«Էդիտ Պրինտը» հրատարակել է պրոֆեսորներ Ս. Երիցյանի եւ Ա. Ճուղուրյանի հեղինակած «Մասնագիտական կրթության մարտահրավերները. Բոլոնիայից Երեւան» խորագրով ուսումնամեթոդական ձեռնարկը, որտեղ ներկայացվում են բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների առանցքային հարցերը Բոլոնիայի գործընթացի համատեքստում եւ դրանց անմիջական անդրադարձը ՀՀ բուհերում: Այն նախատեսված է բուհերի ուսանողների, պրոֆեսորադասախոսական համակազմի, կրթության ոլորտի վարչական աշխատողների, ինչպես նաեւ ընթերցող լայն շրջանակների համար: Հրատարակման արժեքը հատկապես կարեւորվում է 2015թ. Երեւանում կայանալիք Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի նախաշեմին: Այս տարվա հունվարի 19-ին Կոպենհագենում տեղի ունեցած Բոլոնիային հետամուտ խմբի նիստին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ մեր երկիրը ընտրեցին 2015թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Իրադարձությունների նման ընթացքը նախանշում է Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ իրազեկում, բազմաբնույթ գնահատականների վերլուծություն եւ, առավել եւս, առկա մարտահրավերների ձեւակերպում, որոնք հեղինակային մոտեցումների ինքնատիպ պրիզմայով մեկնաբանվել են պրոֆեսորներ Երիցյանի եւ Ճուղուրյանի ներկայացրած ուսումնամեթոդական ձեռնարկում:
ՆՈՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ


















































