Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուալ հարցազրույց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ

Ապրիլ 04,2012 11:15

– Պրն Մուկուչյան, ինչպե՞ս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  նախապատրաստվում ընտրություններին:

– Նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Ավելին՝ մենք հենց այսօր պատրաստ ենք ոչ միայն ընտրություններ անցկացնել, այլեւ հրապարակել արդյունքները:

– Փաստորեն՝ նախօրեին իսկապես եղել եք նախագահականում եւ վերջնական ճշտումներ արել…

– Ոչ, ոչ: Ուզում եմ ընդգծել, որ քաղաքական ուժերին ընտրելու է ժողովուրդը:

– Իսկ ՀՀԿ-ի՞ն:

– Դե ՀՀԿ-ին էլ ընտրելու է… Ախր ինչո՞ւ եք սեպ խրում  հայության տարբեր հատվածների միջեւ: Հայը հայ է, ի՞նչ տարբերություն՝ ՀՀ քաղաքացի՞ է, թե ոչ:

– Այ տեսնո՞ւմ եք: Իսկ ԿԸՀ նախագահ դառնալուց առաջ հանրությանը հայտնի էիք որպես ազնիվ, պարկեշտ, առաքինի անձնավորություն…

– Ստոր հերյուրանքներ են: Ես միշտ էլ համապատասխանել եմ ՀՀԿ չափանիշներին:

– Լավ: Պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց ՀՀԿ-ն արդեն բացահայտ քարոզչություն է իրականացնում. դա օրենքի խախտում չէ՞:

– Ոչ, դա օրենքի խախտում չէ: ՀՀԿ-ի քարոզչությունը չի կարող քարոզչություն համարվել, որովհետեւ  քարոզարշավը դեռ չի սկսվել:

– Օրենքի խախտումը հենց այն է, որ քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց…

– Ձեր հարցը կոռեկտ չէ:

– Լավ, ո՞րն է ձեր սիրած գրական ստեղծագործությունը:

– Հիմա եթե ասեմ «Գովք հիմարության»՝ պիտի ասեք իշխող կուսակցության օգտին քարոզարշավ եմ անում…

– Ձեր սիրած ֆիլմը:

– «Մեռած հոգիներ»: Շա՛տ ժամանակակից թեմա է:

– Ձեր սիրած նկարիչը:

– Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ, թե ընտրողների ցուցակը ով է կազմել…

– Ձեր սիրած երգը:

– «Վեր կաց գերեզմանից…» կասեի, բայց վախենում եմ ընկալվի որպես ընտրություններին մասնակցելու կոչ:

– Ձեր սիրած ուտելիքը:

– Ես, որպես ԿԸՀ նախագահ, պարտավոր եմ հավասարապես սիրել բոլոր ուտելիքները: Բայց նախընտրում եմ թաթարբորակի:

– Ինչո՞ւ:

– Դե եսի՞մ, ընդդիմությունը մեզ մոնղոլ-թաթար է ասում, ինչ է ասում…

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30