Լրահոս
Օրվա լրահոսը

Ի գիտություն ընդդիմությանը

Ապրիլ 04,2012 13:22

Ու հատկապես այն խմբերին, որոնք փորձում են գլուխ հանել ոստիկանության օրերս հրապարակած ընտրողների ցուցակից

Այսօր Քաղաքագետների միությունում ՀՅԴ, ԲՀԿ, ՀՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները քննարկում են միջկուսակցական շտաբ ձեւավորելու հարցը: Այդ քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կոչ է արել ստորագրել նաեւ մեկ այլ փաստաթուղթ՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ցանկը: Չգիտեմ՝ Վովա Գասպարյանի գլխավորած ոստիկանությունն այդ ցանկը կտրամադրի՞, թե՞ ոչ, բայց ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլեւ կարող է արդյունավետ լինել հնարավոր ընտրակեղծիքները բացահայտելու եւ ՀՀ-ից մշտապես բացակայող ընտրողների փոխարեն քվերակելու հնարավորությունը բացառելու կամ վեր հանելու իմաստով:

Ես ինքս մի քանի օր առաջ մի քիչ փորփրեցի ընտրացուցակներն ու ահա թե ինչ պարզեցի այսօր, երբ փորձեցի ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված ընտրողների ցուցակում գտնել այն շենքի ընտրացուցակը, որտեղ ես եմ գրանցված: Իսկ դա Մալաթիա-Սեբաստիա համայնքի Գուսան Շերամ փողոցի թիվ 51 շենքն է, որը քվեարկելու է թիվ 7/20 ընտրատեղամասում:

Նախ, ընտրողների ցուցակում շատ դժվարությամբ կարողացա գտնել մեր շենքը, որովհետեւ այդ ցուցակում կատարյալ շփոթ է. նույն փողոցի, օրինակ՝ Անդրանիկի, Օգանովի, Շերամի, շենքերն ու տները բաշխվել են ցուցակի տարբեր հատվածներում, ու ահավոր դժվար է գտնել հենց քո տան ու շենքի համարը՝ ստուգելու համար կա՞ս ընտրացուցակում, թե՞ ոչ: Անշուշտ, չեմ բացառում, որ էս խառնաշփոթը որոշակի բացատրություն պետք է ունենա, բայց առաջին եւ սուբյեկտիվ տպավորությունս այն էր, որ որեւէ քաղաքացի այս ցուցակում իրեն գտնելու համար պիտի ամուր, շատ ամուր նյարդեր ունենա, որպեսզի երկար փնտրտուքից չնյարդայնանա ու ֆայլը չփակի այնքան ժամանակ քանի դեռ ցուցակում իր անունը չի գտել: Փորձեցի նյարդերս հանգստացնել ու շարունակել փնտրտուքս: Գտա մեր շենքը՝  Շերամի 51, ու նախ՝ մի խորը շունչ քաշեցի, երբ տեսա, որ, գոնե, իմ բնակարանում «մեռած հոգիներ» չկան, գոնե, առաջին հայացքից չկային նաեւ  հարեւաններիս հասցեներում: Բայց հերթական անգամ հայտնաբերեցի, որ մեր բնակարանում գրանցված Գեղամ Մամիկոնյանը, որն արդեն շատ վաղուցվանից ապրում է արտերկրում, շարունակում է մնալ ընտրացուցակում: Հենց այս մասով էլ ուզում եմ ընդդիմադիր ճամբարի այն ուժերին, որոնք իրենց խմբերով փորձում են առավելագույնս հստակ պատկերացում ունենալ ընտրողների ներկա-բացակայության վերաբերյալ, պատասխանատվությամբ հայտարարել. եթե այդ  անունը գտնեք թիվ 7/20 ընտրատեղամասի  ցուցակում՝ որպես քվեարկություն կատարած ընտրողի, վստահաբար արձանագրեք, որ նրա փոխարեն քվեարկել են այլք: Նույնը կարող եմ ասել նաեւ նույն շենքի 25 բնակարանում, վաղուց արդեն Հայաստանից դուրս բնակվող  եւ ընտրացուցակում գրանցված իմ ընկերների՝ Գոհար  եւ Լիլիթ  Հարությունյանների, նաեւ 12 բնակարանում նշված Արսեն Զաքարյանի ու Գայանե Հարությունյանի  վերաբերյալ:

