Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Վիոլետա Գաբրիելյան. Ցուցահանդեսի բազմությունը մեր գամփռի կողքին էր ֆռֆռում (Տեսանյութ)

Հունիս 07,2012 16:45 Share

«Տեսակետ» մամուլի ակումբի այսօրվա  հյուրերն էին Հայաստանի Կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը, նրա տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ովքեր ներկայացրեցին Թիֆլիսում կայացած միջազգային բոլոր ցեղատեսակի շների ցուցահանդեսը եւ Հայաստանը ներկայացնող շների մրցանակները:

Ասուլիսին մասնակցում էին նաեւ հաղթանակած շները՝ հայկական գելխեղդը կամ գամփռը,  եւ անգլիական «բիգլ» ցեղատեսակի երկու շուն: Գամփռը աշխատող շների  միջեւ մրցությունում  նվաճել  է երկրորդ տեղը, իսկ «բիգլները» մտել են որսորդական շների լավագույն  հնգյակի մեջ:  Բացի գամփռից եւ «բիգլներից», Վրաստան էին  տարվել  կանարյան «դոգեր» եւ չինական «շիտցու», որին   տրամադրել էր  հայաստանաբնակ լատվիացի:

Առհասարակ, ցուցահանդեսին մասնակցում էին 160 շուն՝ 5 երկրներից: Վիոլետա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջադրված 6 շունն էլ մրցանակներ են նվաճել. «Վրացիներն առաջին անգամ էին տեսնում «շիտցու»: Իսկ ինչ վերաբերում է գամփռի նվաճած երկրորդ մրցանակին, ապա դա հասկանալի էր, քանի որ օտար երկրում էինք գտնվում: Առաջին մրցանակը վրացական «ռիջ բեկ» ցեղատեսակը նվաճեց, որի մեջքի մազերը հակառակ ուղղությամբ են աճում: Այնուամենայնիվ, ցուցահանդեսի ողջ բազմությունը մեր գամփռի կողքին էր ֆռֆռում, բոլորը ոգեւորված էին»:

Անգլիական «բիգլների» տերը՝ Միքայել Դավթյանը նշեց, որ մրցության ընթացքում շներն իրար հակառակորդ դարձան. «Դատավորները երկուսին էլ մտցրեցին որսորդական շների  լավագույն  հնգյակի մեջ, որովհետեւ, իրենց խոսքով, երկու «բիգլներն» էլ լավն էին»:

Գայանե Գաբրիելյանը նշեց, որ գամփռն ազգային բրենդ է եւ  ի վերուստ  տրված արժեք. «Ճիշտ է, 2010թ-ի ցուցահանդեսին այն  դեռեւս միջազգայնորեն ընդունված չէր, բայց այն ազգային արժեք է: Մենք զբաղվում ենք ոչ միայն հայկական գամփռի, այլեւ այլ ցեղատեսակների բազմացմամբ»:

Վանաձորից եկած գամփռի՝ Թոբուշի տերը՝ Վահան Մխիթարյանը նշեց, որ շունը 3 տարեկան է, համբերատար եւ խելացի. «Հավասարակշռված է, միանգամից չի վստահում, չի սիրում, երբ իրեն ճնշում են, բայց միանգամայն հասկանում է տիրոջ ասածը: Նրա պապը նույնպես ճանաչված շուն է եղել, իսկ եղբայրը վերջերս վնասվածք ստացավ գայլերի հետ բախումից»: Մխիթարյանը հավելեց, որ Թոբուշի  քույրը՝ Ազնարը, վերջերս ձագուկներ է ունեցել. «Ոչ մեկին չենք վաճառել, քանի որ «Մխիթարյան» բուծարանում հետամուտ ենք հայկական գամփռների ճիշտ խաչասերման կազմակերպմանը»:

Մ. Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի Կինոլոգիական միություն էին զանգահարել Մոլդովայից եւ հետաքրքրվել ձագերով. «Նկարները տեսել էին եւ չէին հավատացել, որ դրանք ընդամենը 6 ամսական են: Ասում էին՝ это же лошадь»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930