցին շարունակել պետության՝ 2003 թվականի սկսած ծրագիրը եւ յուրաքանչյուր շրջանավարտին հատկացնել առանձին բնակարան: Ի պատասխան՝ Ֆիլարետ Բերիկյանը հայտարարեց, որ պետությունը միջոցներ չունի եւ որ այս պահին, նրանց՝ բնակարան ունենալու միակ լուծումը սոցիալական տներն են, այսպես ասած՝ հանրակացարանները, որտեղ մանկատան սաները, ճիշտ է, կապրեն առանձին սենյակներում, բայց որոշ առումներով ընդհանուր կենցաղ կվարեն: Պետության այս տարբերակին դեմ են թե՛ մանկատան սաները, թե՛ տիկին Բախշյանը. «Ո՞ւր են այն գումարները, որոնք պետբյուջեից հատկացվել էին մանկատան սաներին բնակարաններ կառուցելու համար, սակայն յուրացվել են, թող այդ գումարներով նորը կառուցեն»: Ըստ Անահիտ Բախշյանի, բյուջեից հատկացված 1 միլիարդ 500 միլիոն դրամով ընդամենը 44 բնակարան են գնել: Պարոն Բերիկյանի ներկայացմամբ, այդ չարաշահած գումարները գրեթե վերականգնվել են պետական բյուջե, սակայն չեն կարող նորից այդ նպատակով ծախսվել: Կարեն Անդրեասյանի այն կոչերին, թե «եկեք լավատես լինենք», տիկին Բախշյանը հայտարարեց, որ ինքը ոչ մի լավ սպասելիքներ չունի եւ կարծում է, որ մանկատան շրջանավարտների հարցն այդպես էլ չի լուծվի, քանի որ 2012-ի բյուջեում էլ նրանց համար ոչ մի տող նախատեսված չէ:
Հայ օգնության միության ներկայացուցիչ Աննա Մնացականյանի խոսքերով էլ, եթե այդ երեխաների հարցը չլուծվի, շատ ողբերգական դեպքեր կունենաք. «Գավառի մանկատան շրջանավարտ Արթուր Ծառուկյանը մահացավ թոքերի հիվանդությունից, բայց նման դեպքերը կկանխվեն, եթե նրանց տանիքի հարցը լուծվի»:
Մանկատան շրջանավարտ Արտակ Սարգսյանն անընդունելի է համարում նաեւ այն, որ Երեւանում մեծացած մանկատան սանին առաջարկում են բնակարան «Մարալիկի մի սարի գլխին»: Ըստ նրա. «Այդ երեխաները ոչ միայն չեն կարող ապրել այդ բնակավայրում, այլեւ զբաղվածության հարցը լուծված չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829