Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ, այդ պատճառո՞վ ծրագրերը տապալվեցին

Ապրիլ 04,2012 18:38

Այսօր Կոնգրես հյուրանոցում, Մոր եւ մանկան առողջության հայկական դաշինքի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, ներկա քաղաքական 6 կուսակցություններից 4-ի` ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր կուսակցությանը վերագրեց անվճար ծննդօգնության համակարգի ներդրումը, բազմազավակությունը խթանելու համար գումարների ավելացումը, թոշակների ու նպաստների բարձրացումը: Նկատենք, որ դաշինքը կուսակցություններին հրավիրել էր խոսելու ոչ թե արածներից, այլ` չարածներից եւ թե այս նախընտրական ծրագրերում կուսակցությունները ինչ են նախատեսում մոր եւ մանկան առողջության պահպանման համար:

Aravot.am-ը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե նախորդ խորհրդարանում Դաշնակցությունն ի՞նչ պետք է աներ մասնավորապես` մոր եւ մանկան առողջությունը պահպանելու համար, բայց չարեց: Պարոն Մինասյանը չարածները պատճառաբանեց կոալիցիայից դուրս գալու հանգամանքով.

«Նախորդ ընտրություններում ՀՅԴ-ն իր առաջարկների մի զգալի հատված ներառեց ընտրություններից հետո ձեւավորված կոալիցիայի առաջնահերթությունների մեջ, բայց ցավոք այս ընթացքում կոալիցիան ոչ միայն չկարողացավ այս առաջնահերթությունները կյանքի կոչել, այլեւ դրանց 80-90 %-ը պարզապես որեւէ ձեւով չիրականացավ: Մենք նախորդ ծրագրում ունեինք մոր եւ մանկան առողջության հետ կապված հստակ դրույթ, հատկապես` ժողովրդագրական քաղաքականության տեսանկյունից, որով առաջարկում էինք հստակ խրախուսման համակարգ, այն է` 2-րդ, 3-րդ եւ հաջորդ երեխայի ծննդի հետ կապված պետք է օժանդակություն լիներ 1 ու կես միլիոն դրամից ոչ պակաս գումար: Բնական է, որ մեր առաջարկը այդպես էլ կյանքի չի կոչվել, որովհետեւ չունենալով իշխանություն եւ հադես գալով ընդդիմություն, մենք չէինք կարող դա լիարժեք կյանքի կոչել:

Սակայն անվճար ծննդօգնության համակարգը դրվեց դաշնակցության նախարար եղած ժամանակ: Հիմա տարբեր ուժեր իրենց են վերագրում թող վերագրեն»:

Ի պատասխան կոալիցիոն նախկին գործընկերոջ` Արծվիկ Մինասյանի հայտարարության, թե ՀՀԿ-ն կոալիցիայի մեջ մնալով էլ իր նախընտրական խոստումների մեծ մասը չի կատարել, Հանրապետական Արա Բաբլոյանը, որը ներկայումս զբաղեցնում է ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, մեզ հետ զրույցում ասաց. «Պարոն Մինասյանը սխալ է ասում: ՀՀԿ-ն իր բոլոր ծրագրերում մեծ ուշադրություն է դարձնում բնակչության առողջությանը: Այսօր մոր եւ մանկան առողջությունը պահպանելու համար մեծ ներդրումներ կան, գալիք ծրագրերում էլ այս խնդիրը կլինի ուշադրության կենտրոնում, անցյալ 5 տարիների ընթացքում, եթե առողջապահության բյուջեի աճը կազմել է 40 %, ապա մայրության եւ մանկության առողջությանն ուղղված գումարները ավելի քան 200 % է եղել աճը: ՀՀԿ-ն ինչ որ ներառել էր իր ծրագրում, կատարել է»:

ՕԵԿ ներկայացուցիչ Արթուր Միսակյանն էլ իրենց նախորդ նախընտրական ծրագրով ամրագրած առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման մասին խոստումը , որն այդպես էլ իրականություն չդարձավ, պատճառաբանեց երկրի սոցիալ-տնտեսական վիճակով: Այդ դրույթը ՕԵԿ-ը տեղափոխել է այս ծրագիր:
Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Թամար Պողոսյանը անվճար ծննդօգնության եւ մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար դարձնելու դրական քայլը համարեց ԲՀԿ-ի ձեռքբերումներից, քանի որ իրենց կուսակցության նախարարի օրոք են դրանք կյանքի կոչվել: Չարածներից տիկին Պողոսյանն ընդհանրապես չխոսեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30