Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարը ժամանակ դրեց գյուղապետերի վրա

Հունիս 06,2012 22:52

Այսօր տարածքային կառավարման փոխնախարար  Վաչե Տերտերյանը եկել էր Շիրակի մարզ` գյուղապետերին կիսաընկերական  ձեւով  նախազգուշացնելու, որ   նրանք  սկսեն ինտենսիվորեն հավաքագրել սեփական  եկամուտները: Վաչե Տերտերյանը մասնավորապես ընդգծեց, որ վիճակը շատ մտահոգիչ է  վերջին հինգ ամսվա կտրվածքով: «Կան համայնքներ, որտեղ զրոյական ցուցանիշ է գրանցվել, ինչպե՞ս են ռոճիկ ստացել այդ համայնքի  ղեկավարն ու ավագանին,ինչո՞ւ են դոտացիայից աշխատավարձ հատկացրել. հազար ու մի բացատրություն կարելի է տալ, կարող են ասել՝ գարնանացան ենք արել, ընտրություններ ենք անցկացրել, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Ես որպես խնդրանք եմ ձեզ առաջադրում, մենք մի թիմ ենք, հիմա ափսոս է ձեր կատարած աշխատանքը ջուրը  լցնեք»,- ասաց փոխնախարարը: Նա տեղեկացրեց, որ համայնքների մեծ մասում սեփական եկամուտների հավաքագրումը 90 տոկոսից իջել է 10, 20, 30 տոկոսի, իսկ ընդհանուր առմամբ՝ Շիրակի մարզում 79,1 տոկոսից իջել է 53,3 տոկոսի: «Ես ձեզանից մեկն եմ ու գիտեմ, որ կախարդական փայտիկով հենց այսօր եկամուտ ապահովելը հնարավոր չէ, բայց այսօրվանից ինտենսիվ պիտի աշխատենք, մենք մարզերում ուզում ենք նորից 10 միլիարդանոց ծրագիր անել, ամսի 15-ին շարժ պիտի լինի»,- գյուղապետերին հստակ ժամանակ տվեց պարոն Տերտերյանը: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ   օրենսդրական նոր փաթեթ է մշակվում, որը անպարտաճանաչ հարկատուների նկատմամբ խստացնելու է վարչական պատիժը: «Դուք կպարտավորվեք վարչական ակտ գրել, որպեսզի հետո կարողանաք տելեւիզորը ձեռքից վերցնել, բայց եթե  գյուղի 90 տոկոսը դատարաններում հայտնվի  ու գնան նրանց ձեռքերից տելեւիզորները վերցնելու, ուրեմն  դու էդ գյուղի գյուղապետը չես»,- ակնարկեց  փոխնախարարը:

Նրա  աչքից ու ականջից հեռու՝ գյուղապետերը մեզ հետ զրույցում համայնքային բյուջեն չհավաքագրելու համար մեղադրում էին հենց կառավարությանը ` ընտրությունների նախաշեմին հողահարկն ու գույքահարկը զիջելու ու այսպիսով բյուջեի գլխին փորձանք բերելու համար: Գյուղապետերի պարզաբանումներին կանդրադառնանք  տպագիր «Առավոտի» առաջիկա համարներում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930