Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները եռագույնը ծածանեցին Մատենադարանից մինչ Հանրապետության հրապարակ (տեսանյութ)

Հունիս 16,2012 00:12

ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթը մեկնարկեց Մատենադարանից ` միասնական աղոթքով: Քայլերթին մասնակցում էին ուսանողական միություններ ու հասարակական կառույցներ մայրաքաղաքից եւ մարզերից:

«Երիտասարդության կամք» հ/կ նախագահ Աննա Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը երկրորդ անգամ է մասնակցում քայլերթին. «Այն եռագույնը, որ առաջինը բարձրացրեց Մովսես Գորգիսյանը, ասելով` «կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», այսօր երիտասարդն է կրում: Համոզված եմ, որ «վաղվա» Հայաստանը եկել է, ինչի ապացույցն է երթին մասնակից  բազմաքանակ երիտասարդությունը»:

Ողջունելով նախաձեռնությունը` Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ հաշմանդամները յուրաքանչյուր տարի սիրով են մասնակցում միջոցառմանը. «Նրանք հպարտությամբ են կրում եռագույն շապիկները: Սա տոն է բոլորիս համար: Մենք պետք է սովորենք հարգել եւ գնահատել հանրապետության խորհրդանշանները»:

Քայլերթին մասնակցում էր նաեւ «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը» (ՀԵՀԵԿ): Վերջինիս հոգեւոր պատասխանատու տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը նշեց, որ 20 տարի առաջ վերածնված խորհրդանշաններով արտահայտվում է հայերի  ազատատենչ ոգին. «Ազատությունը, որի  մարմնավորումն են մեր խորհրդանշանները, հատուկ է հայ ժողովրդին, առհասարակ` այն Աստծուց մարդկությանը տրված շնորհ է եւ առանց դրա չկա պետություն»:

ՀԵՀԵԿ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Մկրտչյանն ասաց, որ ՀՀ 20-ամյա անկախությունը հայ երիտասարդներրը յուրովի են արժեվորում եւ գնահատում. «Արժեւորման ճանապարհին պետական խորհրդանշանները կարեւոր գործոն են, որոնց շնորհիվ մենք համախմբվում ենք եւ ճանաչելի դառնում աշխարհին»:

Քայլերթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին Հանրապետության Հրապարակ եւ մասնակցեցին տոնական համերգային ծրագրին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930