Օրերս Facebook սոցիալական ցանցում օգտատերերից մեկը՝ Վահե  Սահակյան անուն –ազգանունով, այսպիսի գրառում էր արել՝ «Ես հիմա Հայաստանում չեմ, բայց ստուգեցի, իմ անունը ցուցակի մեջ կա, հետևաբար էդ 2.5 միլիոնի մեջ ես էլ կամ։ Նույնը եւ  կինս ու հայաստանցի ընկերներս՝ էստեղ, ընկերոջս հայրն ու մայրը, որ գրին քարտով եկել են մի 2 ամիս առաջ, ու մեր տանն են ապրում։ Ահա եւ ձեզ 2.5 միլիոն, Ստյոպա ջան։ Արդեն իմ շրջապատում մի 10 կամ ավելի հոգիներ կան, ովքեր մեծ ի մասամբ չեն ուզի ՀՀԿ-ին ձայնները տան, բայց անկախ իրենցից լա՜վ էլ կմասնակցեն քվեարկությանը։ Մնում ա հուսալ, որ տնեցիք չնեղանան, որ եկել քվեարկել ենք, իրանց մի հատ բարեւ էլ չենք տվել :))) Կատակը կատակ, բայց ի՞նչ է պետք անել։ Դժվար թե հնարավոր լինի, որ Հայաստանից գնացած բոլոր քաղաքացիներին համոզենք, որ գիտեք ինչ՝ զանգեք/կապվեք ձեր ընտրատարածքներին, ասեք ձեր անունները հանեն ցուցակներից։ Շատերի հեչ պետքն էլ չի, թե Հայաստանում ով կընտրվի, ով կդառնա պատգամավոր, նախագահ կամ որեւէ այլ պաշտոնյա, որովհետեւ  դրանից զզված են գնացել Հայաստանից… Մյուս կողմից, համոզված չեմ, որ ես զանգեմ, ասեմ Հայաստանում չեմ, ինձ չեն ասի՝ դե մի քառասունհինգ հատ թուղթ բեր քո համալսարանից, քո ընտրատարածքից, քո հորից, մորից, դեկանից, դպրոցիդ տնօրենից, զինկոմիսարիատից, բժշկից և այլն, որ համոզվենք, որ Հայաստանում չես ու քեզ հանենք ցուցակից։ Էդքանից հետո էլ էլի կարող ա մեծ հաջողությամբ չհանեն։ Հետևաբար, ինձ որպես ակտիվ քաղաքացու, որ էս պահին սովորում է արտասահմանում, շատ հետաքրքրում է, թե ինչպե՞ս կարելի է այս հարցն առավել իրատեսականորեն լուծել։ Իմ դեպքի նման դեպքեր/փաստեր, ինչքան ուզեք, կարելի է հավաքել։ Շատ քիչ մարդ կա Հայաստանում որ բարեկամ չունի տարբեր պատճառներով վերջերս Հայաստանից գնացած…»:

Կայքի մեկ այլ օգտարեր էլ՝ Կարեն Հովակիմյանը շատ կոնկրետ փաստեր էր բերել. «Իմ կինն արդեն 7 տարի ա ՌԴ քաղաքացի ա, գրավոր հրաժարվելա ՀՀ քաղաքացիությունից, բայց ԿԸՀ-ի ռեգիստրում կա…ու տենց շատերը…»:  Խոսքը  թիվ 1/27 ընտրատեղամասում՝  Նոր Նորք Բորյան Փ. 4/1 24-ում հաշվառված Վարդուհի Ռոբերտի Հովսեփյանի մասին է՝ ծնված  16.03.1963թ. -ին: Նա այս հասցեում գտնվող բնակարանի  սեփականատերն է,  բայց 2006 թվականին ՌԴ քաղաքացիություն է ստացել, ու դիմել ՀՀ դեսպանատուն՝  իրեն ՀՀ քաղաքացիությունից հանելու համար:

Ես ինքս նման տեղեկատվություն ստացա նաեւ Լեւոն Մարկոսի՝ նույն ինքը՝ Լեւոն Գրիգորի Հովհաննիսյանի՝ ծնված 01.01.1951թ,  մասին, ով վաղուց արդեն ՌԴ քաղաքացի ու Հայաստանում էլ՝ հետախուզման մեջ է գտնվում: Նա ընտրացուցակում գրանցված է  Երեւանի  Էրեբունի Նոր Արեշ 37 Փ. 33 հասցեում, թիվ  13/33 տեղամասում: Թիվ 13/19 տեղամասում էլ  ընտրացուցակում է նաեւ Մուրազյան Վահան Ռաֆիկին՝ 11.02.1962, որի հասցեն է՝  Երեվան Էրեբունի Անդրֆեդերացիայի փ. 169: Նա դեռ 1993 ին  է մեկնել ԱՄՆ,  տունը երկու տարի առաջ վաճառել է վստահված անձի միջոցով:

