Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի, ֆինանսների նախարարները իտալական խոհանոց շա՜տ են սիրում

Հունիս 06,2012 13:15 Share

Նրանք իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հրավերով համտեսեցին իտալական ճաշատեսակներ

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պարզվեց, եւս իտալական խոհանոցի սիրահար է:

Դեսպան Բրունո Սկապինին (մեջտեղում) իտալական խոհանոցի համտեսը տոնի վերածեց:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ իտալական խոհանոցում:

Մասնագետների բնորոշմամբ՝ իտալական խոհանոցին նախապատվություն տվող մարդկանց մոտ 33%-ով նվազում է մահացությունը, 24%-ով էլ ուռուցքային գոյացությունների վտանգը։ Սա բժիշկ-դիետոլոգները բացատրում են իտալական խոհանոցի բաղկացուցիչ մաս կազմող մարսողական խմիչքներով: Արդեն երրորդ տարին է՝ Երեւանում անցկացվում է իտալական խոհանոցի շաբաթ, որի ընթացքում մայրաքաղաքում գործող տասնյակ ռեստորաններ իրենց կերակրացանկում ներառում են Իտալիայի որեւէ երկրամասին հատուկ կերակրատեսակներ: Այս տարի այն կանցկացվի հունիսի 4-ից 10-ը: Իտալական ուտեստին նվիրված փառատոնի նախաձեռնողը Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին է: Նախօրեին պարոն Սկապինիի հրավերով «Կոնգրես» հյուրանոցի ամառային այգում իտալական ուտեստներ համտեսելու էին եկել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Դեսպանի ներկայացմամբ՝ իր այս նախաձեռնության նպատակն է «համախմբել իտալական խոհանոց սիրող մարդկանց»:

Համտեսի համար իտալական պանիրներից, ապուխտից, գինիներից, բանջարեղենից, ծովամթերքից, տավարի, խոզի եւ թռչնի մսից սկսած՝ մինչեւ հատապտուղներ ու պաղպաղակ բերված էին Իտալիայից: Կերակուրները նույնպես իտալացի խոհարարի ձեռքով էին պատրաստված:

Երեկոյան գալա ընթրիքին մասնակցում էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ տիկնոջ հետ, «Արմավիայի» սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը եւ այլք:

Իտալիայում ճանաչված խոհարար Էդուարդո Բավիելոն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ իրենց շատ կերակուրներում օգտագործվում է քերած պարմեզան պանիրը, որը հասունանում է նկուղներում մոտ 2 տարի, ինչի արդյունքում դառնում է չոր եւ փխրուն: Իտալացիները նաեւ տարատեսակ բանջարեղենների ու համեմունքների սիրահար են: Իսկ գինին, խոհարարի խոսքերով, Իտալիայում համարվում է ազգային խմիչք. այն անպակաս է իտալացիների սեղանից եւ մշտապես մատուցվում է տարբեր ճաշատեսակների հետ:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930