Համանման տեղեկություն է փոխանցում նաեւ Ռուբեն Վալեսյանը. «Եղբորս տվյալները հայտնաբերեցի ԿԸՀ կայքում՝ ընտրողների ցուցակում. «Վալեսյան Արմեն Լեմվելի 21/11/1964 Երեվան Կենտրոն Պուշկինի Փ. 3 4 10/24»:  Արմենն իր ընտանիքի հետ արդեն 11 տարի բնակվում է Նոր Զելանդիայում, 7 տարի այդ երկրի քաղաքացի է: Համոզված եմ, որ նախագահական ընտրությունների ցուցակում նրա անվան դիմաց կա ստորագրություն»:

Ավելին, իմ մյուս հարազատ- բարեկամների թվում էլ շատ են մարդիկ, որոնց թիվը հաստատ տասնյակից անցնում է, եւ ովքեր արդեն երկար տարիներ Հայաստանում չեն ապրում,  այլ երկրի քաղաքացիներ են, բայց շարունակում են գրանցված մնալ երեւանյան հասցեներում ու ամեն տարի թաղապետարաններից պատշաճ կարգով ընտրություններին մասնակցելու ծանուցագրեր «ստանում», թեեւ ենթադրում եմ, որ ոստիկանությունն իր թաղային լիազորների միջոցով տիրապետում է ՀՀ-ից երկար ժամանակ արդեն բացակայող քաղաքացիների տվյալներին, ու նաեւ հենց այս մարդկանց տվյալներն են, որոնք առավելագույնս օգտագործվում են ընտրությունների ժամանակ՝ որպես պոտենցյալ ընտրողներ, ակամա հավելագրումներ անելով իշխանության եղած կամ չեղած քվեներին:

Այս մեքենայությունների դեմն առնելու միակ տարբերակը, թերեւս մեր՝ ՀՀ քաղաքացի ընտրողներիս ու  նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետեւողականությունն է,  որովհետեւ իշխանությունները մեջբերում են օրենքներ եւ հայտարարում, որ եթե ՀՀ քաղաքացին Հայաստանից դուրս է գտնվում, նրան հաշվառումից հանելու իրավական հիմք իրենք չունեն,  ու ոստիկանությունը չի կարող նրանց հանել ընտրողների ցուցակից՝ դա կլինի ապօրինի  եւ հակասահմանադրական, թեեւ վերը բերված, գոնե, մեկ-երկու օրինակների դեպքում՝ պետք է ենթադրել, որ ոստիկանությունը անգործություն է դրսեւորել ընտրողների ռեգիստրը կարգի բերելու հարցում:

Այսուհանդերձ, ընտրություններից առաջ իրար միս ուտելու փոխարեն, արժե, թերեւս, որ ընդդիմությունը հիմիկվանից սկսի ընտրողների ցուցակների մանրակրկիտ ուսումնասիրությունն ու արձանագրի ոչ միայն ցուցակում  «մեռած հոգիներին», այլեւ արդեն վաղուց ՀՀ սահմաններից դուրս բնակություն հաստատած, ասել է, թե՝ մշտապես կամ ժամանակավորապես հեռացածների տվյալները, դրանք քվեարկության օրը ձեռքի տակ ունենալու եւ ուրիշի փոխարեն քվեարկության հնարավոր դեպքերն ի հայտ բերելու, հետեւաբար նաեւ, գոնե,  կեղծիքի  ծավալի մասին պատկերացում կազմելու համար: Սրան ուղղված քայլերից մեկն էլ կարող է լինել մեր հասարակությանը քաղաքական ուժերի կոչը՝ տեղեկացնել իրենց հարազատների, հարեւանների կամ բարեկամների  ՀՀ սահմաններից դուրս գտնվելու մասին, եթե վստահաբար կարող են ասել, որ նրանք մայիսի 6-ին Հայաստանում չեն լինելու եւ ընտրություններին չեն մասնակցելու:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30